Դեկտեմբերի 8-ին աշխատանքային այցով ԱՄՆ-ում գտնվող Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարար Կարեն Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ամերիկայի հայկական համագումարի և ԱՄՆ Հայ Դատի հանձնախմբի ներկայացուցիչների հետ։
Հանդիպումների ընթացքում քննարկվել են ԼՂՀ-ԱՄՆ համագործակցության հետագա զարգացման և ընդարձակման, ԱՄՆ-ի կողմից Արցախին տրամադրվող օգնության, ինչպես նաև շփման գծում Ադրբեջանի կողմից ձեռնարկվող խախտումների և սադրանքների աճի հետ կապված հարցեր: ԼՂՀ արտաքին գործերի նախարարը գոհունակություն է հայտնել ԱՄՆ հայկական կազմակերպությունների հետ առկա համագործակցության բարձր մակարդակի կապակցությամբ, ինչպես նաև կարևորել նրանց գործունեությունը՝ ուղղված ԱՄՆ-ում Արցախի շահերի պաշտպանությանը:

Նույն օրն արտաքին գործերի նախարարը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են բանակցային գործընթացում առկա իրավիճակին առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես, երկուստեք ընդգծվել է հրադադարի խախտումները բացառելու և շփման գծում լարվածության նվազեցմանն ուղղված քայլեր ձեռնարկելու անհրաժեշտությունը:
Կարդացեք նաև
Հանդիպումներին ԼՂՀ ԱԳՆ ղեկավարին ուղեկցել է ԱՄՆ-ում և Կանադայում ԼՂՀ մշտական ներկայացուցիչ Ռոբերտ Ավետիսյանը:
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՏԱՔԻՆ ԳՈՐԾԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ


















































