Տավուշի մարզի սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Ոսկևան գյուղերի շուրջ 250 նամակագիր երեխաներ ստացան այն նվերները, որոնք խնդրել էին Ձմեռ պապին ուղղված իրենց նամակներում: Դեկտեմբերի 27-ին և 28-ին «Բարի Ձմեռ պապ» բարեգործական ծրագրի շրջանակներում կազմակերպվել է Ձմեռ պապի այցելություն նշված գյուղեր:


Տարիներ շարունակ ծրագրին մեծ աջակցություն է ցուցաբերում «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ն, որն այս տարի շուրջ 500 երեխաների համար նախապատրաստել էր հրաշալի գնդակներ և պայուսակներ:
Նամակագիրների համար անսպասելի և աննախադեպ նվերներ էր պատրաստել Ռոստելեկոմը, որի միջոցով 8 նամակագիրներ ստացան իրական բարձրորակ պլանշետներ:
Կարդացեք նաև

Ծրագրին աջակցել են նաև հարյուրավոր անհատ բարեգործներ Հայաստանից և Սփյուռքից, որոնք մեկ կամ մի քանի նվերներ էին պատրաստել նամակագիրների համար՝ իրենց ողջ սերն ու հոգատարությունը ներդնելով յուրաքանչյուր նվերում:
Ծրագրին 50 հազար ՀՀ դրամի չափով աջակցություն է ցուցաբերվել «Արցախբանկ» ՓԲԸ կողմից, իսկ մնացած ֆինանսական ծախսերը կատարվել են Ծրագրի կազմակերպիչների անձնական միջոցներով:
Բոլոր նվիրատուները հնարավորություն ունեն www.santaclaus.am կայքում ստեղծված նվիրատուների էջերում տեսնել նվիրատվության պահին կատարված լուսանկարները, դրանցում նաեւ իրենց երազած նվերները ստացող փոքրիկների՝ երախտագիտությամբ ու հրճվանքով լի հայացքները: Ուրախալի է կատարել փոքրիկների երազանքները, բայց խիստ ցավալի է նկատել, թե ինչ են երազում սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս և Ոսկևան գյուղերում բնակվող մեր երեխաները` ամենաանհրաժեշտը` տաք հագուստ, կոշիկ, համակարգիչներ ու գրքեր:
«Սա նվիրատվություն չէր զուտ ձևի համար, այլ այնպիսի միջոցառում, որի շրջանակներում իրականացան բազմաթիվ երեխաների երազանքներ և, համոզված ենք, շատերի մոտ մնացին անջնջելի տպավորություններ»,-ասում է «Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման ՀԿ նախագահ Մակար Եղիազարյանը:
«Լինելով նամակագիրների և նվիրատուների միջև կամուրջ` մենք նամակագիր փոքրիկների երախտագիտությունն ենք փոխանցում բոլոր այն բարի մարդկանց, ովքեր չեն զլանում մի պահ մտածել ու հոգալ այն փոքրիկների մասին, որոնց համար ուշադրությունն ու ջերմությունն ունեն առանձնահատուկ նշանակություն: Չէ որ նրանք հրավառությունների փոխարեն լսում են միայն իրական կրակոցների ձայներ, և նույնիսկ նվիրատվությունն իրականացնելու պահին նրանց ուղղությամբ կրակում էին: Շնորհակալություն եմ հայտնում բոլոր մեր ընկերներին ու աջակիցներին, ովքեր նախատոնական ծանր օրերին, թողած իրենց առօրյա հոգսերը, անձնվիրաբար աշխատում են ծրագրի համար»:
Հ.Գ. Ծրագրի 7 տարվա պատմության ընթացքում նվիրատվություն է կատարվել Վայոց ձորի, Սյունիքի եւ Տավուշի մարզերի շուրջ 17 հազար երեխաների համար: Ծրագրի մեխանիզմը հետևյալն է` տարվա ընթացքում երեխաներից հավաքվում են նամակներ,որոնք տեղադրվում են ծրագրի կայքում` www.santaclaus.am: Նվիրատուները կարող են իրենք ընտրել կոնկրետ նամակ և նվիրատվություն կատարել իրենց նախընտրած նամակագրին: Այսպիսով՝ յուրահատուկ կապ է ստեղծվում նամակագիրների եւ նվիրատուների միջև:
Ծրագրի մանրամասներին կարող եք տեղեկանալ www.santaclaus.am կայքում կամ զանգահարել 094 88 94 88 հեռախոսահամարով:
«Համաչափ Զարգացում» Համայնքային զարգացման ՀԿ
Նախագահ` Մակար Եղիազարյան


















































