Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Գրանցվել է 300 դեպք՝ ուղղված երեխայի սեռական անձեռնմխելիության դեմ (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 13:47

«Հույս եւ Օգնություն» հասարակական կազմակերպությունը՝ «Հայաստանում մարդկանց թրաֆիքինգի եւ երեխաների շահագործման դեմ պայքարի կարողությունների հզորացում» ծրագրի շրջանակներում հրատարակել է «Երեխաների սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները» ձեռնարկը: Քննիչների համար նախատեսված գրքույկի հեղինակներն են Արթուր Ղամբարյանը եւ Դավիթ Թումասյանը:

Փետրվարի 2-ին «Դաբլթրի-բայ-Հիլթն» հյուրանոցում կայացավ «Երեխաների սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված հանցագործություններն ու դրանց վարույթի առանձնահատկությունները» ձեռնարկի շնորհանդեսը:

«Հույս եւ Օգնություն» հ/կ-ի ղեկավար Ենոք Շատվորյանը ներկայացնելով ձեռնարկը մի շարք օրինակներ բերեց: Անդրադառնալով տուժած երեխաներին, նա նշեց, որ, օրինակ, անցյալ տարի Քննչական կոմիտեում ներկայացվել էր մի հետազոտություն, ըստ որի հայտնաբերվել էին թերություններ երեխաների հետ աշխատող քննիչների աշխատանքում, եւ կոմիտեի նախագահը հանձնարարական էր տվել՝ երեխաների հետ աշխատող քննիչներին կրթելու վերաբերյալ: Նրա խոսքով, կա նախագիծ, որ երեխաների համար քննության հատուկ սենյակներ լինեն, որպեսզի երեխան ավելորդ անգամ չտուժի ու չկաշկանդվի այդ հարցաքննության ժամանակ: Անդրադարձ եղավ նաեւ մի դեպքի, երբ մարզերից մեկում 12 տարեկան երեխայի նկատմամբ իրականացվել էր սեռական բռնություն, ընդ որում՝ դատավարություն էր եղել, եւ ամբաստանյալն արդարացվել է դատարանի դահլիճում, եւ դատավճիռը բողոքարկվել է: «Ծանոթանալով 17 էջանոց դատավճռին, տեսա, որ մեծ մասը օրենսդրության վերլուծություններ են, որի հիմքով ամբաստանյալն արդարացվել է: Այս էլ որերորդ դեպքն է, որ տեղի է ունենում նման բան երեխայի նկատմամբ, եւ մայրը, որը գուցե նպաստել է դրան, կամ նրա աչքի առաջ է այդ ամենը կատարվել, հանդիսանում է երեխայի օրինական ներկայացուցիչը: Գուցե հետագա օրենսդրական զարգացումների արդյունքում պետության կողմից փաստաբան նշանակվի, որը դատարանում պաշտպանի տուժող երեխայի շահերը»,-հույս հայտնեց Շատվորյանը:

trafiqing1

ՀՀ քննչական կոմիտեի քրեական գործերի քննության աջակցության վարչության ՀԿԳ ավագ քննիչ, իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանը փաստեց, որ կան ոլորտներ, որտեղ երեխաներն ունեն հատուկ պաշտպանության կարիք: Նրա ձեւակերպմամբ, պետք է երեխայակենտրոն վերաբերմունք դրսեւորել ամբաստանյալ, կասկածյալ, վկա երեխաների հանդեպ, քանի որ նրանք հետագայում ինտեգրացիայի հետ կապված խնդիրներ են ունենում:

Նա նշեց, որ ձեռնարկում ներկայացվել է 19 եզրահանգում եւ պրակտիկ առաջարկներ՝ ուղղված քննիչներին, մանկավարժներին, սոցմանկավարժներին:

Կարեւորեց հատկապես այն, որ երեխաների հարցաքննությունները չպետք է երկարատեւ լինեն, հաշվի առնելով այն, որ երեխայի դասապրոցեսը չի գերազանցում 40 րոպեն:

Հավելենք, որ ձեռնարկի հեղինակները փաստել են, որ բռնաբարությունների բարձր լատենտայինությունը բնորոշ է ոչ միայն Հայաստանին: Այն ի թիվս այլ երկրների, հատուկ է ԱՄՆ-ին, Ռուսաստանին ու Գերմանիային: Համաձայն ՀՀ ոստիկանության տեղեկատվական կենտրոնի, 2004-2014 թթ Հայաստանում գրանցվել է երեխայի սեռական անձեռնմխելիության եւ սեռական ազատության դեմ ուղղված 300 դեպք: Վիճակագրության համաձայն, Հայաստանում արձանագրվել են դեպքեր, երբ անչափահասն է իրականացնում սեռական հանցագործություն, մեկ այլ անչափահասի նկատմամբ, ինչը, ըստ ձեռնարկի հեղինակների, եւս հատուկ ուշադրության կարիք ունի:

 Մանրամասները՝  տեսանյութերում

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29