Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեսե՞լ եք ԵՊՀ ռեկտորի՝ Սիմոնյանի խեղճացած վիճակը». Արամ Մանուկյանը՝ Աշոտյանին (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 14:06

Այսօր ԱԺ-ում ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը ներկայացրեց «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» ՀՀ օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին նախագիծը, որն արդեն երկրորդ ընթերցմամբ է քննարկվում: Նախագծի նպատակն էր հստակեցնել երկրում գործող նպատակային ընդունելության մեխանիզմները՝ ըստ այն աշխարհագրական գերակայությունների, որտեղ կադրերի, մասնագետների կարիք կա: Նախագծով պարտավորեցնելու են պետությանը խաբող եւ անվճար սովորած ուսանողներին, եթե չեն գնում այն գյուղը, մարզը, որտեղ իր կարիքը կա, պետությանը կրկնակի վճարել ուսման վարձը:

Նախագծի քննարկման ժամանակ իր ելույթում ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն ասաց, որ կրթական համակարգը հիվանդ է, քաղաքականացված է, օգտագործվում է իշխանությունների կողմից՝ իր խնդիրները լուծելու համար: Նա նշեց, որ դեկտեմբերի 6-ին Սահմանադրական հանրաքվեի ժամանակ էլ դպրոցները, ուսուցիչները լծված էին ընտրությունները կեղծելու գործին՝ իրենց առաքելությունը թողած. «Բազմաթիվ կեղծիքներին մասնակցել են նաեւ ուսուցիչներ: Իշխանությունը իրավունք չունի ուսուցչին ներգրավել խուժանի հետ հավասար՝ ընտրատեղամասում դեբոշներ, այլանդակություններ կատարելու գործին: Սա արձանագրված է միջազգային բազմաթիվ ինստիտուտների՝ Բաց հասարակության ինստիտուտի տարբեր զեկույցներում: ՀՀ-ում ուսուցիչը ընկալվում է որպես վախեցող մարդ, որը կատարում է քաղաքական պատվեր: Կուսակցականացված լինելու հանգամանքն արձանագրված է բոլոր միջազգային կառույցներում, նաեւ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցներում»:

Նա հայտարարեց, որ բուհում դաստիարակվում է նաեւ վախեցած քաղաքացի՝ վաճառելով մեր ապագան. «Տեսե՞լ եք համալսարանի ռեկտորի՝ Սիմոնյանի խեղճացած վիճակը, մեր ռեկտորները բոլորը վախեցած են: ՀՀ-ում կրթական համակարգն ամորձատված է, որովհետեւ քաղաքական ճնշումների ազդեցության տակ է գտնվում: Դուք ստեղծում եք վախեցած ուսուցիչ, վախեցած աշակերտ, որը նաեւ թշնամու նկատմամբ է այդ վախն ունենալու»:

Նա առաջարկեց՝ ուսուցիչներին եկեք դասենք այն դատավորների, դատախազների շարքի մեջ, որոնք չպետք է ընդգրկվեն տեղամասային հանձնաժողովներում. «Հանձնաժողովի անդամ իրավունք չունի լինել ուսուցիչը, որը կուսակցական քարոզ է անում, ծնողներին գնում խնդրում, աղաչում, համոզում է, որ իր խաթր ընտրեն ՀՀԿ-ի օգտին:

Մեր խեղճ, կոմպլեքսավորված քաղաքացին հարստություն չէ:

Մի փոքր գոնե խիղճ ունեք, ամբողջ բուհերը գրավել եք ծայրից ծայր»:

Նա կոչ արեց՝ մարդկանց ձեր սեփական շահերի համար օգտագործելու «այլանդակությունը» գոնե մի քիչ թեթեւացնել:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ արձագանքեց նրան. «Իհարկե, կարելի է մեղադրել նաեւ ուսուցիչներին կոռուպցիայի համար, որովհետեւ չեն հակադարձում: Ոչ թե վախենում են՝ իրենց թույլ չեն տալիս: Մի պահ էլ կգա՝ բժիշկներին կասեք չմասնակցեն, հետո՝ իրավաբանները, Ընտրական օրենսգրքում կգրեն հետեւյալը՝ ՀԱԿ-ին ով ձայն չի տալիս՝ ընտրությանը մասնակցելու իրավունք չունի: Էս ի՞նչ է, էդքան ասում եմ՝ լավ, մի բան էլ էս նախագծից կարելի էր ասել: Պարոն Փաշինյանն իբրեւ թե հանելուկային բան ասեց, երբ ասեցի՝ չի կարելի այս ամբիոնը քաղաքականացնել: Հնարք է գտել, իբրեւ թե ես ԱԺ-ն դիտարկում եմ ոչ քաղաքական ամբիոն: Ես ա՛յ սրա հետ էի: Այս ամբիոնը միտինգային ամբիոն երբեք չի կարող լինել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29