Լրահոս
Օրվա լրահոսը

Կամո Արեյանն ու Ուրիխանյանը վիճեցին. «Հեռուստատեսությամբ ասել են՝ մեղր չի կաթալու, ձյուն է գալու» (Տեսանյութ)

Փետրվար 02,2016 16:26

Այսօր ԱԺ-ում Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը ներկայացրեց «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագիր-Ծրագիր 2»-ը ֆինանսավորելու համար վարկային համաձայնագիրը, որով նախատեսվում է 112 մլն դոլար վարկ վերցնել Ասիական զարգացման բանկից:

ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը Կամո Արեյանին հարցրեց՝ դուք տեղյա՞կ եք, որ հիմա ձյուն է գալիս՝ շատ անսպասելիորեն. «Ձյունը կուտակվում է մայթերում, փողոցներում, մարդիկ վնասվածքներ են ստանում, առաջանում են վթարային իրավիճակներ, պրոբլեմներ: Եթե տեղյակ եք, ի՞նչ միջոցներ եք ձեռնարկում: Հայտարարվեց, որ քաղաքապետը արձակուրդից գալով զարմացել է, զայրացել է, տեղում չի եղել, դուք աշխատանքի գալի՞ս էիք այդ օրերին: Քաղաքապետը հանդիմանում էր Սանիտեկին, որը թաղել էր քաղաքը աղբի մեջ, ես չգիտեմ՝ հրաժարականներ կամ աշխատանքից ազատում եղա՞վ: Ես պատգամավորական գործառույթներս թողած՝ իրականացնում եմ հսկողական կոմունալ ծառայության գործառույթները՝ խոսում եմ Ագանթագեղոսի 7 հասցեի շենքի մասին, որն առաջարկում եմ երեսպատել՝ չի արվում, խոսում եմ կոմունալ ծառայություների, ծխատարների մաքրման մասին: Ո՞ւր են գնում փողերը, որ կոնյակների վրա եք ծախսում, համերգների վրա եք ծախսում՝ ոչ ոքի ոչինչ չտվող, ինչո՞ւ եք վարկ վերցնում»:

Կամո Արեյանը հայտարարեց, որ կփորձի մեծահոգի լինել Ուրիխանյանի հանդեպ. «Այո, տեղյակ ենք, որ ձյուն է գալիս: Բնական երեւույթ է՝ ձմեռը ձյուն է գալիս: Հեռուստատեսությամբ ասել են՝ մեղր չի կաթալու, ձյուն է գալու: Քաղաքապետարանը պատրաստ է իր գործառույթն անելու: Որեւէ մեկի հրաժարականի կարիքը չկա, բոլորն արել են իրենց գործողությունները հստակ եւ անելու են: Քաղաքապետը արձակուրդում չի եղել, տեղում  է եղել եւ բոլորիս հետ միասին վերահսկել է աշխատանքը: Կարիք չկա դուք մտահոգվեք կոմունալ վարչության պետի գործառույթներով: Մենք ունենք կոմունալ վարչության պետ, իր գործն անում է: Խորհուրդ կտամ հարգարժան երիտասարդ իմ բարեկամ, լիարժեք օգտագործեք ձեր պատգամավորական մանդատը այս օրենսդիր մարմնի դահլիճում: Պետք չի ինձ խորհուրդ տալ»:

Տիգրան Ուրիխանյանն էլ հակադարձեց. «Նախ ես ձեզ խորհուրդ չեմ տվել, երկրորդ՝ դուք ինձ մի խորհուրդ տվեք, մի՛ մատնանշեք այստեղ տարիքային առանձնահատկություններ ու պահպանեք կոռեկտություն իմ նկատմամբ: Եթե նկատեցիք, ես ոչ իմ անձնական բնակարանի, ոչ առանձնատան, ոչ հաճույքներիս, ոչ ընտանիքիս ու բարեկամիս վերաբերող հարց ձեզ չտվեցի: Երեւանցիներին վերաբերող հարց է: Հա. մեղր չի գալիս, ձյուն է գալիս, ինձ խորհուրդ չտաք եւ չփորձեք հանդիմանել: Ես երեւանցիներին հուզող հարցեր տվեցի»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29