«Ուսուցիչը ինչքա՞ն աշխատավարձ է ստանում, որ համաձայնել է 600 հազար տուգանքի»,- Aravot.am-ի լրագրողի հետ զրույցում ասաց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը:
Ըստ նրա` դա նշանակում է, որ նա երաշխիքներ ունի այդ գումարը վճարելու. «Իր աշխատավարձո՞վ է վճարելու, թե՞ պարտք է վերցնելու, կամ վարկ, ովքե՞ր են այդ երաշխավորները, որ ասել են` խիղճդ հանգիստ համաձայնվի` մենք այդ 600 հազարը կփոխհատուցենք: Պետք է նախաքննության մարմիններն այդ հարցերին պատշաճ կերպով հետեւեին»,-նշեց պարոն Սաքունցը` ավելացնելով, որ ինքը հիմնավոր կասկած ունի պնդելու, որ երաշխիք տվողները հենց միաժամանակ հանդիսանալու են այդ դրամական տուգանքը վճարելու երաշխավորները:
Այսօր Նոր- Նորք վարչական շրջանի առաջին ատյանի դատարանը ընտրակեղծարարության մեջ մեղադրվող թիվ 104 միջնակարգ դպրոցի ինֆորմատիկայի ուսուցիչ Անահիտ Աթայանին տուգանեց 600 հազար դրամով։ Անահիտ Աթայանը մեղադրվում է հանրաքվեի օրը կրկնակի քվեարկություն կատարելու մեջ: Նախորդ դատական նիստի ժամանակ Աթայանը պահանջել էր կիրառել արագացված դատավարություն։ Ուսուցիչը միջնորդել էր նաեւ արգելել տեսանկարահանումը՝ պատճառաբանելով, թե դա կարող է վարկաբեկել իր հեղինակությունը։ Դատարանը բավարարել էր միջնորդությունները։

Կարդացեք նաև
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


















































