Լրահոս
Օրվա լրահոսը

Գասպարյան. «Նախագահը խոստացել է, որ Համազգային թատրոնը կառուցվելու է»

Փետրվար 16,2016 13:08

Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնի շենքի կառուցման շուրջ հստակ զարգացումներ չկան, սակայն դերասանները հույս ունեն, որ ի վերջո կունենան իրենց «բույնը»: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց Համազգային պետական թատրոնի գեղարվեստական ղեկավար Հրաչյա Գասպարյանը:

«Հանդիպել ենք նախագահի հետ, ասել է, որ թատրոնը լինելու է: Իսկ թե երբ, չգիտեմ, բայց երկու տարում շենքը կկառուցվի: Եթե նախագահը խոսք է տվել, խոսքի տերը կլինի: Պարզապես մեր թափառելը հոգնեցնում է: Մի օր Սոս Սարգսյանն ասաց՝ «գիտես ինչ, Լիրը հրաժարվեց իր թագավորությունից, որովհետեւ հոգնել էր, բայց թատրոնի մարդը հոգնելու իրավունք չունի»: Դա Սոսի վերջին աֆորիզմներից էր: Նա մտավախություն ուներ, որ իր մահից հետո գործն առաջ չի գնա: Հուսադրեցի՝ ասելով, որ նախագահը խոսք է տվել եւ իր խոստումը կկատարի, պարզապես հոգնել ենք թափառելուց: Լիարժեք փորձեր կատարելու հնարավորություն չունենք»,- նշեց նա:

Ինչ վերաբերում է խնդրի շուրջ Մշակույթի նախարարության արձագանքին` Գասպարյանի խոսքով. «Նախարարն անընդհատ այդ գործով է զբաղված եւ շնորհակալ եմ, որ հստակ զբաղվում է եւ գումարներ փորձում հայթայթել, ինչը դժվար է»:

Հրաչյա Գասպարյանը տեղեկացրեց, որ ըստ նախագծի՝ Համազգային թատրոնի շենքը պետք է կառուցվի Հրազդանի կիրճի հարեւանությամբ. «Վատ տեղ չէ, բայց դրանից լավ տեղ դժվար թե տան: Այդտեղ ավելի գեղեցիկ եւ հրապուրիչ կլինի: Այն կենսական էներգիան, որ թատրոնն է ստեղծում, չի կարող ստեղծել ոչ մի խանութ ու ռեստորան»:

Համազգային թատրոնի դերասանուհի Կարինե Ջանջուղազյանն էլ վստահություն հայտնեց, որ թատրոնն իր գործունեությամբ արժանի է ունենալու մշակութային տարածք. «Սոս Սարգսյանը պարզապես դերասան չէր, նա մեծ անհատ էր իր վարակիչ կեցվածքով եւ գործունեությամբ: Նա հեռանալով՝ մնաց մեր մեջ եւ շարունակելու է գործել իր դերասանների տեսքով: Այսօր մենք նրա գաղափարներն ենք կրում եւ շարունակելու ենք իր գործը»:

Հիշեցնենք, որ նախորդ տարի թատրոնի շենքի կառուցման համար դրամահավաք էր կազմակերպվել. «Փոքրիկ բյուջե է ձեւավորվել, բայց այդ գումարը շատ քիչ է թատրոն կառուցելու համար: Անգամ հիմքը կառուցելուն չի հերիքի: Շատ գոհ ենք, որ մարդն անգամ հազար դրամ է նվիրաբերում, այդպիսի մարդը մեծ մարդ է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29