Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Մինչեւ հիմա ցանկացած տող տպագրելիս զգում եմ Վահագն Դավթյանի հայացքը

Փետրվար 24,2016 13:00

Ժամանակի հետ իմ մտապատկերում ավելի ու ավելի մեծանում է նա, բայց դա հոգեւոր տեսողական խաբկանք է, ես եմ հասունանում եւ աստիճանաբար նշմարելի է դառնում նրա անհատականության չափը:

Ինձ համար դժվար է եղել եւ է՝ գրել նրա մասին: Այդպես նվիրական զգացողությունը միշտ չէ, որ փոխարկվում է բառի:

Մի օր մեր թաղեցի մի տղա, որն աշխատում էր Կոմսոմոլում, բանաստեղծություններս ներկայացրել էր Վահագն Դավթյանին եւ նա հավանել էր:
Փետրվարյան այդ օրը ես սպասում էի Սփյուռքի կոմիտեի 2-րդ հարկի աստիճանավանդակին. ժամանակը կանգ էր առել, եւ նա բարձրանում էր՝ իր սուր հայացքով մերթընդմերթ զննելով ինձ: Հետո՝ հանդիպումներ աշխատավայրում, տանը, եւ ողջերթի խոսքը «Գարունում»:

Համեստ էր ծայրահեղ չափով: Անհավակնոտ պահվածքը ակնածանք պարտադրող շեշտեր չուներ: Քեզ կարող էր խանգարել մեծ բանաստեղծի հետ շփվելու սեփական գիտակցությունը, ինքը թեկուզ ակամա՝ երբեք չէր նպաստում: Կարծիքը պարտադրելու հատկություն չուներ, սակայն խոսքն ասում էր ներքին համոզումով:
Կարող էիր անկեղծանալ, որ, եթե այսօր թույլ տաս գրչակից ընկերներիդ պարագայում, թշնամիներ ձեռք կբերես:

Բազմանիստ էր ու բազմաշնորհ: Հրաշալի գիտեր երաժշտություն ու կերպարվեստ: Տաղանդը բազմաթիվ պայմանականությունների համընկնում է, ինչը նա ուներ: Այսօր ես գրեթե նրա տարիքին եմ, երբ հանդիպեցինք եւ կարող եմ ասել, որ անչափ կարդացած էր ու բացառիկ գրագետ: Ես կյանքում շատ մարդկանց եմ հանդիպել, որոնք տիրապետում են տեղեկատվության, սակայն Դավթյանն ուներ տեղեկատվությունը սինթեզելու եզակի շնորհ: Միտքը կաղապարված չէր ու երբեք չծերացավ:

Մեր օրերում 1-2 ամիս նախարար, փոխնախարար աշխատած պոետները պաշտոնավարման ընթացքում իրենց անընթերցող ժողովածուները տպագրում են Նարեկացու «Մատյան»-ի վայելչությամբ: Նա ունեցած հնարավորություններից երբեք չօգտվեց: Ռուսերեն էլ թարգմանվեց, երբ 60-ին մոտ էր արդեն:

Լուռ, անհաշվենկատ, տաճարի քրմի ջերմեռանդությամբ ու խոնարհությամբ քար առ քար բարձրացրեց տունը, ինչպես կյանքում, ձեռքերով, որ կարծես միայն գրիչ բռնելու համար էին, այնպես էլ՝ հայ գրականության մեջ:

Նրան բամբասում էին, ասելով՝ «Շատ վարպետ է…»:

Պետությունից երբեք բնակարան ու ամառանոց չստացավ, թեեւ ընկերներից շատերը հանրապետությունում կարեւոր պաշտոններ էին զբաղեցնում:

Իրենց տանն էի: Արդեն հրաժեշտ էի տալիս: Զանգահարեցին: Պայմանավորվեց: Ինձ ասաց. «Քիչ հետո մեքենա է գալու, միասին կիջնենք «քաղաք»: Մի քանի րոպե անց կառավարական համարներով սեւ «Վոլգա»-ն կանգնած էր բակում: Առջեւում նստածի հետ Դավթյանը մտերմիկ զրուցում էր: Իսկ ես փորձում էի մտաբերել, թե որտեղ եմ տեսել այդ մարդուն: Միայն, երբ մեքենան մոտեցավ Կառավարության տանը, գլխի ընկա, որ վարչապետն էր՝ Ֆադեյ Սարգսյանը: Այդ ժամանակներում կային պետական այրեր, որոնք պատիվ էին համարում պոետի հետ մտերմությունը:

Արդեն իր մահից հետո Օպերայի շրջակայքում հանդիպեցի Վահան Թամարյանին: Ասաց. «Տուն եմ գնում: Այստեղ, մոտիկ է»: Զարմացա` անտեր-անտիրական Վահանին քաղաքի կենտրոնում տուն որտեղի՞ց: Եվ նա պատմեց՝ ՀԳՄ նախագահ աշխատելիս՝ Համո Սահյանի ստեղծագործական բնակարանի տնօրինման անձնագիրն ապահովված ընկերոջը, որի պոեզիային պաշտամունքով էր վերաբերվում, չտալու եւ իրեն՝ երիտասարդ, անտուն գրողին, ում չէր էլ ճանաչում, հատկացնելու շատ հուզիչ պատմությունը:

Սա դաս էր այն մասին, որ գաղափարը պիտի վեր լինի մարդկային կապվածություններից:
Ես առանձնապես խմող չեմ՝ այլ թերություններ ունեմ: Վահագնը այդպես էլ չհասկացավ, թե ինչու համաձայնվեցի գնալ խմելու:

Ռաֆայել Նահապետյանն էր պատմում. «Կեսգիշեր էր: «Երեւան» ռեստորանում մատուցողը բերեց հաշիվը, պարզվեց, որ այդքան փող չկա: Տղաներից մեկն առաջարկեց զանգել Դավթյանին: Անձամբ չէի էլ ճանաչում, բայց ուրիշ ճար չկար: Զանգեցի, բացատրեցի իրավիճակը: Առաջարկեց. «Մի տաքսի վերցրու, արի»: 25 ռուբլի էր անհրաժեշտ, 35-ը տվեց, ասաց. «Կարող է պակասություն անի…»:

Իր տանը սուրճի իր սեղանի մոտ կարող էր հետաքրքրվել՝ ի՞նչ ես կարդում, ո՞ւմ ես սիրում: Նախընտրելի պոետների շարքում իր անունը չէր լինի, ավելին՝ կարող էին լինել գաղափարական հակոտնյաները: Դա Ձեր ոչ վերջին հանդիպումն էր լինելու, ոչ էլ վերջին անգամը, երբ տուն էր հրավիրում:

Կետադրականի սխալի, լեզվական մեղանչման համար կարող էր գլխիդ փոթորիկ սարքել:
«Արվեստում ցավն է ստեղծում արժեք». -ասում էր նա: Եվ իր պոեզիան՝ կորցրած հայրենիքի անընդհատ մխացող գիտակցության, իրական ու անիրական կանացի իդեալի որոնումի, գենետիկ կոդ սողոսկած հեթանոսի եւ Լյառը բարձրացող Աստծո որդու դրոշմն ուներ:

Ասում էր. «Գրողը պետք է արվեստին ծառայի Աստծո իրեն տվածի չափով, բայց ազնվորեն…»:

Սա էր Դավթյանը՝ երկնքի կապույտի հետ տվող ու առնող այդ մարդը:
Բարձրագույն բանաստեղծական կուլտուրայով կերտված ժողովածուներն ու պոեմները, Արաբկիրի, ցավի ու կապույտ ծխի պես ուրվագծվող եզերքից մինչեւ «Անվերնագիր» հրաշալի վիպակը, այս տարածքը մեր գրականության մեջ զուտ դավթյանական է:
70-80-ական թվականներին մեզանում թարգմանական պոեզիան անօրինակ բարձունքի հասավ, եւ չափանիշը կրկին Դավթյանն էր:

Պաշտամունքով էր խոսում Թումանյանի մասին, Չարենցը հավերժական ցավ էր: Ասում էր. «Այդ խառնակ ժամանակներում զարմանում ես՝ ինչպե՞ս է գրել այդքան պարզ»: Դասերը ուղղակի չէին: Ժամանակի ընթացքում էիր ըմբռնում:

Արդեն 20 տարի է, որ մեր կողքին չէ նա՝ գրականության ու մշակույթի Մեծը: Ետչարենցյան ամենախոշոր հայ պոետներից մեկը, գուցե ամենաամբողջականը: Եվ վաղուց հասունացել է Վահագն Դավթյանի ստեղծագործական ժառանգության համակարգված ուսումնասիրության խնդիրը:

1980թ. փետրվարյան այդ օրը ես սպասում էի Սփյուռքի կոմիտեի 2-րդ հարկի աստիճանավանդակին, ժամանակը կանգ էր առել, եւ նա բարձրանում էր՝ իր սուր հայացքով մերթընդմերթ զննելով ինձ:

Մինչեւ հիմա ցանկացած տող տպագրելիս ես զգում եմ այդ հայացքը…

ԱՆԱՏՈԼԻ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Ֆրանսիա
նկ՝. Ռ. Մ.-ի

 

«Առավոտ» օրաթերթ
23.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29