Լրահոս
Օրվա լրահոսը

«Բանակ չգնացած ու զենք չտեսած երիտասարդը կարո՞ղ է զինված ահաբեկչություն անել». ծանոթները՝ Գևորգ Ջնդոյանի մասին

Փետրվար 24,2016 18:20

ԱԱԾ-ի կողմից Նորք Մարաշի առանձնատներից մեկում նոյեմբերի 25-ին՝ որպես Արթուր Վարդանյանի գլխավորած զինված խմբի անդամ ձերբակալված, այնուհետ կալանավորված Փանիկ գյուղի բնակիչ, 26-ամյա Գևորգ Ջնդոյանն ապրում է դեղերից կախված. նրա արյան ճնշումը շատ բարձր է:

Այս մասին այսօր Aravot.am-ին հայտնեց Գևորգ Ջնդոյանի եղբայրը՝ Աղասի Ջնդոյանը՝ նշելով, որ արդեն նրան տեսակցելու հնարավորություն տվել են: «Երկու ամիս իր կալանքի ժամկետը երկարացվել է, սպասենք այդ երկու ամիսը լրանա, տեսնենք ինչ կլինի: Դեղորայք պարբերաբար հասցնում ենք իրեն, իր ճնշումը միշտ բարձր է եղել, շատ-շատ բարձր: Իրեն անգամ բանակ չեն տարել առողջական խնդիրների պատճառով: Հիմա անորոշ վիճակ է, տեսնենք ինչ կլինի, Գեւորգն առաջին վայրկյանից իրեն մեղավոր չի ճանաչել, նա ձերբակալման առաջին պահից՝ ի նշան բողոքի հացադուլ հայտարարեց»,-փոխանցեց եղբայրը:

Մեր հարցին, թե ի՞նչ կապ ուներ Գևորգը Նորք- Մարաշի զինված խմբի հետ, ծանո՞թ էր Արթուր Վարդանյանին, ասաց. «Չգիտենք, ոչ մեկս տեղեկություն չունենք, թե ի վերջո ինչի՞ համար են նրան կալանավորել, էդ ի՞նչ պիտի արած լիներ: Ես մի ընթացք այստեղ չեմ եղել, բայց տեղյակ եմ, որ Գևորգը Երեւանում աշխատում էր, գովազդային գործերով էր զբաղվում: Արթիկում վարսավիրանոց ուներ, գործերն այստեղ հաջող չգնացին, թողեց գնաց Երեւան աշխատելու ու էլ տեղյակ չենք, ու մեկ էլ հեռուստատեսությամբ տեսել ենք, որ իրեն բռնել են, մենք խաբար չենք եղել: Նրան ճանաչողները երբեք չեն հավատա, որ նա կարող է կապ ունենալ զինված խմբի հետ»,- ասաց եղբայրը:

Նկատենք, որ Գյումրու մանկավարժական ինստիտուտում Գեւորգ Ջնդոյանին դասավանդած դասախոսները եւս չեն պատկերացնում, թե ինչպե՞ս կարող է զուսպ, ամաչկոտ ու առավել շատ հոգեւորականի կյանքով ապրող երիտասարդը զինված հեղաշրջման նախապատրաստվեր: Առավել եւս, ըստ դասախոսների, նա բանակ չէր գնացել, չգիտեր զենքի օգտագործման ձեւերը: Նրանցից մեկը մեզ հետ զրույցում ասաց. «Գևորգը պետք է որ լեղապատառ լիներ զենք տեսնելիս: Այս թեմայով պաշտոնական տեղեկատվությունն այնքան սուղ է, այնքան փակ է ու կցկտուր, որ չգիտեմ իրականում ի՞նչ է եղել, ինչո՞ւ են նրան կալանավորել, բայց իրոք չեմ պատկերացնում, թե բանակ չգնացած, զենք չտեսած երիտասարդը կարո՞ղ է զինված ահաբեկչություն անել»,- ասաց նրանցից մեկը:

Հիշեցնենք, որ Գևորգ Ջնդոյանը սովորել է Գյումրու մանկավարժական ինստիտուտի լրագրության բաժնում, ուսանողական տարիներից սերտ կապեր է ունեցել Հայ Կաթողիկե եկեղեցու ներկայացուցիչների հետ: Նա բուհն ավարտելուց հետո մեկ տարով մեկնել է Իտալիա, Սուրբ Ղազար կղզի՝ իտալերեն լեզուն ուսումնասիրելու:

Փանիկցիները մեզ հետ զրույցում նրան բնութագրելիս ասել էին՝ Գևորգն առավել շատ հոգևորական է, քան աշխարհիկ մարդ: Գևորգ Ջնդոյանը շփումներ ուներ նաեւ Հայր Անտոն Ծայրագույն Վարդապետ Թութունջյանի հետ, որին նույնպես մեղսագրվում է հանցավոր համագործակցություն ստեղծելը, ղեկավարելը, մասնակցելը, ապօրինի զենք պահելը, որը կատարվել է կազմակերպված խմբի կողմից: Վերջինս այժմ ազատության մեջ է. նրա խափանման միջոցը փոխել են, ստորագրություն է տվել երկրից չհեռանալու մասին:

Նշենք, որ մամուլում տեղ գտած տեղեկատվությունը, թե քննչական մարմինները Հայր Անտոնի հետ պայման են կապել՝ քեզ ազատ կարձակենք, մեղադրանքդ կփոխենք, բայց դու պիտի լքես Հայաստանը, կարծես իրականություն չէ. համենայնդեպս նա դեռ Հայաստանում է, Գյումրիում է: Ու չնայած վարդապետը մեզ մի անգամ փակ դռների հետեւից փոխանցեց, որ ասելիք չունի լրագրողներին, այդուհանդերձ նրա շրջապատի մարդկանցից տեղեկանում ենք, որ նա ակտիվորեն մասնակցում է Հայ Կաթողիկե եկեղեցու պատարագներին, բնակվում է իր կողմից հիմնադրած «Ռադիո Մարիամ Հայաստան»-ի Գյումրու գրասենյակում՝ Ղորղանյան 83 առանձնատանը:

Նշենք, որ Արեւիկ գյուղի բնակիչների ասելով, իրենց համագյուղացին՝«Ռադիո Մարիամ Հայաստան»-ի Գյումրու մասնաճյուղի աշխատանքները համակարգող Լիլիթ Թորոսյանն ազատ արձակվելուց հետո նույնպես անցել է բնականոն կյանքի, նա շարունակում է իր լրագրողական գործունեությունը «Ռադիո Մարիամ Հայաստան»-ում:

Լուսանկարը՝ Գևորգ Ջնդոյանի ֆեյսբուքյան էջից:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29