Լրահոս
Օրվա լրահոսը

«Մայրապետյանն ինձանից 400 միլիոն դրամ է գողանում»

Փետրվար 27,2016 14:30

84-ամյա Աշոտ Կիլիկյանը պայքարում է շինարարական բիզնեսում հայտնի գործարար Սամվել Մայրապետյանին պատկանող «Լոկալ Դեւելոփըրզ» ընկերության դեմ եւ չի պատրաստվում հանձնվել: Կիլիկյանների ընտանիքը 1953 թվականից ձեռք բերելով Պուշկին 4/5 հասցեի տունն իր հարակից բակով՝ մինչ օրս բնակվում է այս տանը, որը հայտնի գինեգործներ Թաիրովներին է պատկանել: Այն 19-րդ դարի շինություն է: Այս տարածքը տարիներ առաջ կառավարությունը ճանաչել է գերակա հանրային շահ եւ օտարել է: 2013 թվականից այս տարածքի կառուցապատողն է «Լոկալ Դեւելոփըրզ» ընկերությունը, որն, ինչպես Կիլիկյանն ասաց, փորձում է իրական արժեքից մի քանի անգամ քիչ փոխհատուցում տալ:

«Առավոտի» հետ զրույցում Կիլիկյանը պատմեց, որ դեռ խորհրդային տարիներից իր սեփականության ընդհանուր մակերեսը 932 քառակուսի մետր է, իսկ բնակելի տարածքը՝ 543.8 քմ, այս նույն չափի մակերես է գրանցվել նաեւ արդեն Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի պետական կադաստրի կողմից տրված վկայականում: Մինչդեռ, ինչ Պուշկին 4 հասցեում հայտնվել է Մայրապետյանին պատկանող կառուցապատող ընկերությունը, ոչ միայն Կիլիկյանի, նաեւ այլ բնակիչների սեփական տարածքների չափերը կրճատվել են:

Կիլիկյանի ներկայացմամբ՝ «Անիկոմ» գնահատման, չափագրման եւ փորձաքննության կենտրոնը Պուշկին 4/5 հասցեի ընդհանուր մակերեսը ոչ թե 932 քմ է գրանցել եզրակացությունում, այլ 285.5 քմ: «Այս ընկերությունը ոչ մի անգամ չափագրում իմ տանը չի կատարել, այստեղ չի երեւացել, բայց թիվ է նկարել: Հետո եզրակացությունում գրել են մի բան, որ ստացվում է՝ իմ սեփականություն հանդիսացող այն տարածքը, որով հարեւաններս քայլել են դեպի իրենց տուն, ընդհանուր օգտագործման է, եւ մակերեսից հանել են: Բացահայտ կեղծիք են կատարել, իմ սեփականությունը գնահատել են 196 միլիոն դրամ: Բայց ես մեկ ուրիշ ընկերությանը պատվիրեցի չափագրել եւ գնահատել սեփականությունս, իրենք էլ պետական փաստաթղթերի հիման վրա իմ սեփականությունը 932 քմ եւ 618 միլիոն դրամ գնահատեցին: Այսինքն՝ Մայրապետյանն ինձանից 400 միլիոն դրամ է գողանում: Սա կողոպուտ է: Մեզ հետ հարցը ուզում են զզվացնելով լուծել, այսինքն՝ այն բանը, որ արժե 10 դրամ, կտանք՝ 1 դրամ, ուզում ես՝ ուզի, չես ուզում՝ մի ուզի»,- վրդովված եւ հեգնանքով ասաց Կիլիկյանը:

Նա պատմեց, որ պարբերաբար ինչ-որ մարդիկ են հայտնվում, փորձում են վնասել նրա ընդարձակ տան հետնամասը, նկուղային հարկում գտնվող 19-րդ դարի մառանը. «Ամեն ինչ անում են, որպեսզի արժեզրկեն սեփականությունս, մարդիկ են հայտնվում, ինչ-որ բաներ անում, կարճ ասած՝ այնպես են անում, որ հիասթափեցնեն ինձ ու գնամ համաձայնության: Բայց ոչ, ես մինչեւ վերջ պայքարելու եմ»:

Աշոտ Կիլիկյանի դեմ «Լոկալ Դեւելոփըրզը» հայց է ներկայացրել դատարան: Կիլիկյանն ասաց, որ Մայրապետյանն ուզում է դատարանի միջոցով վտարել Պուշկին 4/5 հասցեից իրեն եւ կնոջը: Կիլիկյանն էլ դիմել է իրավապահ մարմիններին, հիմա գործով զբաղվում է քննչական կոմիտեն. «Ես փաստեր եմ ներկայացրել, որ ինձ կողոպտում են, քրեական գործ է հարուցվել: Դատական գործընթացը ժամանակավոր դադարեցրել են, մինչեւ տեսնեն՝ քննչական կոմիտեն ինչ կորոշի»:

Նշենք, որ քննչական կոմիտեում «Լոկալ Դեւելոփըրզ» եւ «Անիկոմ» ընկերությունների դեմ քրեական գործ է հարուցվել նաեւ Պուշկին 4 հասցեի բնակիչ Ալֆրեդ Կզարթմյանի դիմումի հիման վրա. պատմությունը նույնությամբ կրկնվում է՝ ինչպես Կիլիկյանի դեպքում է: Ըստ քննչական կոմիտեի հարուցած գործի՝ այս ընկերություններն առանձնապես խոշոր չափերի վնաս են պատճառել Կզարթմյանին:

Կիլիկյանի տան եւ Պուշկին 4 հասցեի բակում գտնվող քանդման ենթակա սեփական բնակելի տների հետ քանդվելու են նաեւ նկուղային հարկերի գինու 19-րդ դարի մառանները: «Առավոտը» վերջերս անդրադարձել էր այս խնդրին: Հիշեցնենք, որ տուրօպերատորները, գինեգործները կառավարությանը նամակ էին ուղղել՝ խնդրանքով՝ ոչ թե ապամոնտաժել այդ մառանները, այլ վերականգնել, քանի որ դրանք հայ գինեգործության պատմության հուշարձաններ են եւ զբոսաշրջության զարգացմանը կնպաստեն. «Պետք է վերականգնել ստորգետնյա մառանների Երեւանը: Մենք այդ մառանները շնորհ ենք ստացել»:

Քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանն էլ ի պատասխան «Առավոտի»՝ մառանների վերացման մտահոգության մասին հարցին, ասել էր. «Ուղիղ «Դոլմամայի» դիմաց` Աբովյան փողոցի անկյունում, կա հուշարձան-շենք, որը եւս նույն կառուցապատողինն է: Այնտեղ եւս կային նկուղներ, որոնք ամբողջությամբ պահպանվել, զարգացվել են, եւ ես վստահ եմ, որ այստեղ էլ այդ նկուղները չեն քանդվելու: Վստահ եմ, երբ որ լինի առաջադրանք՝ ինչ կարելի է, ինչ չի կարելի, առաջադրանքում պետք է ամրագրվեն բոլոր սահմանափակումները, իսկ սահմանափակումները կլինեն հուշարձանները տեղում պահպանելու, այդ թվում նաեւ նկուղները, որոնք արժեքավոր են»:
Երեկ մեր նշված հասցեի մառաններ են այցելել «Լոկալ Դեւելոփըրզի» ղեկավարի տեղակալն ու քաղաքաշինության բարձրաստիճան պաշտոնյա: Նրանք, ըստ բնակիչների, տեսնելով մառաններն ու դրանցից մեկի ստորգետնյա մոտ 5 մետրանոց գինու կարասը, ասել են. «Ուր ա ստեղ հնություն: Սա էլ կարաս չի, կճուճ է: Մի հատ էլ Ալեքսանդր 1-ինի նկարը կպցրեք, ասեք՝ հնություն է»: Նշենք, որ այդ մառանում հենց Թաիրովներն են գինեգործությամբ զբաղվել:

«Առավոտը» փորձեց պարզաբանում ստանալ «Լոկալ Դեւելոփըրզի» սեփականատեր Սամվել Մայրապետյանից՝ Կիլիկյանների փոխհատուցման խնդրի մասին, եւ փորձեցինք պարզել՝ արդյոք կպահպանվե՞ն մառանները: Պարոն Մայրապետյանը մինչեւ վերջ չլսելով մեր հարցը, միայն լսելով առաջին հատվածը, որ մառան է այցելել իր ենթական, այսպես արձագանքեց. «Չեղավ, դուք պատվեր եք կատարում, չեմ ասի»: Մեր հորդորին՝ նման եզրակացություն չանել, Մայրապետյանն ասաց. «Դուք ի՞նչ գիտեք՝ էսօր ինչ է եղել այնտեղ»: Երբ մենք ասացինք, որ եղել ենք տարածքում, բնակիչներն են պատմել, Մայրապետյանն այսպես պատասխանեց. «Դե էդ ա, էլի, իրանք ձեզ կանչում են, ասում են՝ էս տեսեք, եկեք նյութ սարքեք, հիմա էլ ինձ եք զանգում, ես չեմ պատասխանի»: Մենք փորձեցինք Մայրապետյանին բացատրել, որ իրեն զանգել ենք հենց նրա համար, որպեսզի ճշտենք՝ արդյոք բնակիչների ասածները հավաստի՞ են, որպեսզի նյութում միայն մի կողմի մեղադրանքը չլինի, սակայն Մայրապետյանը կրկին հրաժարվեց մեր հարցերին պատասխանել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
26.02.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29