Լրահոս
Օրվա լրահոսը

Լեոնարդո Դի Կապրիոն վերջապես արժանացավ «Օսկարի»

Փետրվար 29,2016 11:00

Հոլիվուդյան դերասան Լեոնարդո Դի Կապրիոն «Օսկարի» 88-րդ մրցանակաբաշխությանը մրցանակ է ստացել «Վերապրածը» ֆիլմում տղամարդու լավագույն դերի համար: Այս մասին հաղորդում է Reuters-ը:

Դի Կապրիոյի հետ նույն անվանակարգում մրցում էին Բրայան Քրենսթոնը («Տրամբո»), Մայքլ Ֆասբենդերը («Սթիվ Ջոբս»), Էդի Ռեդմեյնը («Աղջիկը Դանիայից») եւ Մեթ Դեյմոնը («Մարսիացին»):

41-ամյա դերասանի համար սա առաջին «Օսկարն» էր: Նախկինում նա «Օսկարի» էր առաջադրվել «Ինչն է անհանգստացնում Գիլբերտ Գրեյփին», «Ավիատոր», «Արյունոտ ադամանդ» և «Գայլը Ուոլ Սթրիթից» ֆիլմերի համար:

«Վերապրածը» ֆիլմը հաղթող է ճանաչվել նաև «լավագույն ռեժիսուրա» անվանակարգում: Երկրորդ տարին անընդմեջ այս անվանակարգում հաղթող է ճանաչվում մեքսիկացի ռեժիսոր Ալեխանդրո Գոնսալես Ինիարիտոն: Ֆիլմը ևս մեկ մրցանակ է ստացել «լավագույն օպերատորական աշխատանք» անվանակարգում, որը տրվել է Էմանուել Լյուբեցկիին:

«Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող է ճանաչվել Բրի Լարսոնը «Սենյակ» ֆիլմում իր մարմնավորած դերի համար: Նույն անվանակարգում առաջադրված էին նաև Քեյթ Բլանշեթը («Քերոլ»), Սիրշա Ռոնանը («Բրուքլին»), Շարլոտա Ռեմփլինգը («45 տարեկան») և Ջենիֆեր Լոուրենսը («Ջոյ»):

Լավագույն ֆիլմ անվանակարգում մրցանակ է ստացել Թոմ Մաքքարթիի «Ուշադրության կենտրոնում» (Spotlight) ֆիլմը: Այդ անվանակարգում նրա հետ մրցում էին «Վերապրածը», «Խելագար Մաքս. ցասման ուղի», «Բրուքլին», «Սենյակ», «Լրտեսական կամուրջ», «Մարսիացին», «Իջեցման խաղ» ֆիլմերը: «Ուշադրության կենտրոնում» ֆիլմը մրցանակ է ստացել նաև «լավագույն օրիգինալ սցենար» անվանակարգում:

Լավագույն վիզուալ էֆեկտներ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Մեքենայից» ֆիլմը, «լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում՝ «Իջեցման խաղը»:

Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի է ճանաչվել Ալիսիա Վիկանդերը «Աղջիկը Դանիայից» ֆիլմում մարմնավորած դերի համար: Երկրորդ պլանի լավագույն դերասան ճանաչվել է Մարկ Ռայլենսը «Լրտեսական կամուրջ» ֆիլմում իր դերի համար:

Ամենաշատ մրցանակներ ստացել է ռեժիսոր Ջորջ Միլլերի «Խելագար Մաքսը. ցասման ուղի» ֆիլմը: Վերջինս հաղթող է ճանաչվել 6 անվանակարգերում (ընդհանուր առմամբ ներկայացված էր 10 անվանակարգերում)՝ «Նկարիչ բեմադրողի լավագույն աշխատանք» (Քոլին Գիբսոն և Լիզա Թոմսոն), «լավագույն հանդերձանք» (Ջենի Բիվեն), «լավագույն մոնտաժ» (Մարգարեթ Սիքսել), «լավագույն գրիմ և սանրվածք» (Լեսլի Վանդերուոլթ, Էլկա Վարդեգա, Դեմիեն Մարտին), «լավագույն ձայն», «լավագույն ձայնային մոնտաժ»:

«Լավագույն օտարերկրյա ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել հունգարացի ռեժիսոր Լասլո Նեմեշի «Սաուլի որդին» կինոնկարը:

Լավագույն վավերագրական կարճամետրաժ ֆիլմ անվանակարգում հաղթել է «Աղջիկը գետում. ներման պատմություն» ֆիլմը, լավագույն վավերագրական ֆիլմ՝ «Էմին»՝ երգչուհի Էմի Ուայնհաուսի մասին:

Իտալացի կոմպոզիտոր Էնիո Մորիկոնեն մրցանակ է ստացել Քվենտին Տարանտինոյի «Գարշելի ութնյակ» ֆիլմի երաժշտության համար: Իսկ Սեմ Սմիթը մրցանակ է ստացել «007. ՍՊԵԿՏՐ» ֆիլմի համար «լավագույն երգ» անվանակարգում:

 

Պատրաստեց՝ Վիկտորյա Անդրեասյանը

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
29