Լրահոս
Օրվա լրահոսը

«ԱԺ մոնիտորինգ». Ազգային ժողովի վերջին նստաշրջանում 112 օրենքներից 90-նն ընդունվել են արտահերթերի ընթացքում

Մարտ 03,2016 13:49

«Հիմնական ահազանգը շարունակում է մնալ արտահերթ նստաշրջանների ընթացքում օրենսդրական, հիմնական քվեարկությունների կազմակերպման բեռը թողել արտահերթերի վրա։ Միշտ այդպես է եղել։ Մենք մեր նախորդ զեկույցներում արձանագրել ենք, որ օրենքների մոտ կեսն է ընդունվել արտահերթերի ընթացքում։ Նախորդում կեսից ավելին ենք արձանագրել»,- «Մեդիա կենտրոնում» «Ազգային ժողովի 8-րդ նստաշրջանի «ԱԺ մոնիտորինգ» ծրագրի արդյունքները» թեմայով քննարկման ընթացքում հայտարարեց ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը։

Ըստ նրա՝ այս անգամ բացառիկ ցուցանիշ է գրանցվել. «Արտահերթ նստաշրջանների ընթացքում ընդունվել է 4 անգամ ավելի շատ օրենք, քան հերթական քառօրյայի ընթացքում։ Այսինքն 112 օրենքից 90-ն ընդունվել են արտահերթ նստաշրջանների ընթացքում Սա մեր հիմնական ահազանգն է»։

Լուսինե Վասիլյանն ասաց, որ այս անգամ կառավարության ներկայացրած օրենքների նախագծերն ավելի շատ են, քան Ազգային ժողովինը. «Ավելի վատ ցուցանիշ է գրանցվել, քան նախորդ նստաշրջանին։ 7-93 է հարաբերակցությունը։ Ընդունված օրենքների 7%-ն է ընդամենը պատգամավորներինը»։

ԱԺ նախորդ նստաշրջանի ընթացքում քննարկված որեւէ նախագիծ քվեարկությամբ չի մերժվել. «Ընդդիմադիրների հեղինակած նախաձեռնությունները կամ չեն ընդգրկվել օրակարգ, կամ դրանց ընդգրկումը հետաձգվել է։ Փոքրամասնությունը որեւէ արտահերթ նիստ կամ նստաշրջան չի նախաձեռնել»։

Ծրագրի ղեկավարը նշեց, որ «լռակյաց» պատգամավորների շեմն անփոփոխ է մնացել. «Դա 70-ի շրջակայքն է։ Այս անգամ 131 պատգամավորների 67-ը, նախորդի 74-ի համեմատ, որեւէ հարց չեն տվել, ելույթ չեն ունեցել։ Քվեարկությունների առումով արձանագրել ենք, որ ամենակողմը ՀՀԿ-ն է, «Ժառանգություն»-ն ամենադեմն է, ՀՅԴ-ն ամենաձեռնպահն է, ՀԱԿ-ն ամենաբացակայածն է, բայց այս ցուցանիշը կազմվել է հանրաքվեից հետո, երբ խմբակցությունը որոշեց բոյկոտել նստաշրջանի աշխատանքները։ Ամենաշատ գրանցված, բայց չքվեարկած խմբակցությունը ԲՀԿ-ն է»։

Նստաշրջանի ամենաակտիվ պատգամավորն ՕԵԿ-ից Հովհաննես Մարգարյանն է, իսկ ամենաշատ բացակայածը կրկին Գագիկ Ծառուկյանը։ «5 պատգամավորներ բացակայել են քվեարկությունների կեսից ավելիից։ Նրանք ենք Գագիկ Ծառուկյանը, Հայկ Խաչատրյանը, Վարդան Օսկանյանը, Կարո Կարապետյանը եւ Աշոտ Աղաբաբյանը։ ԱԺ նախագահի կողմից բացակայությունների կեսից ավելին հարգելի է համարվել»։

Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի ֆեյսբուքյան էջից.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031