Լրահոս
Օրվա լրահոսը

«Գիտեինք գայլ էին խփում, պարզվեց Պերմյակովին են ձերբակալում». Երազգավորս գյուղի բնակիչ

Մարտ 04,2016 16:28

Գյումրու 102-րդ ռազմաբազայում այսօր շարունակվեց Ավետիսյանների ընտանիքի սպանդի մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովի դատավարությունը:

Դատարանը լսեց Երազգավորս գյուղի բնակիչ Միքայել Խլղաթյանին, որը հայտնեց, թե Պերմյակովին ճանաչում է հեռուստատեսությունից: Այս վկայի ցուցմունքները հակասական էին. դատարանի առջեւ համառորեն պնդում էր, որ ինքը հայ-թուրքական սահմանի մոտ ձերբակալվող Պերմյակովի դեմքը չի տեսել, մինչդեռ նախաքննական ցուցմունքում պատմել է, որ մոտ 30-40 մետր հեռավորության վրա ականատեսն է Պերմյակովի ձերբակալման, անգամ դեմքն է տեսել նրա ու ճանաչել:

Դատախազը միջնորդեց հրապարակել նրա նախաքննական ցուցմունքը, որտեղ վկան պատմում է, որ 2015 թվականի հունվարի 12-ին ուշ ժամի հորաքրոջ տղայի հետ գնացել էին պապական տուն՝ անասուններին կերակրելու: Այն գտնվում է գյուղի արեւմտյան հատվածում՝ հայ-թուրքական սահմանից, փշալարերից մոտ 500 մետր հեռավորության վրա:

Permyakov_5 Permyakov_4 Permyakov_3 Permyakov_1 Permyakov_6

Ըստ վկայի, նախաքննական ցուցմունքի, հետ դառնալիս լույս է տեսել, մտածել է որսորդները գայլ են խփում, երբ ուզել է մոտենալ, իրեն է մոտեցել «Վիլիս» մակնիշի մեքենայով զինվորական համազգեստով մի մարդ ու ասել. «Պերմյակովին ենք բռնել, գնացեք արդեն հանգիստ քնեք»:

Միքայել Խլղաթյանը, սակայն ճանապարհին հանդիպել է համագյուղացի Աշոտ Ալեքսանյանին, որն ասել է՝ ի՞նչ է նշանակում, մեզ չեն թողնում մոտենանք, մեր գյուղի հողերն են, մենք պիտի գնանք, տեսնենք ինչ է կատարվում:

Այսպիսով, ըստ նախաքննական ցուցմունքի, իրենք հասել են փշալարերից 30-40 մետր հեռավորության վրա, որտեղ Միքայել Խլղաթյանը, տեսնելով Պերմյակովին, ճանաչել է, քանի որ, ըստ նրա, հեռուստատեսությամբ տեսել էր նրա լուսանկարը, այն տպավորվել էր ու լսել էր, որ վերջինս մտել էր Ավետիսյան ազգանունով մարդկանց տուն ու սպանել նրանց: Ըստ նրա, այնտեղ էին հավաքվել նաեւ գյուղացիները, թե կոնկրետ ովքեր, նա չէր հիշում:

Վկայի նախաքննական ցուցմունքի հրապարակումից հետո, անգամ նա դատարանում չգիտես ինչու պնդում էր, որ ինքը Պերմյակովի դեմքը տեսած չկա: Արթուր Սաքունցի այն հարցին՝ բա ո՞վ է գրել քո նախաքննական ցուցմունքը, քո ձեռքով չե՞ս գրել, վկան ասաց՝ ոչ: Հարցին, գոնե քննիչի գրելուց հետո ծանոթացե՞լ ես, վկան հպարտ-հպարտ ասաց. «Հա, գրելուց առաջ ինձ կարդացել են»:

Վերջինս դատարանին առաջարկում էր՝ թե ուզում եք նախաքննական ցուցմունքս ընդունեք որպես ճշմարտացի: Դատախազը վերջինիս շշպռեց՝ասելով ՝ հո ուզելով չէ՞: Վալերի Պերմյակովի փաստաբանի դիտարկմանը՝ ի վերջո ընդունե՞նք, որ չեք տեսել Պերմյակովի դեմքը, վկան ասաց, որ չի տեսել, հեռվից է նայել:

Ավետիսյանների իրավահաջորդների փաստաբան Լուսինե Սահակյանը նկատեց՝ «Անկեղծ ասած այդպես էլ չհասկացա ձեր դիրքորոշումը, նախաքննական ցուցմունքում գրում եք, որ տեսել եք դեմքը, մեկ ասում եք՝ չեմ տեսել»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031