Փ. Թերլեմեզյանի անվան գեղարվեստի պետական քոլեջի ուսանող 18-ամյա Կարեն Վարդանյանը կյանքը չի պատկերացնում առանց իլյուստրացիաների: Կարենը նկարել է մանկուց և որոշել է շարունակել այն՝ դարձնելով մասնագիտություն: Նա սովորում է դիզայներական բաժնում:

Կարենը պատմեց, որ չի հիշում, թե որն է եղել առաջին գործը, բայց հաստատ գիտի, որ չի եղել այն, ինչ հիմա է նկարում. «Ձեռագիրս միանգամից չի ձևավորվել, այս ոճը, որ հիմա կա, դա ժամանակի ընթացքում եմ ստեղծել: Շատ եմ սիրում նոր տեխնիկաներ փորձել, ինչ որ նոր բան ստանալ: Ինչքան էլ հստակ լինի ձեռագիրս, միևնույն է, միշտ փորձում եմ էլ ավելի նորացնել ու զարգացնել այն»:
Ինչպես բոլոր նկարիչները, Կարենն էլ ունի իր «մուսան»: Նրա ոգեշնչման աղբյուրները հիմնականում մոդելներ են՝ Ռոզի Հենթինգթոն-Ուայթլին, Քենդիս Սվեյնփոլը և Քայլի Ջենները:
Կարդացեք նաև









Իլյուստրատորը հավելեց, որ չի կարող բոլորին նկարել. «Հիմնականում ինձ ծանոթ աղջիկների եմ նկարում, նրանց ներաշխարհը իմանալով՝ ավելի հեշտ է նկարելը: Բայց անծանոթների էլ եմ նկարում: Ամենակարևոր պայմանն այն է, որ դիմացինս պետք է ոգեշնչի ինձ, եթե չոգեշնչեց, չի ստացվի»:
Կարենը պատմեց նաև, թե ինչպես են ծնվում իր նկարները. «Սկզբից նկարում եմ թղթի վրա՝ուրվագծել, ներկել տարբեր մատիտներով, մարկերներով, հետո ֆոտո եմ անում ու մի քիչ էլ համակարգչով եմ աշխատում նկարների վրա: Հիմնականում նկարում, ավարտում եմ մեկ օրում, բայց լինում են նաև աշխատանքներ, որ օրեր են տևում»:
Կարենն ապագայի հետ կապված նպատակներ ու պլաններ շատ ունի, բայց որոշեց չբարձրաձայնել և հետագայում դրանք աշխատանքներով ցույց տալ:
Արփի ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

















































