Լրահոս
Օրվա լրահոսը

Գյումրիում ծննդաբերությունից մահացած կնոջ գործը վերաբացվում է. դատարանը բավարարեց նրա ամուսնու բողոքը

Մարտ 10,2016 19:45

Ինչպես տեղեկացրել ենք, Գյումրու «Մոր և մանկան» ավստրիական հիվանդանոցում նախորդ տարվա մայիս ամսին 3-րդ երեխան ծննդաբերելու ժամանակ մահացած 38-ամյա Կարինե Պապանյանի ամուսինը՝ Սամվել Հովհաննիսյանը, դիմել էր դատարան՝ բողոքելով  քննիչի իր կնոջ մահվան առթիվ հարուցված քրեական գործը կարճելու որոշման դեմ: Սամվել Հովհաննիսյանն առավել, քան համոզված է, որ իր կնոջ մահվան մեջ մեղավոր է բժիշկ Վահագն Մադոյանը, որը դեպքի պահին անգամ հիվանդանոցում չի գտնվել:

IMG_2432

Այսօր Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդան Գրիգորյանը չսպասված վճիռ է կայացրել. դատավորը մասնակիորեն  բավարարել է  Սամվել Հովհաննիսյանի պահանջը: Սամվել Հովհաննիսյանի փաստաբան Աննա Դավթյանը Aravot.am-ի հետ զրույցում ասաց. «Տուժողի իրավահաջորդի կողմից ներկայացվել էր բողոք Շիրակի մարզի քննչական բաժնի քննիչ Հովհաննիսյանի ու Շիրակի մարզի դատախազ Ասլանյանի որոշումների դեմ:

Այսինքն ի՞նչ որոշումներ էին նրանք կայացրել. քննիչը որոշում էր կայացրել քրեական գործը կարճելու եւ քրեական հետապնդումը բժիշկների նկատմամբ դադարեցնելու մասին, իսկ Շիրակի մարզի դատախազը նույնաբովանդակ որոշում էր կայացրել. նա գտել էր, որ քննչական բաժինը ճիշտ է վարվել, քննիչը օրինաչափ է գործել, ապացույցները բավարար չեն եւ հնարավոր չէ քրեական գործ հարուցել:  Օրենսդրությունը սահմանում է համապատասխան կարգ, երբ որ քննիչը որոշում է կայացնում, այդ որոշման դեմ բողոք է ներկայացվում դատախազություն, դատախազը  մերժում է, մենք կարող ենք  յոթնօրյա ժամկետում ներկայացնել արդեն տվյալ մարզի առաջին ատյանի  դատարան մեր բողոքը: Մենք ներկայացրեցինք մեր բողոքը, ասեմ, որ սա հազվադեպ հանդիպող երեւույթներից է, երբ որ դատարանը գտնում է, որ քննչական բաժինը եւ դատախազությունը ճիշտ չեն վարվել եւ ապացույցները ճիշտ չեն գնահատել, պետք է քրեական գործ հարուցվեր կամ քրեական գործի հարուցումը մերժվեր: Այսինքն, երկու դեպքում էլ կարող ես դիմել դատարան, մենք դիմեցինք դատարան, իրավունքները մեր իրացրեցինք այդ առումով եւ ստացանք հուսադրող եզրակացություն, որոշում դատարանի կողմից, որ իրոք քննչական բաժինն ու Շիրակի մարզի դատախազությունը ճիշտ չեն գնահատել ձեռք բերված ապացույցները»:

Մեր հարցին՝ նորից պիտի քննվի՞ գործը, փաստաբանն ասաց. «Ես դեռ  դատարանի որոշման ամբողջական տեքստը չեմ վերցրել,  բայց եզրափակիչ մասը հրապարակվեց, այնտեղ նշվեց, որ մասնակի բավարարում է եղել, հիմա տեսնենք, թե մասնակի բավարարումը ո՞ր մասին է վերաբերում, դե մենք երկու որոշումներ էինք բողոքարկել ե՛ւ Շիրակի մարզի քննիչի, ե՛ւ դատախազի: Բոլոր դեպքերում հուսադրող է, հուսադրող է այն առումով, որ իրոք մենք հասնելու ենք արդարության, որովհետեւ մենք ունենք երկու մահ՝ ե՛ւ ծննդաբերող կնոջ, ե՛ւ երեխայի, բայց փորձաքննության եզրակացությունները երկուսն էլ անդրադարձել են միայն կնոջը, երեխայի մասով ոչինչ չեն նայել: Այսինքն` չեն էլ ուսումնասիրել՝ արդյո՞ք հնարավոր էր կեսարյան հատում կատարել կամ այլ միջոցառումներ ձեռնարկել կամ բժիշկը տվյալ վայրում է եղե՞լ է, թե ՞ չի եղել: Նույնիսկ հեռախոսային վերծանումներ չեն արել, երբ որ քրեական գործի ցուցմունքների մեջ կա, որ բուժքույրը զանգահարել է բժշկին, որ գար: Շատ հանգիստ կարելի էր վերծանումներով ճշտել, թե բժիշկը տեղանքո՞ւմ է եղել, թե՞ ոչ, շատ անփույթ քննություն է տարվել եւ  հուսանք, որ արդարությունը կհաղթանակի», -ասաց Աննա Դավթյանը:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031