Լրահոս
Օրվա լրահոսը

Բագրատյանն ու Ռոբերտ Նազարյանը վիճեցին. «Մարդը սո՛ւտ ա ասում», «Սուտը դո՛ւ ես ասում» (Տեսանյութ)

Մարտ 14,2016 17:13

Այսօր ԱԺ նիստում Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը հանձնաժողովի 2016-ի գործունեության ծրագրի քննարկման ժամանակ իր եզրափակիչ ելույթում պատասխանեց պատգամավորների քննադատություններին: Արամ Մանուկյանի հարցին, թե ինչու է ՀՀ-ում էլեկտրաէներգիայի սակագինն ավելի բարձր, քան մի շարք երկրներում, Ռոբերտ Նազարյանը պատասխանեց. «Ես կարող եմ թվարկել մի շարք այլ երկրներ, որտեղ շատ ավելի բարձր է»: Նա սկսեց օրինակ բերել Լիտվան, ինչից բորբոքվեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: Նա սկսեց տեղից բղավել, գոռալ, թե չի՛ կարելի, թյուրիմացության մեջ մի՛ գցեք մարդկանց:

Հիշեցնենք, որ պարոն Բագրատյանը նախորդ նիստերից մեկի ժամանակ նույնպես հաշվարկ էր ներկայացրել, թե մեր հարեւան երկրներում ինչքան ցածր է էլեկտրաէներգիայի սակագինը, երբ չունեն ատոմակայան ու ՀՀ-ում ինչքան բարձր է:

Ռոբերտ Նազարյանը պատասխանեց, թե «Էդ եկամուտների տերը ես չեմ: Դուք եք թյուրիմացության մեջ գցում, երբ համեմատում եք Բելառուսի եւ Ուկրաինայի հետ, որտեղ կա պետական դոտացիա»:

Բագրատյանը տեղից բղավեց՝ «չկա», Նազարյանը պնդեց՝ կա:

Հետո Ռոբերտ Նազարյանը Բագրատյանին դիմելով՝ ասաց. «Բոլոր միջազգային կառույցները գտնում են, որ մեր ինստիտուցիոնալ կարողությունները պետք է բարձրանան, դա կարեւոր է, դուք գտնում եք, որ պետք է փակել: Դուք ստեղծել եք, դուք էլ փակեք»:

Անդրադառնալով Էդմոն Մարուքյանի քննադատություններին, Ռոբերտ Նազարյանն ասաց. «Դրանք հուզական բնույթի էին՝ ես չտեսա այն, ինչ ուզում էի տեսնել: Ուրեմն ես պետք է ամեն մի պատգամավորի կարծիքն իմանամ՝ ինչ է ուզում տեսնի իմ զեկույցի մեջ, որ իրա համար զեկո՞ւյց գրեմ: Մենք գրել ենք այն, ինչ նպատակահարմար ենք գտել»:

Ելույթից հետո Հրանտ Բագրատյանն եւ Ռոբերտ Նազարյանը վիճեցին: Բագրատյանը հորդորեց ձայնի իրավունք տան իրեն, որ պատասխանի, նրա խոսափողը չմիացրեցին, ուստի տեղից սկսեց գոռալ. «Մարդը սո՛ւտ ա ասում»: «Սուտը դո՛ւ ես ասում»,- պատասխանեց Նազարյանը:

Հնչեցին փոխադարձ վիրավորանքներ, սկսեցին բղավել միմյանց վրա: Հերմինե Նաղդալյանն էլ կոչ արեց զսպել էմոցիաները եւ չբղավել. «Պարոն Բագրատյան, պետք չի բղավել ու ավելորդ բաներ անել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031