«Մեզ հաջողվեց ապացուցել, որ քննություն պետք է տարվի, եթե խոշտանգումների վերաբերյալ հաղորդումներ են լինում, քննությունը պետք է որոշակի պայմաններին բավարարի եւ որ չի կարելի առանց հիմքերի անձին անազատության մեջ պահել»,- անդրադառնալով այսօր ՄԻԵԴ-ի հրապարակած Մատաղիսի գործով որոշմանը՝ ասաց Շիրակի մարզի դատարանի կողմից արդարացված Ռազմիկ Սարգսյանի, Մուսա Սերոբյանի ու Արայիկ Զալյանի փաստաբան Հայկ Ալումյանը:
Հիշեցնենք, որ այսօր Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հրապարակել է Զալյանն ու մյուսներն ընդդեմ Հայաստանի գործով վճիռը։ Խոսքը երեք նախկին զինծառայողների մասին է, որ բռնության են ենթարկվել զինծառայության ընթացքում, քանի որ կասկածվում էին երկու ծառայակիցներին սպանելու մեջ։

Մեր հարցին՝ ինչ հնարք էր, փաստաբանն ասաց. «Հնարք էր, որ կարողացել էին այնպես անել, որ մեր գործերն այնտեղ չէին քննվում»:
Կարդացեք նաև
Արդյոք ՄԻԵԴ-ի որոշումը կարող է նպաստել գործի վերաբացմանն ու իրական մեղավորներին գտնելու գործողություններին, փաստաբանն ասաց. «Մեղավորներին պետք է գտնել անկախ ՄԻԵԴ-ի որոշումից, պետք է փնտրեն ու գտնեն, եւ ՄԻԵԴ-ի վճիռը դրա հետ ընդհանրապես կապ չունի»:
Հիշեցնենք, որ ՄԻԵԴ ներկայացված հայցով պետք է պարզվեր՝ արդյոք եղե՞լ են խոշտանգումներ, թե՞ ոչ, արդյոք Հայաստանում պատշաճ ձևով քննվե՞լ է խոշտանգումների հարցը, թե՞ ոչ: Արծարծվել էր նաեւ նշված նախկին երեք զինծառայողներին չորս օր ապօրինի անազատության մեջ պահելու հարցը: Հենց այդ ընթացքում էլ նրանց նկատմամբ խոշտանգումներ են տեղի ունեցել ու խոշտանգումների ժամանակ փորձել են խոստովանական ցուցմունքներ կորզել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































