Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

Վաչե Շարաֆյանի` անբարեհունչը շտկելու «դեղատոմսը»

Մարտ 24,2016 13:00

Կոմպոզիտորը նշեց ծննդյան 50-ամյակը

Կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը նշում է իր ծննդյան կեսդարյա հոբելյանը: Սիմֆոնիկ, կամերային, վոկալ, խմբերգային մի շարք երկերի հեղինակը, որի ստեղծագործություններն արդեն մի քանի տասնամյակ հնչում են աշխարհի հեղինակավոր բեմերից (շատերն առաջին անգամ), հայտնի նվագախմբերի ու մենակատարների մատուցմամբ, ավելին՝ նրա ստեղծագործությունները տպագրվում են հանրահայտ հրատարակիչների կողմից, իր հոբելյանը նախօրեին նշեց Վահան Մարտիրոսյանի ղեկավարած Հայաստանի պետական կամերային նվագախմբի եւ երեկոյին ներկա հանդիսականի հետ: Այլ երկերի թվում, ժամանակին Արեւմուտքում հնչած կոմպոզիտորի «Դիվերտիսմենտը» լարայինների համար եւ Դաշնամուրի կոնցերտը Հայաստանում ներկայացվեց առաջին անգամ: Եվ եթե չենք սխալվում, հեղինակին առաջին անգամ հանդիպեցինք իբրեւ դաշնակահար: Համերգի ավարտին հանդիսատեսը պարզապես չէր թողնում, որ բեմը լքեին կամերային նվագախումբն ու հոբելյարը:

«Առավոտը» քանիցս անդրադարձել է Վաչե Շարաֆյանի արվեստին: Արդարության դեմ չմեղանչելու համար նշենք, որ վերջին շրջանում նրա գործերին անդրադառնում են հայաստանյան պետական կոլեկտիվները եւս: Բայց կա երկու ոլորտ՝ օպերային եւ բալետային, որտեղ դեռ չեն ներգրավված կոմպոզիտորի ստեղծագործությունները: Նկատի ունենք Գուրգեն Խանջյանի եւ Վիգեն Չալդրանյանի լիբրետոյով նրա «Աբգար արքա» օպերան եւ «Երկրորդ լուսինը» բալետը:

«Առավոտի» դիտարկմանը, թե հիշյալ օպերան վերջապես այս տարի, աշնան սկզբին, կկատարվի Շուշիում, Վաչե Շարաֆյանը նախ կատակեց, թե հիանալի են աշխատում «Առավոտի» աղբյուրները, հետո էլ ասաց. «Օպերայիս բեմադրության ռեժիսոր տեսնում եմ միայն Վիգեն Չալդրանյանին, որը ստեղծագործական երկարատեւ այցով Ամերիկայում է, հետեւաբար այս տարի բացառվում է «Աբգար արքայի» առաջնախաղը: Համոզված եմ, որ այն երբեւէ կբեմադրվի: Ինչ վերաբերում է բալետիս, օրերս այդ թեմայով դարձյալ զրուցում էի Ռուդոլֆ Խառատյանի հետ: Կարծում եմ, որ «Երկրորդ լուսինը» ոչ հեռու ապագայում կբեմադրվի խառատյանական խորեոգրաֆիայով»:

Մեր զրուցակցին հիշեցնելով ժամանակին «Առավոտին» ասած նրա հետեւյալ արտահայտությունը՝ «իմ կարգախոսն է լսել ժամանակի դիսոնանսը եւ գտնել դրա լուծումները», հետաքրքրվեցինք՝ այսօր ինչպիսի՞ «ոչ բարեհունչ» երաժշտություն է հնչում մեր քաղաքական դաշտում եւ ստեղծագործական մասով կոմպոզիտորը ի՞նչ լուծումներ է առաջարկում: «Դիսոնանս կամ ոչ բարեհունչ արտահայտությունը կապված չէ միայն քաղաքական դաշտի հետ, այն գալիս է անհատից եւ լայնացնելով շրջանը՝ բարձրանում դեպի վեր: Անհատից մինչեւ քաղաքական դաշտ ճանապարհին է, որ հանդիպում ենք խոչընդոտների, վայրիվերումների… Այ, հենց պետք է գտնել, թե ինչու է ոչ միայն մեր երկիրը, այլեւ այսօր աշխարհը դարձել այսպիսին… Կարճ ասած՝ մեկը մյուսի հետեւանք է կամ՝ այս օրը «ուղղելու» համար պետք է գնալ հետ եւ վերացնել հետեւանքները»,- հայտնեց Վաչե Շարաֆյանը:

 
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
23.03.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մարտ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Փետ   Ապր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031