Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում շարունակվում են գարնան գյուղատնտեսական աշխատանքները: Երեկ առավոտյան անցկացված խորհրդակցությունից հետո նախարար Արամ Մխոյանի կարգադրությամբ փոխնախարար Կարեն Աղաջանյանն ու ԳՆ բույսերի պաշտպանության ծառայության պետ Վալերի Խաչատրյանն այցելեցին Մարտունու եւ Հադրութի շրջաններ՝ հետեւելու հակահրդեհային միջոցառումների շրջանակներում իրականացվող աշխատանքներին (ապրիլի 1-ին այդ նպատակով Կ. Աղաջանյանը եղել էր Մարտակերտի շրջանում): Մարտունու շրջանի հացահատիկային մշակաբույսերի դաշտերում հանդիպեցինք շրջվարչակազմի աշխատակազմի գյուղբաժնի պետ Ռոբերտ Վանյանին, ումից տեղեկացանք տիրող տրամադրությունների ու առկա մթնոլորտի մասին: «Մենք շարունակում ենք հակահրդեհային կանխարգելիչ միջոցառումները: Տրամադրություններս բարձր է, յուրաքանչյուրս իր գործն է անում: Մեր հաղթական բանակն իր գործը պատվով կատարեց, մենք էլ մեր առջեւ դրված խնդիրները պիտի իրականացնենք՝ լծվելով խաղաղ աշխատանքի: Ասեմ նաեւ, որ մեզ հետաքրքրում է գերազանցապես մեր դաշտերի վիճակը: Տարին պիտի որ հաջող լինի, իսկ դրա համար անհրաժեշտ է կատարել պլանով նախատեսված բոլոր աշխատանքները»,- ասաց Ռոբերտ Վանյանը:

Քիչ անց ժամանեց նաեւ Մարտունու հրշեջների խումբը, որոնց հետ Կ. Աղաջանյանը զրույցի բռնվեց եւ ցուցումներ էր տալիս, իսկ ես նկատեցի, որ ընդամենը մի հարյուր հիսուն մետրի վրա մեր հենակետերն են… Այսպես, ղարաբաղցին շարունակում է ապրել ու արարել: Իսկ արդեն երեկոյան Մարտակերտի շրջանից վերադարձավ նախարար Արամ Մխոյանը, որն այնտեղ էր մեկնել ցանքսերի վիճակը ստուգելու նպատակով:
ԿԱՐԵՆ ՄԻՐԶՈՅԱՆ
Ստեփանակերտ
«Առավոտ»
Կարդացեք նաև
09.04.2016

















































