Լրահոս
Օրվա լրահոսը

«Ժարիտ Գրիշ». «Ես վիրավորված եմ եւ վրդովված եմ, ցավում եմ». «Հրապարակ»

Ապրիլ 15,2016 10:56

«Ոչ թե տղերքը հավաքվեցին, որ գնան ինչ-որ մեկի խաթր կամ իշխանությունների խաթր, ոչ, դա հայրենիքի կանչն էր, մեր հայրենիքը, մեր հողերը, մեր սուրբ շիրիմները պաշտպանելու համար։ Չնայած որ հիասթափված եւ հուսալքված են, բոլորը տոկոսի տակ են, բայց հայրենիքի կանչն ուրիշ է»,- նշում է Միլիցիայի հատուկ նշանակության ջոկատների վետերանների միության նախագահ Գրիշա Սարգսյանը (Ժարիտ Գրիշ), որի ղեկավարությամբ ապրիլյան 4-օրյա մարտերի ժամանակ առաջնագիծ մեկնեցին նաեւ միության անդամները:

– Պարոն Սարգսյան, իսկ մեր հասարակության մեջ առաջացած բողոքի ալիքի մասի՞ն ինչ կասեք, որոնք ուղղված են մեր ղեկավարությանը, արտաքին գործերի նախարարությանը։

– Ես վիրավորված եմ եւ վրդովված եմ, ցավում եմ։ Այս 3 օրվա պատերազմը մեր իշխանություններին մտածելու եւ մտահոգության տեղիք է տալիս։ Այս օրերի պատերազմը եթե շարունակվեր 10 օր, մենք մեծ զոհերի եւ արհավիրքների դեմ կկանգնեինք, չէինք պարտվի, բայց կունենայինք մեծ կորուստներ եւ ահավոր մեծ զոհեր։

25 տարի զինադադար էր, մինչեւ օրս միլիարդավոր դոլարներ են մտել Հայաստան՝ ՀՀ բանակը զինելու ամենավերջին տեխնոլոգիայով, Հայաստանի տնտեսությունը ծաղկեցնելու համար, բայց նպատակային ոչինչ չի ծախսվել։ Միայն մի քանի անձինք հարստացել են, միլիարդներ են դիզել օֆշորային գոտիներում եւ հարստահարել են հայ ժողովրդին։

Այսօր ազգովի գտնվում ենք դժվար կացության մեջ, հանապազօրյա հացի խնդիր լուծելու համար պանդխտության ցուպը ձեռքերին՝ լքում են Հայաստանը եւ մեկնում են այլ երկրներ՝ հանձնվելով «Կարմիր խաչերին»։

Այո, ունենք հզոր, մարտունակ բանակ, բայց դա մարտական հոգին է զինծառայողների եւ համայն հայության։ Եվ ես ցավում եմ… թող իշխանությունները քիչ լափեին եւ թալանեին հայ ժողովրդին եւ Հայաստանում ներդրված բոլոր գումարները։ Մինչեւ օրս, 20 տարվա ընթացքում, պետք է Հայաստանի բանակն ամենավերջին տեխնիկայով վերազինված լիներ։

– Ձեր եւ հասարակության բարկությունը հետագայում մեր ներքաղաքական կյանքի վրա ազդեցություն կունենա՞, ի՞նչ եք կարծում։

– Ես քաղաքական գործիչ չեմ, բայց միանշանակ կարող եմ ասել, որ այն իշխանությունը, որ տարիներ շարունակ թալանում, հարստահարում եւ ծնկի է բերում իր ժողովրդին, եթե ոչ այսօր, ապա օրերից մի օր պատժվելու է իր իսկ ժողովրդի կողմից։ Այսօր մեր երկրում կան գերհարուստներ, օլիգարխներ եւ կան սոսկալի աղքատներ, որոնք հանապազօրյա հացին կարոտ են։

Ինչո՞ւ է հայությունը լքում Հայաստանը, որովհետեւ համատարած տիրում է անարդարություն, անբարոյականություն, կոռուպցիա եւ թալան։

Չի կարող պատահել, որ անձը հզոր լինի պետությունից, այսօր Հայաստանում անհատները, օլիգարխները կամք են թելադրում պետությանը։ Այսօր

Հայաստան պետությունը սեփական կատու չունի, իսկ օլիգարխները հանքեր ունեն, զավոդներ, զվարճության կենտրոններ, բանկեր, գեսեր եւ ամեն ինչ։ Բայց պետք է հակառակը լիներ, որպեսզի բոլոր ռազմավարական նշանակության օբյեկտները լինեին պետական սեփականություն, այսինքն՝ ընդերքը, լույսը, ջուրը, կապը եւ նույնիսկ աղը։

Սիրան ՀՈՒՆԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930