Լրահոս
Օրվա լրահոսը

Ի՞նչ դասեր է պետք քաղել Հրազդանի ընտրություններից. վստահված անձի աչքերով

Ապրիլ 21,2016 15:40

2017 թվականի ապրիլին Հայաստանում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Նոր սահմանադրությամբ խորհրդարանական կառավարման համակարգ ունեցող մեր պետության համար, փաստորեն, սրանք կարևորագույն ու ամենանշանակալի ընտրություններն են, ինչը նշանակում է, որ թե´ իշխանությունը, և թե´ ընդդիմությունն իրենց ողջ ռեսուրսներով ընկղմվելու են այս պայքարի մեջ։

Հայտնի է, որ Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը, որի անդամն եմ հանդիսանում նաև ես, սկսել է նախապատրաստվել 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին դեռևս նախորդ տարվանից։ Երիտասարդ կուսակցությունն իր ձևավորման առաջին օրվանից հայտարարել է՝ Քաղաքացիական պայմանագիրը ոչ թե ասում է, թե ընտրություններով ոչինչ չի փոխվի, այլ փորձում է հասկանալ, թե ինչ է պետք անել իշխանափոխության դե յուրե գործիք հանդիսացող ընտրությունները նաև դե ֆակտո իշխանափոխության գործիք դարձնելու համար։

Այսինքն, կուսակցությունը թեև չի պնդում, որ միայն բուն ընտրություններով հնարավոր է երկրում իշխանափոխության հասնել, չի պնդում, որ ընտրությունները չեն կարող կեղծվել, սակայն հայտարարում է, որ ընտրություններով հաղթելն իրատեսական է, ուստի, նախ, հարկավոր է մասնակցել դրանց, և ժողովրդի վստահության քվեն ստանալու դեպքում գործել որպես իշխանություն, ինչն էլ ամենևին չի բացառում հետընտրական գործընթացներում սկզբունքային և կոշտ պայքարը:

Բայց կարևոր է ընդգծել, որ այդ պայքարի հիմքում պետք է ընկած լինի ոչ թե ֆիզիկական ուժը, այլ փաստարկների, քաղաքական մեթոդների, լեգիտիմության և լեգիտիմության միակ աղբյուրի՝ ժողովրդի ընտրության ուժը:

Օրեր առաջ Հրազդանում կայացան քաղաքապետի ընտրությունները, որում հաղթանակ տարավ ՀՀԿ-ական Արամ Դանիելյանը՝ շուրջ 2 հազար ձայնով առաջ անցնելով իր հիմնական մրցակցից՝ ՔՊ-ական Սասուն Միքայելյանից, թեև ընդդիմադիր քաղաքական ուժին հաջողվեց ստեղծել վստահված անձանց պրոֆեսիոնալ թիմ ու ցանց, աննախադեպ կերպով տոտալ վերահսկողություն իրականացնել քաղաքի բոլոր 28 ընտրատեղամասերում։

Հատկանշական է, որ ՔՊ վստահված անձանց թիմը փաստացի պաշտպանեց ոչ միայն իր թեկնածուի, այլև նույն Դանիելյանի և երրորդ թեկնածուի՝ ՕԵԿ-ական Արթուր Միսակյանի քվեները, ժողովրդի ընտրությունը։ Բանն այն է, որ մեր խնդիրն էր ապահովել Հրազդանում ազատ և արդար ընտրությունների անցկացումը, և մեզ հաջողվեց դա իրականացնել։ Արամ Դանիելյանը չհաղթեց Սասուն Միքայելյանին լցոնումների, կրկնաքվեարկությունների և ընտրատեղամասերում տարատեսակ այլ ընտրախախտումների շնորհիվ, մեզ իսկապես հաջողվեց հաղթել ներսում, այլ բան է, որ դրսում պարտվեցինք։

Բանն այն է, որ թե´ ընտրությունների օրը, և թե´ նախընտրական շրջանում բաժանված ընտրակաշառքը, որն ընդհանուր հասնում էր մի քանի հարյուր հազար դոլարի, գտավ իր հասցեատերերին։ Անգամ որոշ թաղամասերում, որտեղ Սասուն Միքայելյանն ուներ ձայների 70/30 հարաբերակցությամբ առավելություն, արդյունքում պարտվեց 30/70-ով։ Ստացվում է, որ իրենց ձայնը վաճառեցին անգամ նրանք, ովքեր լիուլի փոփոխությունների կողմնակից էին, ովքեր սատարում էին ընդդիմադիր գործչին ու ծայրահեղ վատ արտահայտվում գործող քաղաքապետի մասին։ Բայց նրանք վերցրին փողն ու իրենց ձայնը տվեցին Դանիելյանին։ Այսպիսով, մեզ հաջողվեց պաշտպանել յուրաքանչյուր քաղաքացու քվեն՝ անկախ այն բանից, թե ում օգտին էր այն։ Ինչևէ, Հրազդանը կատարեց իր ընտրությունը։

Հրազդանի ընտրությունները, սակայն, ունեցան նաև լուսավոր կետեր։ Նախ, ինչպես արդեն նշվեց, Քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը հաջողվեց լուծել անհնարին թվացող խնդիրն ու ընտրատարածքներում լիովին վերահսկել ընտրական գործընթացը՝ այդ կերպ ապացուցելով ընտրությունների վերահսկման վերաբերյալ առաջ քաշած իր թեզերի իրատեսական լինելը։ Եվ երկրորդ, ավելի քան 11 հազար մարդ գերադասեց արհամարհել նյութականն ու չվաճառել իր ձայնը (Միքայելյան՝ 10000+, Միսակյան՝ 1000+)։

Ես ինքս, որպես Սասուն Միքայելյանի վստահված անձ, 25/13 ընտրատեղամասում մասնակցել եմ ընտրությունների վերահսկման աշխատանքներին։ Հետաքրքիր է, որ մեր ընտրատեղամասում ձայների 380/287 հարաբերակցությամբ հաղթեց մեր թեկնածուն, և դա այն դեպքում, երբ հանձնաժողովի հանրապետական նախագահը Արամ Դանիելյանի եղբայրն էր։ Բացի այդ, քանի որ կասկածներ ունեինք, որ ընտրաթերթիկների թիվը չի համապատասխանում ընտրատեղամաս եկած ընտրողների թվին, համառեցինք և ստիպեցինք հանձնաժողովի նախագահին մինչև քվեարկության ավարտը՝ 18։30-ի դրությամբ, թույլ տալ մեզ ծանոթանալ ընտրողների ցուցակին և հաշվել բոլոր ստորագրությունները։ Հաշվեցինք, արդյունքում պարզվեց՝ ամեն ինչ կարգին է։

Սակայն պարտադիր եմ համարում ընդգծել, որ ընտրատեղամասերում հանուն արդար ընտրությունների անցկացման թեև փոքրաթիվ, բայց մեզ հետ միասին պայքարում էին նաև որոշ ԶԼՄ ներկայացուցիչներ, դիտորդներ ու տարբեր կուսակցություններ ներկայացնող հանձնաժողովականներ։ Այսպիսով, 25/13-ի և, առհասարակ, Հրազդանի օրինակը ցույց տվեց, որ պրոֆեսիոնալ, կազմակերպված թիմով ոչ միայն հնարավոր է պարզապես վերահսկել ընտրական գործընթացը ներսում, այլև հանդես գալ պահանջներով ու հասնել դրանց կատարմանը։

2017 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդառաջ իշխանափոխության ձգտող ընդդիմադիր ուժերին հուզող հիմնական երկու հարցերն են՝ ինչպես վերահսկել ընտրական գործընթացը ներսում և դրսում։ Եթե առաջին հարցի պատասխանը տրվեց Հրազդանի ընտրություններում, այն է՝ խորհրդարանական ընտրություններում ընտրական գործընթացը վերահսկելու և արդար ընտրություններ ապահովելու համար միանալ «6 հազար վստահված անձ» նախագծին (v6000.am), ապա ընտրակաշառքների մասով որևէ «դեղատոմս» այս պահին դեռ չկա։

Սակայն մինչև երկրորդ կետին անդրադառնալը պետք է հիմնավորել, թե ինչու է հարկավոր միանալ այդ նախագծին, այլ ոչ թե անհատապես լծվել ընտրությունների վերահսկման աշխատանքներին։ Բանն այն է, որ Հրազդանում հաջողվեց վերահսկել ողջ ընտրական գործընթացը միմիայն կազմակերպված, համակարգված աշխատելու շնորհիվ, վստահված անձերի, ինչպես նաև կենտրոնական շտաբերի ու ենթաշտաբերի միջև ստեղծված ցանցը, մշտական կապի առկայությունը թույլ տվեց ավելի ուժեղ գտնվել ոչ պակաս կազմակերպված մրցակցից։ Ուստի ողջունելի է, երբ որևէ քաղաքացի ցանկանում է վերահսկել ընտրական գործընթացը, սակայն անհատական գործելաոճը զգալիորեն նվազեցնում է նրա կատարած աշխատանքի արդյունավետությունը։

Այժմ փորձենք վերլուծել, թե ինչ տեղի ունեցավ Հրազդանում և, ինչու ոչ, համապատասխան հետևություններ անելուց հետո պատկերն առավել պարզ կդառնա և գուցե հաջողվի որևէ լուծում գտնել։ Փաստ է, որ այսօր ավագ սերնդի զգալի հատվածն իր քաղաքացիական ինքնագիտակցության մակարդակով անհամեմատ զիջում է երիտասարդությանը, ինչն էլ արտահայտվեց հենց Հրազդանի քաղաքապետի ընտրություններում. իրենց ձայնը վաճառողների գերակշռող մասը 40+ տարեկան մարդիկ էին՝ հիմնականում սոցիալական, առողջական խնդիրներ ունեցող տարեց կանայք և տղամարդիկ։ Իհարկե, սա ամենևին էլ չի արդարացնում կաշառք վերցնելու փաստը, սակայն հենց այս իրականությունում ենք մենք ապրում, ուստի պետք է համակերպվենք այդ մտքի հետ և փորձենք լուծումներ գտնել այս համատեքստում։

Վերջին օրերին շատ է խոսվում այն մասին, որ հարկավոր է խորհրդարանական ընտրություններից առաջ աշխատել Վարդուշ տատիկների հետ, բացատրել նրանց, որ այդ 10 հազար դրամն ավելի թանկ չէ, քան հայրենիքը, քան իրենց թոռների ապագան, որ դա հանցագործություն է և այլն։

Կան նաև կարծիքներ, որ եթե քաղաքացին վերցնում է այդ 10 հազարն ու ընտրում ՀՀԿ-ական թեկնածուին, դա նշանակում է, որ ընդդիմության կատարած աշխատանքի արժեքը չի գերազանցում 9999-ը։ Մինչև Հրազդանի ընտրություններն այս տեսակետներն ինձ համար մասամբ ընդունելի էին, բայց այժմ՝ ոչ այլևս։ Բանն այն է, որ ինչ էլ անես, որքան էլ մաքուր քաղաքական կենսագրություն ունենաս, որքան էլ հոգ տարած լինես Վարդուշ տատիկի մասին, ցավոք, այդ պահին նա կրկին գերադասելու է նյութականը, նա 4 տարի 364 օր կբողոքի, կքննադատի, կմեղադրի, կհայհոյի իշխանություններին, սակայն 10 հազարն այդ մեկ օրում կփոխի նրան, մինչդեռ նա չէր ցանկանում իր ձայնը տալ ՀՀԿ-ին։ Ուստի Վարդուշ տատիկի հետ զրույցում պետք չէ խոսել հայրենիքից, պետք չէ խոսել իր թոռների ապագայից, պետք չէ խոսել վեհ արժեքներից ու ազգային-պետական գաղափարներից, նա այդ ամենի մասին արդեն գիտի, նա գիտի, բայց կրկին այդ մեկ օրվա գայթակղությանը չի կարող ընդդիմանալ։

Մենք «հին» մտածելակերպ ունեցող մարդկանց մեկ տարում քաղաքացիական կրթությամբ դաստիարակել չենք կարող, ոչ ոք չի կարող, մենք պարզապես Վարդուշ տատիկին պետք է ասենք. «Մայրիկ ջան, վերցրու այդ փողն ու ընտրի նրան, ում ցանկանում ես»։ Այնուհետև պետք է ցույց տանք տատիկին, որ քվեախցիկում իրենից բացի ոչ ոք չկա, տեսախցիկ չկա, իր հետևում հայելի, պատուհան չկա, ոչ ոք չկա, և նա կհավատա մեզ։ Եթե հանրապետականներին հաջողվել է մարդկանց համոզել, որ իրենք ստուգում են, վերահսկում են և կարող են իմանալ՝ արդյոք տվյալ անձն ընտրել է իրենց թեկնածուին, թե ոչ, ապա մենք կարող ենք մարդկանց համոզել հակառակը, խոսել փաստերով, իրերը ներկայացնել հիմնավորված կերպով, և նրանք կհավատան մեզ։

Այժմ հարց է ծագում, իսկ ի՞նչ անել, եթե որևէ ընտրատեղամասում վստահված անձինք թուլացնեն իրենց զգոնությունն ու արդյունքում քվեաթերթիկը դուրս բերվի և ՀՀԿ-ն գործի դնի իր հայտնի «կարուսելը», այդ դեպքում ի՞նչ պիտի անի տատիկը։ Դրա լուծումն էլ կա։ Երբ դրսում ընտրակեղծարարը փողը վերցրած քաղաքացուն տալիս է արդեն ընտրած քվեաթերթիկը, վերջինս, ընտրատեղամասում վերցնելով նոր, դատարկ թերթիկը, մոտենում է քվեախցիկին, որտեղ իր գրպանն է դնում նոր, դատարկ թերթիկն ու գրպանից հանում ընտրակեղծարարի տված, ընտրած թերթիկը։ Դրանից հետո քաղաքացին մեկ այլ թեկնածուի անվան դիմաց քվեարկում է կամ պարզապես որևէ այլ կերպ անվավեր է դարձնում, փչացնում է թերթիկն ու դնում ծրարի մեջ։ Փողը վերցրած քաղաքացու ձայնը մեզ չի տրվում, բայց այն չի էլ հասնում հանրապետականին։ Արդյունքում Վարդուշ տատիկը նոր, դատարկ թերթիկը հանում է դուրս, տալիս ընտրակեղծարարին։

Այսպիսով, ընտրություններին ընդառաջ այս մեխանիզմը լայնորեն տարածվում է ինչպես համացանցում, այնպես էլ ընդդիմությանը համակրող, սակայն հանուն 10 հազար դրամի իր ձայնը վաճառելու պատրաստ քաղաքացիների հետ զրույցում։ Այո´, կաշառք վերցնելը կաշառք տալուն հավասար հանցագործություն է, սակայն մերօրյա իրականությունն այլ է, պետք է գնանք այս քայլին, հաղթենք ընտրություններում ու դանդաղ, համբերատար սերունդներին կրթենք որպես իսկական քաղաքացիներ՝ արմատախիլ անելով մեր հասարակության ներսում առկա այն բոլոր բացասական երևույթները, որոնց հետ այսօր հաշվի չնստել չենք կարող։

Ամփոփելով վերոշարադրյալը՝ նշենք, որ 2017 թվականին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններով իշխանափոխություն իրականացնելու համար հարկավոր է՝

1.      Ընտրությունների օրը ընտրատեղամասերի ներսում տոտալ վերահսկողություն սահմանել, իսկ դրա համար, նախևառաջ, անհրաժեշտ է միանալ «6000 վստահված անձ» նախագծին, համագործակցել ոչ միայն 3-ական հոգուց բաղկացած թիմակիցների, այլև դիտորդների և հանձնաժողովի այն անդամների հետ, որոնց խնդիրը ևս կլինի արդար ընտրությունների անցկացման ապահովումը

2.      Ինչպես նախընտրական շրջանում, այնպես էլ ընտրությունների օրն աշխատել ընտրակաշառք վերցնող քաղաքացիների հետ և համոզել քվեարկել իրենց իսկական թեկնածուի օգտին

Մխիթար ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930