Լրահոս
Օրվա լրահոսը

«Նավասարդ Կճոյանն ու Տիգրան Սարգսյանը զոհ են». Աշոտ Սուքիասյանի գյուտն ու իր զոհերը

Ապրիլ 21,2016 17:59

Այսօր Aravot.am,-ի հետ զրույցում «օֆշորի» հայտնի գործով խարդախության եւ փողերի լվացման մեջ մեղադրվող Աշոտ Սուքիասյանի պաշտպանը՝ Յուրիկ Խաչատրյանը վստահեցրեց, որ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն ու Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը «մաքուր» են ու այդ գործի հետ կապ չունեն. «Իմ պաշտպանյալը նշել է, որ ինքն է ստորագրել նրանց փոխարեն ու դրա համար վատ է զգում: Նրանց անձնագրի պատճեները եղել են իր մոտ, Աշոտ Սուքիասյանն է վերցրել»:

Մեր դիտարկմանը, որ վկա Արփի Բալյանը դատարանում ասաց, որ անձամբ է տեսել ադամանդների գործով փաստաթղթեր կազմելիս Աշոտ Սուքիասյանի հետ սրբազանին, Կիպրոսում անընդհատ իրար հետ են եղել՝ Յուրիկ Խաչատրյանը պատասխանեց, որ օդանավակայանի տվյալներով այդպիսի փաստ չկա, որ Կճոյանն ու Աշոտ Սուքիասյանը գտնվել են Կիպրոսում նույն ժամանակահատվածում:

Մեր հարցին՝ այսպես Տիգրան Սարգսյանին ու սրբազանին այս գործից հեռացնելով՝ ձեր պաշտպանյալի վրա է այսպես ասած «ջարդվում» ամեն ինչ՝ Յուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Ջարդվելը այն կլիներ, որ քավության նոխազ լիներ իմ պաշտպանյալը, բայց այդպիսի բան չկա, նման փաստեր մենք չունենք: Եթե ունենանք, իմ պաշտպանյալը հիմար չի, որ իր վրա վերցնի մի բան, որն ինքը չի արել»:

Մեր դիտարկմանը՝ հաշվի առնելով, թե ում մասին է խոսքը, հնարավոր է շահադիտական նպատակներով եւ իր վրա վերցնի՝ մյուսներին «մաքուր» պահելու համար, հնարավոր չի՞ դա, որ Աշոտ Սուքիասյանին ասեն՝ մեր անունը մի տուր, քո վրա վերցրու, մենք «տակից» դուրս կգանք՝ Յուրիկ Խաչատրյանն արձագանքեց. «Դա վարկած է, ամեն ինչ էլ հնարավոր է, բա իրավաբանությունն ինչի՞ համար է: Իրավաբանությունը փաստերի հիման վրա է: Հազար վարկած կարող է պտտվել, բայց փաստերի հիման վրա պարզվում է իրականությունը: Կճոյանը նույնիսկ հարցաքննվել է, եւ որեւէ փաստ, հանգամանք չկա, որ մի թեթեւ կասկածանքի տեղիք տա: Սրբազանը հարցաքննվել է եւ հայտարարել է՝ ցանկացած հրավերքի ժամանակ պատրաստ է ներկայանալ դատարան»:

Մեր հարցին՝ եթե իսկապես նրանք կապ չունեն «Օֆշորի գործի» հետ, ինչո՞ւ հենց այդ երկու անունները շրջանառվեցին, ինչո՞ւ նրանց ստորագրությունները, նրանց անձնագրի պատճենները հայտնվեցին օֆշորային ընկերության փաստաթղթերում՝ Յուրիկ Խաչատրյանը պատասխանեց, որ մամուլում նրանց անունները գրեցին «իբր սենսացիա են անում, որպեսզի իրենց լրագիրը լավ կարդացվի»:

Փաստաբանը նշեց, որ քանի դեռ չկա փորձագիտական եզրակացություն, որ այդ ստորագրությունը հենց Տիգրան Սարգսյանինն ու Կճոյանինն են, դա չի կարելի ընդունել՝ որպես իրողություն:

Մեր հարցին՝ չե՞ք պատրաստվում միջնորդել, որ լինի, այդ փորձագիտական քննությունն անցնի, որպեսզի լույս լինի այս հարցում՝ Յուրիկ Խաչատրյանը պատասխանեց. «Երբ որ իմ պաշտպանյալն ինձ կասի՝ Յուրա ջան, ես չեմ դրել այդ ստորագրությունը, ես իմ մասնագիտական հմտությունները կներդնեմ ու կպարզեմ: Բայց Աշոտ Սուքիասյանն է արել, նմանեցրել է ստորագրությունը: Ինքը մի գործիք է հնարել՝ գյուտարարություն է արել, որ մի կողմից եթե ինչ-որ պատկեր, նկար, ստորագրություն լինի, այդ սարքը կարող է մյուս կողմում վերարտադրել գործիքով: Ինքը այլ իրավասություն չի տալիս, որ ես իր ասածին դեմ գնամ»:

Փաստաբանը հայտարարեց, որ այս պատմության մեջ Տիգրան Սարգսյանն ու սրբազանը զոհ են:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930