Լրահոս
Օրվա լրահոսը

Օֆշորի գործ. «Փայլակ Հայրապետյանը ասաց՝ դու ոչ մեկի կարիքը չունես, ես ամեն ինչ կտրամադրեմ»

Ապրիլ 28,2016 18:12

Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում ապրիլի 28-ին շարունակվում էր «Օֆշորի գործի» քննությունը:

Դատական նիստի ընթացքում ամբաստանյալ Աշոտ Սուքիասյանին իր հարցերն ուղղեց Փայլակ Հայրապետյանի ներկայացուցիչ Շալիկո Փիրուզյանը: Նա հետաքրքրվեց, թե ժողովի ընթացքում ով ինչ առաջարկությամբ է հանդես եկել:

Աշոտ Սուքիասյանը պատասխանեց, որ այնտեղ բոլորը հետաքրքրվում էին, թե ինչպես կարելի է ադամանդագործությունը ոտքի կանգնեցնել. «Ինձնից խորհուրդ են հարցրել, ես էլ խորհուրդ եմ տվել, որ հարկավոր է գնալ Աֆրիկա, չվախենալ, ստեղծել բժիշկների, երկրաբանների խումբ, օֆիսներ վարձակալել: Իսկ եթե ուզում եք ասել՝ ասե՞լ եմ, թե՞ չէ՝ ես փայատեր եմ եղել. ես փայատեր էի, բայց այդ մասին չեմ ասել: Ընդհանրապես ես սովորություն չունեմ ինձ գովել, մեծարել, ընդամենը ասել եմ վարձակալեք օֆիսներ, բայց մարդիկ գումար չունեին»:

Աշոտ Սուքիասյանը նշեց, որ ինքը ո՛չ այդ աշխատանքների կարիքն ուներ, ո՛չ այդ ժողովին մասնակցելու կարիքը, իրեն պարզապես խնդրել են մասնակցել. ինքը այդ ժողովին հրավիրվել է որպես ադամանդագործության մասնագետ եւ խորհրդատու. «Ես առաջարկել եմ, որ խումբ կազմեն, ամեն մեկը ներկայացուցիչ տրամադրի, գնան այնտեղ օֆիս վարձակալեն եւ գնեն այդ հումքը՝ ով ինչքան հնարավորություն ունի: Ինչից հետո Փայլակ Հայրապետյանը ասաց, որ դու ոչ մեկի կարիքը չունես, ես ամեն ինչ կտրամադրեմ»:

Հարցին, թե ճի՞շտ է, որ նա ադամանդի հումք է ցույց տվել ժողովի մասնակիցներին, Աշոտ Սուքիասյանը պատասխանեց, որ ոչ մեկին ցույց չի տվել, ընդհակառակը՝ իր գրասենյակում է բացել, որտեղ միայնակ է եղել. «Ոչ մեկին չեմ ցուցադրել, ոչ մեկին ցուցադրելու կարիք չկա, առավել եւս՝ գաղտնիք էր դա»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Ապրիլ 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մար   Մայիս »
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930