Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՊ-ի` Ստամբուլը գրավելու ախորժակը եւ իրականությունը

Մայիս 02,2016 18:05

Ըստ իսլամի հիմնադիր ու մարգարե Մուհամմադի հադիսների` «Դաբիկում Արևմուտքը պարտվելու է, որից հետո մուսուլմանները գրավելու են Կոստանդնուպոլիսը» (Ստամբուլը): Հադիսները համարվում են աստվածային հայտնություններ, որոնք մուսուլմաններին փոխանցվել են Մուհամմադ մարգարեի միջոցով: Հադիսներ են համարվում նաեւ վերջինիս կյանքի մասին պատմությունները:

«Դաբիկում` Հալեպի հյուսիս-արեւելքում գտնվող բնակավայրում է տեղի ունենալու վճռորոշ ճակատամարտը` մուսումլանների եւ խաչակիրների կամ քրիստոնյաների միջեւ: Հադիսներում նշվում է, որ այդ ճակատամարտը «հռոմեացիների» դեմ է լինելու: Ըստ նույն հադիսների` այդ ճակատամարտում հաղթելու են մուսուլմանները եւ, որպես վերջնարդյունք, գրավելու են Կոստանդնոպոլիսը, այսինքն դարձյալ, ըստ հադիսների, քրիստոնյա աշխարհի կենտրոնը»,-Aravot.am-ի հետ զրույցում մեկնաբանեց արաբագետ Արմեն Պետրոսյանը:

armen-petrosyan-arabaget

Նրա բնորոշմամբ` առհասարակ, ԻՊ-ի կողմից Ստամբուլի, Հռոմի, Մադրիդի և եվրոպական մի շարք այլ խոշոր քաղաքների գրավման մասին պարբերաբար հնչող հայտարարություններն առաջնահերթ քարոզչական նպատակ ունեն եւ պայմանավորված են այդ կառույցի շուրջ ստեղծված իրավիճակով. «Մասնավորապես, խոսքը ակնկալվող վճռորոշ ռազմական գործողությունների հեռանկարի մասին է, որն առաջիկայում կարող է ծավալվել այս ահաբեկչական կառույցի դեմ: Մի կողմից, ԱՄՆ-ի գլխավորած միջազգային հակաահաբեկչական կոալիցիայի իրականացրած օդային հարվածները, մյուս կողմից՝ այդ կոալիցիայի ցամաքային դաշնակիցների՝ քրդական, որոշ սիրիական հակակառավարական խմբավորումների, ինչպես նաև՝ սիրիական բանակային ստորաբաժանումների կողմից իրականացված վերջին ցամաքային գործողությունները և մարտավարական տեղաշարժերը թույլ են տալիս կանխատեսել, որ ԻՊ-ի դեմ վճռական գրոհ է նախապատրաստվում Սիրիայում` այդ կառույցի «մայրաքաղաք» հռչակված Ռաքքա քաղաքի դեմ:

Մյուս կողմից էլ, նույն ռազմական կոալիցիայի, քրդական զինուժի և իրաքյան բանակային ստորաբաժանումների ու նրանց հարող շիայական խմբավորումների կողմից կարծես մեկնարկել է Իրաքի Մոսուլ քաղաքի ազատագրման ռազմական գործողությունը: Վերոնշյալի հետևանքով, ինչպես նաև կառույցի առջև ծառացած լուրջ ֆինանսական խնդիրների պատճառով, ոչ միայն էականորեն նվազել են նոր «ջիհադականների» հոսքերը դեպի ԻՊ-ի վերահսկողության ներքո գտնվող տարածքներ, այլև լուրջ դասալքություն է սկսվել կառույցի շարքերում: Այսպիսի պայմաններում կառույցը դիմում է նման քարոզչական հնարքի՝ փորձելով իրականացնել իսլամական ծայրահեղ արմատականների համախմբման վերջին փորձերը»:

dabiq-map

Արմեն Պետրոսյանի դիտարկմամբ` նշյալ քարոզչական հնարքում ԻՊ-ն խորհրդանշական եզրաբանություն է կիրառում. «Մասնավորապես, Ստամբուլը իսլամական-արմատականների համար ընկալվում է որպես Կոստանդնուպոլիս, այսինքն` քրիստոնյա Արեւմուտքի կենտրոնը: Ստամբուլի գրավման մասին հայտարարությունները նաեւ պարունակում են մոտ ապագայում Արեւմուտքի դեմ ուղղված Դաբիկի վճռական ճակատամարտին մասնակցելու կոչ` ուղղված մուսուլմաններին: Այսինքն, ԻՊ-ն եւս պատրաստվում է ներսիրիական եւ արեւմտյան ուժերի դեմ լուրջ դիմադրության»:

Մեր զրուցակիցը նշեց` Թուրքիան եւս հասկանում է, որ ԻՊ-ի կողմից Ստամբուլի գրավման մասին հայտարարությունները քարոզչական բնույթի են. «Ստեղծված իրավիճակում ԻՊ-ն անգամ Սիրիայում և Իրաքում իր զբաղեցրած տարածքներից դուրս գալու հնարավորություններ չունի: Այդ կառույցը նման մակարդակի է հասել և այսօր էլ լուրջ կախվածություն ունի հենց թուրքական իշխանությունների դիրքորոշումից և քաղաքականությունից: Հենց այս համատեքստում կարծում եմ, որ ԻՊ-ը Թուրքիայի դեմ գործողությունների, առավել ևս լուրջ առճակատման չի գնա` հաշվի առնելով նաև սեփական նշանակությունը Թուրքիայի համար՝ հատկապես ներսիրիական գործընթացներում և քրդական կառույցների դեմ պայքարում: Իսկ սահմանային կրակոցներն ու արկակոծոթյունները ձեւական բնույթ են կրում` ցույց տալու համար, թե իբր Թուրքիայի եւ ԻՊ-ի միջեւ կա հակամարտություն, բայց դա եւս ձևական և քարոզչական ֆոն ստեղծելու համար է: Այս երկու դերակատարների միջեւ լուրջ հակամարտություն չկա և չի կարող լինել՝ հաշվի առնելով փոխադարձ կախվածության իրողությունը»,-եզրափակեց Արմեն Պետրոսյանը:

Հիշեցնենք, որ «Իսլամական պետության» գրոհայինները Ստամբուլի գրավման համատեքստում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին անվանում են «Թուրքիան քրդերին եւ ԱՄՆ-ին վաճառած դավաճան»:

 

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Մայիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Ապր   Հուն »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031