ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովն այսօր քննարկում էր 2015 թվականի դեկտեմբերի 23-ին Մոսկվայում ստորագրված «Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև Հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում հակաօդային պաշտպանության միավորված տարածաշրջանային համակարգ ստեղծելու մասին» համաձայնագիրը:
Հիմնական զեկուցող, Պաշտպանության փոխնախարար Արա Նազարյանն ասաց` այսօր Հայաստանում կան տեղակայված հակաօդային պաշտպանության համակարգեր, բայց այս համաձայնագրով խոսքը գնում համատեղ գործողությունների մասին:
«Անհրաժեշտության դեպքում Հայաստանը կարո՞ղ է միայնակ որոշումներ կայացնել՝ իր օդային պաշտպանությունը կազմակերպելու համար»,- հետաքրքրվեց Ալեքսանդր Արզումանյանը:
«Խաղաղ ժամանակ Հայաստանը կարող է ինքնուրույն որոշել, իսկ պատերազմական իրավիճակում Ռուսաստանի հետ միասին»,- ասաց Արա Նազարյանը:
Կարդացեք նաև
Պատասխանը վրդովվեցրեց Նիկոլ Փաշինյանին: Նա գտնում է, որ հենց պատերազմական իրավիճակում պետք չէ մեր երկրի հակաօդային պաշտպանությունը կազմակերպել Ռուսաստանի հետ. «Չորսօրյա պատերազմի փորձը վախեցնում է, որ պատերազմի ժամանակ մենք մեր օդային պաշտպանությունն իրականացնելու ենք Ռուսաստանի հետ: Մենք ընդհանրապես ի՞նչ ենք ստանում, ինչո՞ւ ենք մեր հակաօդային պաշտպանությունը դնում Ռուսաստանի հետ համատեղության տակ»:
Փոխնախարարի պատասխանը` տեսանյութում

Մանրամասները` տեսանյութում
Իսկ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ սա հերթական «բուտաֆորիա համաձայնագիրն» է, որը նպատակ ունի պատրանք ստեղծել, թե Ռուսաստանը պաշտպանում է Հայաստանի օդային անվտանգությունը: Իր ելույթում նա ասաց. «Սա հերթական բուտաֆորի համաձայնագիրն է, երբ որ Հայաստանի պաշտոնյաները կամ իշխանության ներկայացուցիչները Հայաստանի՝ անվտանգության աստիճանի բարձրացնելու կարիքներից ելնելով, պատրանք ստեղծելու համար մի համաձայնագիր են ստեղծում Ռուսաստանի հետ, թե տեսեք այս համաձայնագրով ուժեղացնում ենք օդային պաշտպանությունը: Այս դահլիճում Ռուսաստանի մի ներկայացուցչի, երբ որ նրանք «Սմերչ» համակարգ էին վաճառել Ադրբեջանին, ասեցի`գիտե՞ք, որ հիմա մենք ձեզ հետ միասին գտնվում ենք այդ «Սմերչի» ուղիղ նշանառության տակ: Պատասխանեցին, թե գիտե՞ք ռուսական ռազմաբազայում ինչ զենքեր ունենք: Է~ մեզ ի՞նչ ռուսական ռազմաբազայում ինչ զենքեր կան: Անհրաժեշտության դեպքում Ռուսաստանը ինքը կորոշի այդ զենքը օգտագործի Հայաստանը պաշտպանելո՞ւ, թե՞ ծնկի բերելու համար»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ


















































