Լրահոս
Օրվա լրահոսը

Օրագրություն ցեղասպանության մասին

Հունիս 06,2016 16:15

Հայոց Մեծ եղեռնի մասին պատմող փաստաթղթերի, վավերագրերի շարքը օրերս համալրվեց մեկով, լույս տեսավ հրապարակախոս, գրող Արմենի (Արմեն Մարգարյանի) «Կարապետ» վեպ-օրագրությունը: Այն հեղինակի նախապապի` Կարապետ Դեմիրյանի հուշերն են, որոնք վերաբերում են ահասարսուռ օրերին Բուրսա գավառի Օրհանգազի շրջանի Մեծ Նորգյուղի հայերի զագվածային ցեղասպանությանը, օսմանյան կայսրության մարդատյաց քաղաքականությանը, բռնություններին, գաղթի ճանապարհին ապրած ծանր օրերին:

Օրագրությունը սկսվում է Մեծ Նորգյուղի տեղադրության նկարագրությամբ` 1915թ.-ի օգստոսից մինչեւ 1918թ. սեպտեմբերը: Ականատեսի հավաստիությամբ գրքի հեղինակը իրական փաստերը ներկայացնում է այնպես, ինչպես պատմել է Կարապետը, իսկ դրանք այն փաստերն են, որ մեկ անգամ եւս հաստատում են հայերի նկատմամբ օսմանցիների կողմից իրականացրած ցեղասպանությունը:
«Կարապետ» վեպ-օրագրության հրապարակումը կարեւոր հանգրվան է Թուրքիայի սեփական պատմության հետ առերեսվելու եւ ցեղասպանությունների դեմ պայքարի կարեւորությունը ընդգծելու առումով, մի հայ ընտանիքի կյանքի օրինակով ավելի հստակ պատկերացում կազմելու 20-րդ դարասկզբին մեր ժողովրդի հետ տեղի ունեցած մեծագույն ողբերգության մասին:

Գրքի առաջաբանում պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդիկ Մինասյանը, արժեւորելով օրագրությունը, նշում է, որ այն այսօր այժմեական հնչեղություն ունի, քանզի օսմանյան կայսրության ժառանգությունը հանդիսացող Հանրապետական Թուրքիան ոչ միայն շարունակում է չճանաչել 1915թ. իրականացրած ցեղասպանությունը, այլեւ հարեւան Ադրբեջանի հետ միասին շարունակում է շրջափակած պահել Հայաստանը: Եվ ահա այսպիսի հուշագրություն-օրագրությունները լուռ վկայություններն են այդ ամենի, «Կարապետ» վեպ-օրագրությունը հենց այս ամենի փաստն է` լեռնային գյուղի մարդկանց տվայտանքների ու տանջանքների, Դեր Զոր ուղեւորվող հայերի կոտորածների ահասարսուռ նկարագրություններով:

Գրքի պատումը յուրօրինակ է, առանց ավելորդությունների ու մեկնաբանությունների, փաստերը ներկայացված են այնպես, ինչպես ապրել է Կարապետ Դեմիրյանը այդ ժամանակահատվածում: Օրագրությունը լույս է տեսել նաեւ 2015թ. ռուսերեն (2015 «Անտարես» հրատարակչություն 134 էջ) եւ ցանկալի կլիներ, որ այն թարգմանվեր այլ լեզուներով: Գրքի գեղեցիկ հրատարակությունն իրականացրել է «ՎՄՄ-պրինտ» հրատարակչությունը (տնօրեն՝ Վ. Մնացականյան):

 
ՄԻՐԻԿ ԶՈՅԱՆՑ
Լեզվաբան խմբագիր

«Առավոտ»

04.06.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հունիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Մայիս   Հուլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930