«Կռվի ժամանակ, երբ մի պահ փոխադարձ կրակը դադարեցնում էին, իրենք մինչեւ խոսում, վիճում էին՝ ես էդ պահին իրենց էի նկարում, որ անմիջական լինի»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց կինոօպերատոր Լեւոն Աթոյանցը, որը բացի հայ կինոյում ունեցած մեծ ավանդից՝ 1990-ական թվականներին արցախյան պատերազմի տարիներին եւս իր ներդրումը մեծ էր: Բազում զինվորների է անմահացրել լուսանկարների եւ տեսանկարահանումների միջոցով:




Ցուցահանդեսի բացումը սկսվեց Լեւոն Աթոյանցի ֆիլմի ցուցադրումով, որը պատմում էր Հայրենական պատերազմի ժամանակ ռազմաճակատից մի դրվագ: Պարոն Աթոյանցին Նարեկացի արվեստի միության կողմից անակնկալ էր սպասվում՝ այն ֆիլմերի տեսագրությունները, որոնք նա կորցրել էր եւ չուներ:
Կարդացեք նաև
Նա իր բոլոր «հերոսներին» հիշում է աչքերով. «Ինչքան էլ ժամանակ անցնի, որտեղ տեսնեմ՝ կճանաչեմ: Շատ մարդկանց լուսանկարել եմ, որ պատմությունը հիշեմ»:
Իր խոսքերով այնպիսի լուսանկարներ էլ կան, հոսպիտալներում արված, որ այդպես էլ չի չօգտագործել՝ սարսափելի էին, նշում է նա:


Նա ունի իր հստակ պատասխանը այն մասին, երբ հարցնում են՝ բայց հայերը «ներսում» իրար հետ կռվում են. «Խելոք ազգը չի կարող չկռվել: Վրացիները, որ հարյուր հոգով մի երգ են երգում՝ աշխարհին ոչինչ չեն տվել»:

Նա առանձնացրեց իր սիրելի նկարներից, որը նկարել էր «Եղնիկներում», երբ զինվորներից մեկը գրկել է մյուսին. «Անձրեւոտ օր էր, ես ինչքան փորձում էի նկարել այդ զինվորին՝ խուսափում էր, ամաչում էր նկարվել: Ապրիլի 4-ն էր եւ մարտերից հետո նրա հագուստը պատռված ու ցեխոտ էր, ու նա չէր ուզում, որ հարազատները նրան այդ ձեւով տեսնեին»:
Հակոբ Պողոսյանի խոսքերով՝ այդ օրերին միայն մտածել է, որ ավելի շատ զինվորների դեմքեր նկարի: Ցավոք, Ջաբրաիլում արված դիմանկարներից չորսը դարձան այդ տղաների վերջին լուսանկարները. «Հուզումնալից պահ էր ինձ համար այն, երբ լուսանկարում էի տղաներին ու նրանք սկսեցին պատմել իրենց զոհված ընկերների մասին (պատմում էր եւ դարձյալ հուզվում), թե ինչպես են նրանք զոհվել: Զգացի, որ ես չեմ խոսում 18-20 տարեկան զինվորների հետ՝ հասուն, պատերազմ տեսած մարդիկ են»:
Անուշ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ


















































