Aravot.am-ը Պոլսի հայոց պատրիարքարանից պարզաբանում էր խնդրել` երեկվա մամուլի ասուլիսում Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանին հասցեագրված մեղադրանքների շուրջ: Մասնավորապես խնդրել էինք հստակեցրել` որքանո՞վ է իրականությանը համապատասխանում տեղեկատվությունը, թե ըստ Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դասընկերների` վերջինս ժամանակին թուրքական իշխանություններին է «ծախել» դասընկերոջը` Հայր Մանուելին, եւ թե Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը տարիներ առաջ Ավետարան է վաճառել:
Մեր հարցադրումներին Պոլսի հայոց պատրիարքարանից հետեւյալ գրավոր պարզաբանումներն ուղարկեցին.
«Զրպարտութիւններն ալ իրենց չափն ու սահմանը ունին: Եթէ մարդոց երեսը նայելով չեն ամչնար, գոնէ Աստուծմէ վախնան…
Մանուէլ Վարդապետին ձերբակալման եւ զինուորական դատավարութեան ժամանակ, Արամ Վրդ. Աթէշեանն էր, որ դատարան երթալով պաշտպանեց Մանուէլ Վարդապետը: Արամ Վարդապետին խիստ պատասխաններու իբր արդիւնք, դատաւորը «քեզ ալ բանտ կը նետեմ» ըսած էր իրեն: Ասոր վրայ է, որ Հայր Արամը ձեւով մը Հոլլանտա խոյս տուաւ: Իր խոյս տալէն ետքն ալ ոստիկանութիւնը նամակ կը ղրկէ Շնորհք Պատրիարքին` պահանջելով, որ Արամ վարդապետը ետ կանչուի: Հայր Արամը մէկ տարի կը մնայ Հոլլանտա, ապա կը դառնայ Պոլիս: Երկար տարիներ չի կրնար անցագիր առնել արտասահման մեկնելու համար:
Կարդացեք նաև
Մանուէլ Վարդապետի հարցով նախ Մեսրոպ Վրդ. Մութաֆեանը մեղադրեցին որպէս դաւաճան: Բայց երբ Հայր Մանուէլը բանտէն ազատ արձակուեցաւ, ինքն էր ըսողը թէ, իր աշակերտներէն մէկն էր իրեն դաւաճանած:
Արամ Սրբազանը ո՞ր Աւետարանը ծախած է: Եթէ ակնարկութիւնը Ամսթէրտամ տպուած հնատիպ մատեանի մասին է, այդ մէկը եկեղեցւոյ վարչութեան ատենապետին խնդրանքով եւ համամտութեամբ փոխանցուած է անձէ անձ առանց որեւէ շահու ակնկալութեամբ:
Արամ Սրբազանին շնորհիւ է, որ մեր եկեղեցիներու արժեքաւոր գոյքերը արձանագրութեան տակ առնուած են եւ կորուստէ փրկուած: Ինքը նոյնիսկ իր անձնական գիրքերէն տուած է Պատրիարքարանի գրադարանին: Իր շնորհիւ Պատրիարքարանիս ձեռագիրներու հաւաքածոն քանակով աւելի հարստացած է: Իր շնորհիւ Պատրիարքարանը թանգարանի մը տիրացած է:
Պէտք չէ մոռնալ, որ սուտ վկայութիւնը մեղք է եւ Աստուծոյ դատաստանին կ՝ենթարկուի»:
Մեր մեկ այլ հարցին` արդյոք Տ. Արամ արքեպիսկոպոս Աթեշյանն այցելելո՞ւ է Երեւան, անդրադարձ չկար:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ
Պատրիարքարանի շենքի լուսանկարը` արխիվային