«Մադրիդյան սկզբունքները սպասարկել են մեր 3 նախագահները: Օր առաջ մենք կարիք ունենք ձերբազատվելու այդ սկզբունքներից: Դրանք, որպես մեծ վտանգ, կախված են հայության գլխին այս տարածաշրջանում»,-այսօր հրավիրած ասուլիսում Ղարաբաղյան հակամարտության մասին իր մտահոգությունները կիսեց «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի» համակարգող Մարիամ Ավագյանը:

Ինչ վերաբերում է այսօրվա նախագահի պահվածքին՝ ամեն անգամ իրենք այցելելով հանդիպումների, ստորագրելով տարատեսակ փաստաթղթերի տակ, տալիս են համաձայնություն, որ մեր ազատագրված տարածքները, չգիտես ինչու, օկուպացված են, որ գոյություն չունեն 660 հազար հայեր, որոնք փախել են Ադրբեջանական ԽՍՀ-ից 1988-92-ին:
Երբ 2012-ին ՄԱԿ-ի փախստականների հանձնակատարը եկավ այստեղ, նախագահ Սերժ Սարգսյանը բարձրաձայնեց, որ ինքը փախստականների հարցը երբեւէ չի քաղաքականացրել: Այո՛, Սերժ Սարգսյանն այդ մասին ոչ միայն չի քաղաքականացրել, այլեւ այդ 660 հազար մարդկանց մասին որեւէ տեղ չի բարձրաձայնել:
Կարդացեք նաև
Վերջերս էլ Գերմանիայի նախագահը եկավ այստեղ, հանդիպում ունեցավ Բակո Սահակյանի հետ: Մեկը լինի՝ իրեն հիշեցնի, Բակո՛ Սահակյան, դուք ձեր կարգավիճակով պարտավոր եք պաշտպան կանգնել այդ 660 հազար հայերի իրավունքներին, ինչպե՞ս կարող եք դուք, ինչպես թուրքերը, ինչպես ադրբեջանցիները, շրջանցել այդ հարցը: Կազանյան փաստաթղթի տակ են ստորագրում ու խաղաղապահ են բերում՝ փոխանակ նախ բարձրացնեն փախստականների հարցը»:

Քրիստոնեա-ժողովրդական վերածնունդ կուսակցության նախագահ Սոս Գիմիշյանն էլ գտնում է, որ ղարաբաղյան հակամարտության էությունը ժամանակի ընթացքում փոխվել է. «Փոխելու նպատակը սա է՝ ամեն ինչ անեն, որ չլուծվի խնդիրը, կիսապատերազմ, կիսախաղաղություն վիճակը պահպանվի եւ ցանկացած պահի գերտերությունների կողմից օգտագործվի: Մինսկի խումբը էնպիսի տարբերակներ է առաջարկում, որ մշտապես մի կողմը դեմ է լինելու: Չեն ցանկանում լուծել հարցը եւ չեն լուծելու: Նրանց ձեռնտու է սա: Որ ասում են տարածքային ամբողջականութուն, մադրիդյան սկզբունքներ, այդ բոլոր լուծումները արնահեղության լուծումներ են: Այդ պետությունները, բոլորը միասին Ադրբեջանում փաստացի ստեղծել են ցեղասպան մի մեքենա, որ ցանկացած պահի կոճակը սեղմում են՝ էդ մեքենան սկսում է աշխատել: Կուզեն՝ կանջատեն»:
Սոս Գիմիշյանը վստահ է, որ ԼՂՀ խնդրի կարգավորման բանակցային սեղանին դրված բոլոր փաստաթղթերը նույնն են, նույն հանցավոր մոտեցումներն են. «Ես համոզմունք ունեմ, եթե Մինսկի խումբը չլիներ, մեր ժողովուրդներն ավելի հեշտ իրար հետ լեզու կգտնեին, քան թե նրանց մասնակցությամբ: Նրանք ամեն ինչ անելու են, որ խնդիրը չլուծվի այնքան ժամանակ, մինչեւ տարածաշրջանում իրենց շահերին համապատասխանող լուծումներ չգտնեն»:
Մեր հարցին՝ այսինքն, Վիեննայի հանդիպումից հետո էլ առանձնապես հույսեր չունենա՞նք՝ նա պատասխանեց, որ բացարձակապես ԼՂՀ խնդիրը աղերս չունի այն ամենի հետ, ինչ քննարկվում է բանակցությունների ժամանակ:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































