Լրահոս
Օրվա լրահոսը

Պյոտոր Սվիտալսկի. «Եվրոպայի համար կլիման Հայաստանում հիմա շա~տ նպաստավոր է»

Հուլիս 07,2016 19:44

«Եվրոպայի համար կլիման Հայաստանում հիմա շա~տ նպաստավոր է»,-այսօր Եվրոպական բիզնես ասոցիացիայի կազմակերպած բիզնես-ֆորումի ժամանակ ասաց Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտոր Սվիտալսկին: Նրա խոսքով. «Մնում է այս քաղաքական միջավայրը վերածել իրականության»:

ԵՄ դեսպանն այսպիսի համոզմունք հայտնեց վարչապետ Հովիկ Աբրահամյանի ելույթից հետո, որում պարոն վարչապետը նշեց. «Եվրոպական արժեքները մեր ժողովրդի, հասարակության ընտրությունն է»:

Պյոտոր-Սվիտալսկի

forum

forum-2

EM hamajokhov1

Պարոն Սվիտալսկու կարծիքով, տնտեսական աճը շատ երկրներում, հատկապես ԵՏՄ-ում մեծ մարտահրավեր է, իսկ Հայաստանը հայտնի է իր առեւտրական, ձեռնարկատիրական ոճով. «Հայերը գենետիկորեն ձեռնարկատիրական ջիղ ունեն,  ընդամենը պետք է տարածք եւ կանխատեսելի օրենսդրություն ապահովել»:

ԵՄ դեսպանի խոսքերով, Հայաստանը բնական կամուրջ գցող է եւ հայերը շատ լավ գիտեն ինչպես կամուրջ գցել մյուս մշակույթների հետ. «Կուռ կամուրջ կգցենք Հայաստանի եւ Եվրամիության միջեւ շրջանակային համաձայնագիրը կնքելով»:
Բիզնես-ֆորումը կրում էր «Բիզնեսի հեռանկարները, խոչընդոտները եւ հնարավորությունները Հայաստանում» խորագիրը: Միջոցառմանը ներկա էին նաեւ դեսպանատների ներկայացուցիչներ, գործարարներ:

Եվրոպական բիզնես ասոցիացիայի ղեկավար Դիանա Սարումովան նշեց, որ գործարարներին հուզող հարցերը հիմնականում հարկային, մաքսային, դատական համակարգերից են, մենաշնորհների առկայությունը: Նրա խոսքերով, չկա այնպիսի գործարար, կազմակերպություն, որ չդժգոհի մաքսայինի հսկիչ գներից. «Մենք առաջարկում ենք որպես հիմք ընդունել հաշվիչ ապրանքագիրը եւ չկիրառել հսկիչ գներ»:

Ի պատասխան, Հովիկ Աբրահամյանն ասաց, որ «ինվոյսային գները հիմք ընդունելը հատուկ է Եվրոպային, բայց կան երկրներ, որոնց պարագայում անընդունելի են ինվոյսային գները հիմք ընդունել»:

Ասոցիացիայի ղեկավարի խոսքերով, բիզնես-ֆորումի նպատակն է միասին որոշել եւ  քայլեր ձեռնարկել, որպեսզի գործարարների համար չեզոքացվեն այդ խնդիրները:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասաց, որ Եվրամիության հետ նախատեսվող Շրջանակային համաձայնագիրը շատ հարցերի պատասխան տալու է:
Բիզնես-ֆորումին ներկա Պետական եկամուտների կոմիտեի ղեկավար Հովհաննես Հովսեփյանը պատրաստակամություն հայտնեց բոլոր առկա խնդիրների վերաբերյալ քննարկումներ կազմակերպել:

Հովիկ Աբրահամյանն ասաց, որ այն մտահոգությունները, որոնք հնչեցնում են քաղաքացիական հասարակությունը, քաղաքացիները, հիմնավոր են. «Այն քայլերը, որոնք իրականացնում է կառավարությունը, ժամանակի ընթացքում ժողովրդի մոտ առկա անվստահությունը վերացնելու է»: Նա նաեւ վստահեցրեց, որ Հայաստանը Եվրամիության հետ համագործակցությունն ամրապնդելու է: Վարչապետը հավաքվածներին վստահեցրեց, որ մեր երկիրը «բաց դռների քաղաքականություն է  կիրառում», այսինքն` ներդրողների համար «ապահով, հուսալի, հարմարավետ ու հավասար պայմաններ է առաջարկում»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031