Լրահոս
Օրվա լրահոսը

Գլխավոր դատախազն անձամբ չի մասնակցել բողոքի քննությանը

Հուլիս 21,2016 13:30

«Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանի 2014 թվականի հունվարի 15-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի հիման վրա հարուցվել էր քրեական գործ: Ըստ հաղորդման, ընկերության հիմնադիր Արկադի Գեւորգյանի կազմակերպմամբ կատարվել են հանցավոր գործողություններ: Ա. Գեւորգյանը հետ է վերցրել իր կողմից ընկերությանը տրամադրված 620 միլիոն ՀՀ դրամ փոխառությունից 456.828.000 ՀՀ դրամը, 2013 թվականի ընթացքում ընկերության դեբիտորական պարտքը միայն մեկ դեբիտորի` «Սթար Դիվայդ» ՓԲ ընկերության նկատմամբ կազմել է 788.376.689 ՀՀ դրամ եւ 7 ամսվա ընթացքում ընկերության կենսաբանական ակտիվների 60 տոկոսը վաճառվել է լուծարվող «Սթար Դիվայդ» ՓԲ ընկերությանը, մեծացել է ընկերության պարտքերն այլ անձանց նկատմամբ, այն հասցնելով 1.161.031.000 ՀՀ դրամի: ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննիչ Վ. Չարխիֆալակյանի 2014թ.-ի որոշմամբ մերժվել է «Ակվատեխավտոմատիկա» ՓԲ ընկերության հիմնադիր Արկադի Գեւորգյանի նկատմամբ քրեական գործ հարուցել: 15.05.2014թ.-ին ՀՀ գլխավոր դատախազ Գ. Կոստանյանը որոշում է կայացրել ՀՀ ԿԱ ՊԵԿ իրավախախտումների հայտնաբերման եւ վարչական վարույթների իրականացման վարչության հետաքննիչ Վ. Չարխիֆալակյանի քրեական գործ հարուցելը մերժելու մասին` 11.02.2014թ.-ի որոշումը վերացնելու եւ ՀՀ քրեական օրենսգրքի 193-րդ հոդվածի հատկանիշներով քրեական գործ հարուցելու մասին:

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում երկու օր առաջ ավարտվեց ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեղամ Հակոբյանի բողոքի քննությունը:

– Ի՞նչ բողոք էր բերվել առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան, եւ ի՞նչ էր պահանջվում հարցով էլ սկսվեց մեր հարցազրույցը փաստաբանի հետ:

– 2016թ. մարտի 14-ին մեր կողմից բողոք էր ներկայացվել Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որով բողոքարկվում էր ՀՀ գլխավոր դատախազի՝ քրեական գործ հարուցելը մերժելու որոշումը վերացնելու եւ քրեական գործ հարուցելու մասին` 15.05.2015թ.-ի որոշումը:

– Պարոն Հակոբյան, հայտնի էր, որ պատասխանողը ՀՀ գլխավոր դատախազն էր, ինչպիսի՞ առարկություններ էր ուղարկվել դատարան:

– Մեր բողոքի դեմ տասնհինգ թերթից բաղկացած առարկություններ էր ներկայացվել ՀՀ գլխավոր դատախազության կողմից, որով համապատասխան հիմնավորումներ ներկայացնելով՝ խնդրվել էր դատարանից մերժել մեր բողոքը:

– «Հայաստանում գյուղական տարածքների տնտեսական զարգացման» հիմնադրամի տնօրեն Տիգրան Խանիկյանի 2014 թվականի հունվարի 15-ին ՀՀ գլխավոր դատախազին հասցեագրված դիմումի հիման վրա հաղորդում էր պատրաստվել: Արդյոք, վերջինս ունե՞ր կարգավիճակ այս դատական գործընթացում:

– Որքանով տեղյակ եմ՝ նշված քրեական գործում Տիգրան Խանիկյանը ունի վկայի կարգավիճակ:

– Հայտնի է, որ բավարարվեց ձեր բողոքը, դատարանն ի՞նչ հիմնավորումներ է դրել հիմքում, ո՞վ էր դատավորը:

– Գործը քննվում էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Գագիկ Պողոսյանի նախագահությամբ: Պետք է հատուկ շնորհակալությունս հայտնեմ նախագահող դատավորին, քանի որ նման օբյեկտիվ եւ համարձակ որոշումներով վերարժեւորվում է դատական համակարգի դերն ու նշանակությունը, եւ եթե սրանից երկու-երեք տարի առաջ խոսեինք նման իրողությունների մասին, որ դատավորը կարող է ոչ իրավաչափ ճանաչել ՀՀ գլխավոր դատախազի որոշումը, լուրջ չէր ընկալվի: Այսինքն, այս որոշմամբ մենք փաստում ենք նաեւ դատախազական պարտադրանքից դուրս, անկախ դատարանի գոյության փաստը, որը կուզենայինք ավելի խորն արմատներ գցեր եւ բոլոր դատարաններում դատական ակտերը կայացվեին նույն սկզբունքով՝ անկախ եւ անաչառ դատարանի կողմից: Իսկ քանի որ դատարանի որոշումը դեռ չեմ ստացել, ուստի որոշման պատճառաբանություններին դեռ ծանոթ չեմ: Դատական ակտին ծանոթ եմ այնքանով, որքանով հրապարակվել է դատարանի կողմից:

– Ի դեպ, դատարան անձամբ գլխավոր դատախա՞զն է ներկայացել, եթե ոչ, ապա գործը քննվե՞լ է նրա բացակայությամբ, թե՞ կար ներկայացուցիչը:

– Դատական նիստին մասնակցում էր ՀՀ գլխավոր դատախազի կողմից լիազորված ներկայացուցիչ-դատախազ: Ընդ որում, սկզբից այլ դատախազ էր մասնակցում, ապա նա փոխարինվեց մեկ այլ դատախազով, ինչպես նաեւ դատական նիստին դատախազի հետ միասին ներկայանում էին նաեւ երկու քննիչներ:

 
Հարցազրույցը՝
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ»
20.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031