Երեկ Բեռլինի «cavuspace» նորաստեղծ պատկերասրահում արգենտինահայ արվեստագետ Սիլվինա Տեր-Մկրտչյանը, ով արդեն 28 տարի է ապրում և ստեղծագործում է այստեղ, ցուցահանդես էր կազմակերպել` նպատակ ունենալով ներկայացնելու այս օրերին զարգացում ապրող և տեսակ ձևավորող արվեստը: Նա հրավիրել էր մասնակցության ևս երեք բեռլինաբնակ ստեղծագործողների, որոնց հետ երկար տարիներ աշխատում է` նկարիչ Արչի Գալենցին (Հարություն Կալենցի թոռը), արգենտինացի տիկին Մարուլա Դի Կոմոյին և գերմանացի Բերթհոլդ Ռայսին: Վերջինս հանդիսատեսի համար պատրաստել էր «և դու չես մոռանա» խորագրով դասախոսությունը, որը ներկայացրեց պոետիկ ընթերցանությամբ:
Ցուցադրված սակավաթիվ աշխատանքները արվեստի ամենատարբեր տեսակներ ու ժանրեր էին ներկայացնում: Տիկին Մարուլա Դի Կոմոն, որպես նոր մոտեցում, պատահականության սկզբունքով կտրատելով մի շարք հայտնի դասական կոմպոզիտորների ստեղծագործությունների նոտաները, ստացել էր նոր երաժշտություն: Այդ նոտաները զարդարում էին պատկերասրահի ամբողջ երկու պատերը: Դրանցից որոշները հանդիսատեսի համար կատարեց դաշնակահար Կոնսալո Ռոդրիգեսը:
Արչի Գալենցը և Բերթհոլդ Ռայսը ցուցասրահում հանդես էին գալիս գեղանկարչական աշխատանքներով: Մեզ հետ զրույցում Արչի Գալենցը նշեց, որ այստեղ ներկայացված իր գործերը ստեղծվել են հենց այս ցուցահանդեսի համար: Եվ ինչպես մյուս դեպքերում, այս մասնակցությունն էլ հրաշալի հնարավորություն է համագործակցելու այլ արվեստագետների հետ, ճշտելու, թե ով է իր ընթերցողը և այն ազնիվ զրույցը դիտողի հետ, որը շատ մեծ արժեք ունի ստեղծագործողի համար: Նրա գործերից մեկը` որպես նորովի մոտեցում` սալիկների մեջ ամրացված դիմանկար է:
Կարդացեք նաև



Սիլվինա Տեր-Մկրտչյանի աշխատանքները բազմատեսակ են` Հալեպում արված լուսանկարներ, մասնավորապես վերջին ժամանակներում հայկական թաղամասը ներկայացնող, այնուհետև թղթի վրա ծակերով արված պատկերներ Հալեպից: Մեկ այլ ցուցափեղկում էլ եռալեզու բացատրագրերով նա ներկայացնում է հայկական իրեր ու առարկաներ, որոնք, կամ դրանց լուսանկարները, տարիներ շարունակ հավաքել և շարունակում է հավաքել` կազմելու մի հուշամատյան: Այս ծրագիրը տիկին Սիլվինան սկսել է Արևմտյան Հայաստանի հայերի բնաշխարհն ու մշակույթը վերականգնելու նպատակով:
«Պատկերասրահից Աննա Սանչեզն ինձ հրավիրեց ներկայանալու և ես ցուցահանդեսի համար այս երեք արվեստագետներին հրավիրեցի, որովհետև նրանց երկար տարիներ է ճանաչում եմ, հավանում եմ նրանց աշխատաոճը: Բոլորս էլ մի ընդհանրություն ունենք, աշխատում ենք պատմության հետ, փորձում ենք քանդված պատմությունները, կորածը վերականգնել ու տարբեր միջոցներով ներկայացնել: Օրինակ` Արչի Գալենցի հետ շատ տարբեր ծրագրեր են իրականացրել, սկսած 2002-ից, հիմնականում հայկական ինքնության մասին, հիմա էլ փորձում ենք նոր տեսանկյունից ապագա նայող ծրագրեր իրականացնել»,- մեզ հետ զրույցում նշեց տիկին Սիլվինան:

Գայանե ԱՌԱՔԵԼՅԱՆ




















































