Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբի խորհրդի նախագահ Լեւոն Բարսեղյանի կարծիքով, «Սասնա ծռեր» խմբի անդամները պետք է հրապարակեն այն բոլոր գործիչների անունները, որոնք չպետք է մասնակցեն ժողովրդական համախմբմանը:
«Կուզենայի՝ միանգամից իմանալ ցանկը, որովհետեւ շատ թյուրիմացություններ կարող են լինել: «Սասնա Ծռերից» Վարուժան Ավետիսյանը դժգոհ է Նիկոլից, ասում է՝ փորձում էր դրությունն օգտագործել սեփական քաղաքական շահի համար։ Վարուժանն ասում է նաեւ, որ համաժողովրդական շարժում պիտի սկսվի եւ ժողովուրդը պիտի ոտքի ելնի։ Դա էլ է հասկանալի, բայց իմ կարծիքով, Նիկոլի արածը հենց մարդկանց ոտքի հանելու եւ համախմբելու գործողություն էր, այն նույն պահանջներով, որոնք առաջ են քաշել ապստամբները, ավելի քան հստակ մի քանի անգամ հայտարարվեց այդ։ Լավ, հիմա Նիկոլը գնաց, ճիշտ կլինի հրապարակեն ցուցակը, թե ովքեր չեն կարող համախմբմանը մասնակցել»,-Aravot.am-ին ասաց Լեւոն Բարսեղյանը:

Հետո, ով է խանգարել այլ անձանց եւ ուժերի ոտքի հանել եւ համախմբել մարդկանց, բացի ոստիկանության եւ հատուկ ծառայությունների աշխատակիցներից, այլ խմբերի չեմ հիշում, որ խանգարեին, խոչընդոտեին կամ արգելեին համախմբումը»:
Կարդացեք նաև
Լեւոն Բարսեղյանը ծայրահեղություն է համարում այն, որ ապստամբները մերժում են քաղաքական ուժերի մասնակցությունը. «Շեշտված հակակուսակցականություն կա, նույնիսկ խիստ քննադատվեց կուսակցականությունը, կարծում եմ՝ որոշակի ծայրահեղացում էլ դա է: Անհնար է պատկերացնել քաղաքական զարգացում առանց կուսակցական ուժերի, եթե շփոթում են 1988-ի շարժման հետ, երբ որ կուսակցական պայքար չէր, համաժողովրդական պայքար էր, կարծում եմ՝ այն ժամանակվա իրադրությունը այսօրվա իրադրությունից խստորեն տարբերվում էր»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ















































