Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխանությունները պարտավոր են անհապաղ իրականացնել հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումներ

Հուլիս 30,2016 16:00

Իրավաբանների հայկական ասոցիացիայի նախագահ Կարեն Զադոյանը կարծում է, որ ապրիլյան քառօրյա պատերազմի եւ վերջին օրերի արդյունքները միայն այդ կերպ կարելի է հաղթահարել:

– Պարոն Զադոյան, մոտ մեկ ամիս առաջ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի հերթական նիստում ներկայացրել եք ապօրինի հարստացման քրեականացման նպատակահարմարության վերաբերյալ ՀՀ կառավարություն-հասարակական կազմակերպություններ համատեղ աշխատանքային խմբի ուսումնասիրության արդյունքները եւ դրա հիման վրա մշակված առաջարկությունները, որոնք վարչապետը հավանության էր արժանացրել: Այլ քայլեր հետեւե՞լ են դրան: Հաշվարկե՞լ եք նաեւ հնարավոր հակազդեցությունները:

– Իրավաբանների հայկական ասոցիացիան արդեն մոտ ութ տարի է, ինչ բարձրաձայնում է Հայաստանում ապօրինի հարստացման քրեականացման խնդիրը: Այս խնդիրը լուծելու նպատակով 2105թ.-ի սեպտեմբերի 23-ին քաղաքացիական հասարակությունը՝ ի դեմս Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի, եւ պետությունը՝ ի դեմս արդարադատության նախարարության, համատեղ հայտարարություն ստորագրեցին, որի շրջանակներում նախատեսվում էր Հայաստանում ապօրինի հարստացումը քրեականացնելու եւ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետ ինստիտուցիոնալ համակարգի վերաբերյալ համատեղ հակակոռուպցիոն 2 աշխատանքային խմբեր ստեղծել: 2016թ.-ի հունվարի 22-ին ՀՀ արդարադատության նախարարի հրամանով վերոհիշյալ 2 աշխատանքյաին խմբերը ստեղծվեցին, որի մեջ ներառվեցին ինչպես ՀՀ արդարադատության նախարարության, այնպես էլ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցայի, Իրավաբանների հայկական ասոցիացիայի եւ գործընկեր այլ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի եւ Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետների կողմից ուսումնասիրվեց ապօրինի հարստացման քրեականացման միջազգային փորձը 20 կտրվածքով եւ առաջարկվեց Հայաստանում քրեականացնել ապօրինի հարստացումը, որը աշխատանքային խմբի կողմից հաստատվելուց հետո սույն թվականի հունիսի 17-ին իմ կողմից ներկայացվեց ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդին:

ՀՀ կոռուպցիայի դեմ պայքարի խորհուրդը հանձնարարեց ՀՀ արդարադատության նախարարին երկամսյա ժամկետում շահագրգիռ ՔՀԿ-ների հետ մշակել Հայաստանում ապօրինի հարստացման քրեականացման օրենսդրական փաթեթը եւ ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը` ՀՀ Ազգային ժողով ներկայացնելու համար: Հուլիսի 27-ին ապօրինի հարստացման քրեականացման օրենսդրական փաթեթի նախագիծը, որը մշակվել է մեր կազմակերպության հետ համատեղ, ՀՀ արդարադատության նախարարության կողմից արդեն դրվել է շրջանառության մեջ եւ նախատեսվում է այն կառավարությանը ներկայացնել մինչեւ օգոստոսի վերջ: Օրենսդրական փաթեթը մշակելուց հաշվի են առնվել բոլոր ռիսկերն ու հակազդեցությունները: Ներկայումս Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան այս նպատակով նախատեսում է իրականացնել ակտիվ խորհրդատվական հանդիպումներ Ազգային ժողովում ներկայացված քաղաքական ուժերի հետ` ապօրինի հարստացման եւ Հակակոռուպցիոն կոալիցիայի կողմից առաջարկված հակակոռուպցիոն մյուս բարեփոխումներին սատարելու նպատակով: Այս առումով հուլիսի 12-ին համագործակցության հուշագիր ենք ստորագրել «Լուսավոր Հայաստան» կուսակցության հետ: Մի բան հստակ է, որ մեր երկրում ի վերջո պետք է վերջ դրվի ապօրինի հարստացմանը, գծվի բաժանարար գիծը, եւ այդտեղից սկսած ապօրինի հարստացումը պետք է քրեորեն պատժվի: Ապրիլյան քառօրյա պատերազմը եւ վերջին դեպքերը փաստում են, որ իշխանությունները պարտավոր են անհապաղ իրականացնել հակակոռուպցիոն համակարգային բարեփոխումներ, այդ թվում՝ քրեականացնել ապօրինի հարստացումը Հայաստանում` օր առաջ ապահովելու հանրային սպասումների ու ակնկալիքների իրականացումը:

– Վերահսկիչ պալատի վերջին տարիների ուսումնասիրությունները փաստում են, որ կոռուպցիոն բավականին մեծ ռիսկեր կան պետգնումների ոլորտում: Առաջարկ եղա, թափանցիկության համար պետական գնումների ոլորտում իրական սեփականատերերի ինստիտուտը ներդնել եւ օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելք սահմանել: Դա իրատեսական եւ իրականանալի՞ եք համարում: Եվ միայն դա բավարա՞ր քայլ է:

– Դուք ճիշտ եք, պետական գնումների ոլորտում առկա են լուրջ կոռուպցիոն ռիսկեր, եւ Վերահսկիչ պալատը նույնպես անդրադարձել է այդ խնդրին: Իրավաբանների հայկական ասոցիացիան եւ Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան կառավարությանը առաջարկել են վերջնական սեփականատերերի ինստիտուտը ներդնել եւ օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության արգելք սահմանել Հայաստանում: Այս հարցը նույնպես ես ներկայացրել եմ Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդի վերջին նիստում: Այս փուլում որոշում կայացվեց ներդնել վերջնական սեփականատերերի բացահայտման ինստիտուտը, իսկ օֆշորային գոտիներից պետական գնումներին մասնակցության ուղղակի արգելքի սահմանումը այս փուլում կառավարությունը նպատակահարմար չգտավ, այլ այդ ռիսկը փորձեց չեզոքացնել վերջնական սեփականատերերի ինստիտուտի ներդրմամբ: Կարծում եմ, որ պետական գնումների ոլորտում վերջնական սեփականատերերի ինստիտուտի ներդնումը կունենա լուրջ հակակոռուպցիոն կանխարգելիչ նշանակություն, իսկ Հայաստանը կարող է դասվել այս ոլորտում առաջատար երկրների շարքին, ովքեր իրականացնում են այս տիպի լուրջ բարեփոխումներ պետական գնումների ոլորտում:

Այս ինստիտուտի ներդրմամբ կնվաճվեն հետեւյալ կարեւոր արդյունքները` պետական գնումներ իրականացնող մարմինները կտիրապետեն պետական գնումներին մասնակցող ընկերությունների վերջնական սեփականատերերին, այստեղ խոսքը ֆիզիկական անձանց մասին է, հանրությունը կտիրապետի պետական գնումներին մասնակցող ընկերությունների վերջնական սեփականատերեր հանդիսացող ֆիզիկական անձանց վերաբերյալ տեղեկատվությանը, այն կունենա լուրջ հակակոռուպցիոն դեր ազատ տնտեսական մրցակցության ոլորտում` բացահայտելու մենաշնորհների եւ գերիշխող դիրքի հետ կապված փաստերը: Այն ընկերությունները (ինչպես ռեզիդենտ, այնպես էլ ոչ ռեզիդենտ), որոնք օրենքով սահմանված կարգով չեն բացահայտի իրենց վերջնական սեփականատերերին, կզրկվեն պետական գնումներին մասնակցելու հնարավորությունից: Ներկայումս վերջնական սեփականատերերի ինստիտուտի հետ կապված օրենսդրական փաթեթը ՀՀ արդարադատության նախարարության կողմից գտնվում է մշակման փուլում, որին նաեւ մասնակցում են մեր կազմակերպության եւ հակակոռուպցիոն կոալիցիայի փորձագետները: Նախատեսվում է, որ մինչեւ օգոստոսի վերջ ՀՀ արդարադատության նախարարությունը այս փաթեթը նույնպես կուղարկի կառավարություն:

– Երկու ամսից ավելի է անցել, ինչ վարչապետը հայտարարեց կոռուպցիայի դեմ պայքարի մասին: Տեսանելի արդյունքներ դեռ չկան: Գուցե քայլեր են կատարվում, որոնց արդյունքներն ավելի ո՞ւշ ենք տեսնելու: Դուք հավատո՞ւմ եք վարչապետի հայտարարություններին, հիմնավորումները որո՞նք են, քանի որ շատերն իրավացիորեն թերահավատ են:

– Ինչպես արդեն նշեցի, ներկայումս ՀՀ արդարադատության նախարարության եւ մեր կողմից մշակվել եւ մշակվում են ապօրինի հարստացման քրեականացման ու պետական գնումների ոլորտում վերջնական սեփականատերերի բացահայտման օրենսդրական փաթեթները, որոնք մինչեւ օգոստոսի վերջ կուղարկվեն կառավարություն՝ հաստատվելու եւ Ազգային ժողով՝ ներկայացնելու նպատակով: Բացի այդ, ներկայումս արդարադատության նախարարության եւ մեր փորձագետների կողմից մշակվում են Անկախ հակակոռուպցիոն մասնագիտացված մարմնի երկու մոդելների հայեցակարգերը` Հակակոռուպցիոն անկախ ունիվերսալ` միասնական մարմին, որը իր մեջ կներառի կրթական, կանխարգելիչ եւ քննչական գործառույթներ, եւ առանձին Հակակոռուպցիոն կանխարգելիչ մարմին, որը կներառի կանխարգելիչ եւ կրթական գործառույթները, եւ առանձին Հակակոռուպցիոն քննչական մարմին: Վերը նշված հայեցակարգերը նույնպես մինչեւ օգոստոսի վերջ կներկայացվեն կառավարություն` Հակակոռուպցիոն անկախ մարմնի վերջնական մոդելը ընտրելու եւ օրենսդրական փաթեթը մշակելու համար: Սա հակակոռուպցիոն բարեփոխումների հենքն է լինելու, այդ պատճառով անհրաժեշտ է այն իրականացնել աշնան առաջին ամիսների ընթացքում: Բացի վերոհիշյալից, մեր կողմից կառավարությանն են ներկայացվել Տեղեկատվություն տրամադրող անձանց իրավական երաշխիքների եւ խրախուսման մասին օրենքի ընդունումը, վարչական կոռուպցիայի հաղթահարմանը ուղղված հակակոռուպցիոն կենտրոնների գործարկումը, բիզնես ոլորտի կոռուպցիոն ռիսկերի հաղթահարմանը ուղղված առաջարկները: Սպասում ենք, որ մինչեւ օգոստոսի վերջ այս առաջարկները պետք է քննարկվեն Կոռուպցիայի դեմ պայքարի խորհրդում եւ լուծումներ ստանան: Հույս ունենանք, որ կառավարությունը հետեւողական կլինի, որպեսզի իր կողմից հայտարարված ժամկետներում Հայաստանում իրականացնի լրջագույն հակակոռուպցիոն բարեփոխումներ: Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան եւ Իրավաբանների հայկական ասոցիացիան այս առումով հետեւողական կլինեն, եւ եթե կառավարությունը չիրականացնի իր կողմից հայտարարված բարեփոխումները, եւ հանրությունը չտեսնի դրա արդյունքները, ապա մենք մեր դիրքորոշումը կներկայացնենք հանրությանը ու կիրականացնենք դրանից բխող համապատասխան գործողություններ:

 
ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

29.07.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031