Այսօր ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող, ենթասպա Յուրի Տեփանոսյանի հուղարկավորությունն էր: Նա զոհվել էր ՊՊԾ գնդի տարածքում, ինչպես ոստիկանությունն է տարածել՝ զինված խմբի դիպուկահարի կրակոցից:
Հոկտեմբերի 17-ին Յուրի Տեփանոսյանի 30-ամյակն էր լինելու: Թողեց 3 անչափահաս երեխա՝ 6 ամսական Կարենը, 3.5 տարեկան Աշխենն ու 9-ամյա Էլենը:
Յուրի Տեփանոսյանի մատին հուղարկավորելուց առաջ հարազատները արցունք թափելով մի սեւ ուլունք փաթաթեցին՝ ասելով՝ քո թալիսմանը քեզ հետ լինի:

Կարդացեք նաև
Հարազատների պատմելով՝ Յուրի Տեփանոսյանը արտակարգ մարդ էր. «Մի մրջյուն տրորած չկար: Առանց «ջան»-ի ոչ մեկի հետ չէր խոսում, լավ ամուսին էր, լավ մարդ, ոսկի հայր: Աստված լավերին է տանում: Փոքրը 6 ամսական է: Ջահել կինը ո՞նց պիտի ապրի, ինչի՞ համար, հայի ձեռքի՞ց: Թուրքը չի խփել, որ ասենք ՝թուրքը խփեց: Ախր ինքը շատ բարի էր՝ վերին աստիճանի»:
Տատիկը պատմեց, որ Յուրի Տեփանոսյանը իր աշխատանքը շատ է սիրել. «Այնքան մեդալներ ու պատվոգրեր է ստացել, տանն է բոլորը: Այս տարի ինքը վերջացրեց իրավաբանականը, դիպլոմը պետք է ստանար, որ իրեն կոչում տային, աշխատավարձն էլ պետք է բարձրացնեին: Ուրախացել էր, ասում էր՝ տատի ջան, երեխեքիս լավ կպահեմ, բայց մուրազը փորը մնաց»:
Մեր հարցին՝ ի՞նչ երազանքներ ուներ՝ տատիկը պատասխանեց. «Երեխեքին պիտի մեծացներ: Մեծ աղջիկը պարուհի էր, ասում էր՝ աղջկաս պարից չեմ հանի, թող պարուհի դառնա, փոքր աղջիկը 3 տարեկան էր: Շատ էր երազում, որ տղա ունենար, ունեցավ: Տղեն ունեցավ, ինքը գնաց, երեխես չկարողացավ…Ինքն էր ջահել, մենք կմեծացնենք երեխաներին»:
Այն վարկածը, թե Յուրի Տեփանոսյանին խփել են նախորդ օրը փոխհրաձգության ժամանակ, հետո փորձել են կոծկել՝ հարազատները հերքում են: Տատիկի պատմելով՝ «Այդ օրը ինքը եկել է տուն, շորերը փոխել է, լվացվել է: Օրը 2 անգամ գալիս էր, շոր էր փոխում: Ասում էի՝ Յուրո ջան, 2 անգամ ինչի ես անում, ասում էր՝ չէ, տատի ջան, քրտնում եմ, ամբողջ օրն արեւի տակ ենք: Եկավ, երեխեքին տեսավ, զանգել էին, ասել էին՝ Յուրա՛, շուտ արի: Կինն ասել էր՝ մի քիչ էլ մնա, ուշ գնա, ասել էր՝ չէ, ինձ զանգել են, ո՞նց չգնամ, ծառայություն է: Գնաց, կես ժամ հետո ասեցին, որ չկա: Դաժե ինքը իր մեքենայի մեջ նստած՝ թիկունքից խփել էին: Մեքենան կլոր ծակ էր»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































