Լրահոս
Օրվա լրահոսը

Մթերված խաղողի պարտքը չստացած՝ գյուղացիները շուտով նոր բերք պետք է հանձնեն. արդյոք գործարանները կմթերե՞ն

Օգոստոս 06,2016 15:30

Վերամշակող ընկերությունները վարկունակության խնդիրներ ունեն

Շուտով կսկսվի խաղողի բերքահավաքը, դրա հետ նաեւ՝ գլխացավանքը: Խաղողի դեռ անցյալ տարվա բերքի մթերման դիմաց գյուղացիներն իրենց պարտքերը չստացած՝ հիմա նորից պարտքով պիտի հանձնեն բերքը:

Այս տարի գյուղացիները պարբերաբար բողոքի ցույցեր էին անում եւ պահանջում էին մթերող ընկերություններից իրենց բերքի դիմաց վճարվող գումարները, գործարանատերերն էլ վճարումների ուշացումները պայմանավորում են տնտեսական ճգնաժամով՝ փող չկա:

«Առավոտին» դիմած Արմավիրի մարզի մի խումբ գյուղացիներ նորից հիշեցնում են՝ «Մեր պարտքերը ե՞րբ կստանանք»:

Մեզ հետ զրույցում գյուղացիներն ասում են՝ շուտով մեկ տարին կլրանա, մթերողները խոստացել էին մեկ տարվա ընթացքում աստիճանաբար մարել պարտքերը, բայց հազարավոր գյուղացիներ դեռ չեն ստացել իրենց հանձնած բերքի դիմաց գումարները: Գյուղացիներից մեկի խոսքերով՝ «Պռոշյանի կոնյակի գործարանի հետ կնքած պայմանագրով պետք է 30 օրվա ընթացքում կատարվեր վճարում: Հետո ասացին՝ խնդիրներ կան, չենք կարող վճարել: Բանավոր պայմանավորվեցինք, ասացին՝ 3-4 ամսվա ընթացքում կվճարենք: Ի՞նչ 3-4 ամիս, տարին լրանում է՝ էդպես էլ փող չենք ստացել: Ամենքս մի քանի հարյուր հազարից մինչեւ մի քանի միլիոն դրամի փող ունենք ստանալիք: Մեր ապրուստի միջոցը բերքից ստացած գումարն ա: Վարկեր ունենք, մի միլիոն անգամ կառավարության անդամներին ու մթերողներին ասել ենք՝ վարկեր ունենք, փող չեք տալիս, ուրեմն դուք էլ փակեք մեր վարկերը: Ընտանիք ենք պահում, բա լավ, որ փող չեք տալիս, ո՞նց ապրենք, գողություն անե՞նք: Էլ հնար չկա: Լույսի, գազի համար վճարումներ ենք անում, հիմա որ ասենք՝ մեր պարտքերը չեն տվել, լույսը մի անջատեք, չե՞ն անջատի՝ կանջատեն, չէ՞: Հիվանդ մարդիկ ունենք ընտանիքներում, տանում ենք բժշկի, մինչեւ փող չենք տալիս՝ չեն բուժում, ում ա հետաքրքիր, որ քո պարտքերը չեն տվել, որ դու էլ կարողանաս բժշկի, լույսի, գազի, ջրի փողերը մուծես: Էս ապրելու ձե՞ւ ա բա»:

Մեզ դիմած գյուղացիների պարտքերը կուտակել է Պռոշյանի կոնյակի գործարանը: «Առավոտի» հարցմանն ի պատասխան՝ գործարանի հաշվապահության աշխատակիցը զարմացավ՝ նշելով, որ գյուղացիների մտահոգություններն ու դժգոհություններն անտեղի են՝ գյուղացիների հետ ինչպես որ պայմանավորվել են, սահմանված ժամկետում պարտքերը կմարեն: Սահմանված ժամկետի լրանալուն էլ հազիվ մեկ ամիս է մնացել, բայց սա, ինչպես վստահեցրին գործարանից, խնդիր չէ, խոստացել են՝ կկատարեն:

«Մենք գյուղացիների հետ լրացուցիչ համաձայնագիր ենք կնքել, ըստ որի՝ մեկ տարվա ընթացքում պարտքերը պետք է վճարենք: Տարվա ընթացքում հերթով կատարում ենք»:
Այս համաձայնագրերից անտեղյակ են գյուղացիները, համենայնդեպս՝ մեզ դիմած գյուղացիները վստահեցրին, որ իրենք համաձայնագրեր չեն կնքել: Ի դեպ, գյուղացիները հրաժարվեցին, որ իրենց անուն-ազգանունները նյութում հրապարակենք, քանի որ մտահոգություն ունեն, որ հետագայում խնդիրներ կունենան գործարանների տնօրենների հետ, եւ գուցե նրանք հրաժարվեն մթերել իրենց բերքը:

Իսկ Պռոշյանի կոնյակի գործարանից մեզ ասացին. «Իրենք միշտ հերքում են, իբր համաձայնագիր չեն ստորագրել, չգիտեմ՝ որտեղ են պահում թղթերը, բայց որ գալիս են գումարը ստանալու՝ ցույց ենք տալիս իրենց ստորագրությունները, նոր համոզվում են: Տարին դեռ չի լրացել, եղել են դեպքեր՝ անկախ պայմանագրի պայմաններից, վճարել ենք: Ինչո՞ւ են դժգոհում, մենք չենք հրաժարվում պարտքից, բոլորին վճարելու ենք, բոլորը ստանալու են իրենց պարտքերը»:

Պռոշյանի կոնյակի գործարանի ընդհանուր պարտքը, ինչպես հայտնեցին գործարանի հաշվապահությունից, քիչ չէ.«Անցյալ տարի ընդհանուր մթերել ենք 3 միլիարդ 387 միլիոն դրամի խաղող: Արագածոտնի մարզի խաղողի բերքի պարտքը 32 միլիոն դրամ է, Արարատինը՝ 138 միլիոն, Արմավիրինը՝ 114 միլիոն, Վայոց ձորինը՝ 26 միլիոն: Այս բոլորի հետ լրացուցիչ համաձայնագրեր ենք կնքել՝ մեկ տարվա ընթացքում պարտքը վճարելու պայմանով: Աստիճանաբար վճարում ենք»:

Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն «Առավոտին» վստահեցրեց, որ վերամշակող ընկերությունները մթերած խաղողի բերքի վճարումների մեծ մասը կատարել են, որոշ գործարաններ ժամանակացույց են կազմել, վճարումները մաս-մաս իրականացնում են. «Նրանք ծրագրածից ավելի են մթերել, դրա համար էլ խնդիրներ են առաջացել»:
Ինչ վերաբերում է գյուղացիների այն մտահոգությանը, որ շուտով մթերման նոր սեզոնն է, եւ անհայտ է՝ արդյոք գործարաններն ի վիճակի՞ են ամբողջ բերքը մթերել, Մակարյանն ասաց. «Սեպտեմբերին արդեն նոր մթերման սեզոնը կսկսվի: Մենք աշխատում ենք բոլոր վերամշակող գործարանների հետ, սկսվել են նախարարի անհատական հանդիպումները գործարանների սեփականատերերի հետ, հավաքագրել ենք խնդիրները, վարկերի պահանջարկը, կարողությունները: Այս հարցը հանրապետության ղեկավարության ներքո է գտնվում: Առաջիկայում խորհրդակցություններ կլինեն, որպեսզի խնդիրներին օպերատիվ լուծումներ տրվեն, եւ մթերման գործընթացը չտուժի»:

Մեր այն հարցին՝ գործարանները վարկեր ստանալու խնդիրնե՞ր ունեն, Մակարյանն ասաց. «Այո, բայց հիմնական մասի մոտ վարկունակության, գրավի անբավարարության կամ բացակայության խնդիրն է: Բայց վերամշակողներն էլ հասկանում են՝ պետք է ձեռք մեկնեն գյուղացուն, չնայած բերքի պահանջարկի սակավությանը, իրենք բերքը կմթերեն: Երկու կողմերն էլ պետք է հասկանան, որ սա ժամանակավոր խնդիր է»:

Ի դեպ, վերամշակող գործարաններից «Վեդի-Ալկոն» վարկ ստանալու լուրջ խնդիր ունի, այս գործարանը գրավ չունի, որպեսզի բանկերը կարողանան վարկ տրամադրել:

ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031