Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Կալանավոր Տիգրան Մարգարյանին բժիշկը զննել է». մի շարք լուրջ հիվանդություններով` նրան պահում են քրեակատարողական հիմնարկում

Օգոստոս 11,2016 18:15

Ինչպես տեղեկացրել ենք, ՀՀ ԱԺ պատգամավորներին թույլ չեն տվել տեսակցել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում գտնվող կալանավորներին:

Մասնավորապես այսօր թույլ չեն տվել ԲՀԿ-ական պատգամավորներին, որոնք գնացել էին տեսակցելու Արմեն Մարտիրոսյանին, Դավիթ Սանասարյանին, ինչպես նաեւ մի քանի այլ կալանավորված անձանց, երեկ նույն արգելքը դրվել է Էդմոն Մարուքյանի առաջ: Նիկոլ Փաշինյանը ևս ֆեյսբուքյան ուղիղ եթերով  տեղեկացրել է, որ այսօր իրեն ևս ոչ միայն արգելել են տեսակցել «Սասնա ծռեր» խմբի անդամների և այդ գործի հետ կապված մյուս անձանց, այլև իրեն հնարավորություն չի տրվել անարգել շարժվել քրեակատարողական հիմնարկում:

Պատգամավորները հղում են կատարում օրենսդրությանը` համապատասխան որի` պատգամավորների մուտքը քրեակատարողական հիմնարկ թույլատրվում է: Մինչդեռ նրանց` կալանավորների հետ տեսակցությունն արգելում են` պատճառաբանելով, թե քննիչն է նման որոշում կայացրել: Նաիրա Զոհրաբյանն այս հիմնավորումն անօրինական է համարում:

ՀՀ ԱՆ քրեակատարողական հիմնարկների վարչության մամուլի պատասխանատու Գոռ Ղլեչյանը Aravot.am-ի հետ զրույցում ուշադրություն հրավիրեց այն հանգամանքի վրա, որ օրենքի համաձայն` պատգամավորներին թույլատրվում է մուտք գործել ՔԿՀ, ինչը և նրանց այժմ չի արգելվում: Մյուս հարցերի պարզաբանման համար նա հորդորեց դիմել ՀՀ արդարադատության նախարարության լրատվական ծառայություն:

Այստեղից կրկին նույն պատճառաբանությունը ներկայացրին, թե պատգամավորների` կալանավորների հետ հանդիպումն արգելվել է քննիչի որոշման հիման վրա:

Մեզ հետ զրույցում Նաիրա Զոհրաբյանն ահազանգել էր, որ  զանգվածային անկարգությունների հրահրման գործով կալանավորված Տիգրան Մարգարյանին քրեակատարողական հիմնարկում պահելը «նոնսենս» է, քանի որ նրա մայրը ներկայացրել է փաստաթղթերի մի հսկայական փաթեթ՝ իր որդու մի շարք լուրջ հիվանդությունների մասին:

ՀՀ ԱՆ լրատվական ծառայությունից տեղեկացրին, որ Տիգրան Մարգարյանին բժիշկը զննել է, նա գանգատներ չի ունեցել, ստացիոնար բուժման կարիք չունի: Իսկ տեսակցությունների վերաբերյալ ևս մեկ անգամ շեշտեցին. «քննիչը թույլ կտա, տեսակցություն կլինի»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031