Լրահոս
Օրվա լրահոսը

Վերադարձած միգրանտներին բիզնեսի տեր են դարձնում, հմտություններ սովորեցնում, որ հայրենի հողում մնան

Օգոստոս 22,2016 14:00

Ինքնաթիռը վայրէջք կատարեց կեսգիշերին: Արդեն օդանավակայանում, դիմավորողների մեջ չգտնելով եւ ոչ մի հարազատ դեմք, ընտանիքը հասկացավ, որ Հայաստանում էլ նրանց վերադարձին առանձնապես ուրախ չեն: Տաքսի վարձեցին եւ հասան հարազատների տուն: Մեկ տարի Հայաստանից բացակայելով՝ Արմինեն, ամուսինն ու նրանց դուստրը չգտան նաեւ այն ջերմությունը, որը եղել էր մեկնելուց առաջ: Պարզ էր, որ տեգրոջ ընտանիքն այլեւս չէր ուզում, որպեսզի Եվրոպայից վերադարձած եղբոր ընտանիքն իրենց հետ մի հարկի տակ ապրի: Նրանք իրենց բաժին տնից զրկվել էին դեռ 1 տարի առաջ, երբ վաճառելով հայրական տունը՝ իրենց մասնաբաժինը գումարի տեսքով վերցրել էին ու բարեկեցիկ ապրուստի հույսով մեկնել Ֆրանսիա, այսպես ասած` «հանձնվելու»:

Եվրոպական ճամբարների մասին, որտեղ փախստականներն են տեղավորվում` մինչեւ որ կհստակեցվի նրանց կարգավիճակի հարցը, տարբեր պատմություններ էին լսել` առանձին տուն են տալիս, ձեռքի գումար, սնունդ, դեղորայք, սակայն այն, ինչի մեջ հայտնվեց Կարենի եւ Արմինեի ընտանիքը, ոչ մի լսածի ու պատմածի նման չէր:

«Ընդհանուր սենյակ էր, որտեղ ապրում էինք մի քանի ազգի ներկայացուցիչներով, ո՛չ իրար լեզու էինք հասկանում, ո՛չ կարողանում շփվել, անընդհատ վեճերի մեջ էինք ընկնում, ուր գնում էինք՝ պետք է մեր իրերը քարշ տայինք, թե չէ՝ տերը չէինք: Մեզ հետ մարդիկ էին ապրում, որ օրերով չէին լողանում, ոչ թե բաղնիք չկար, այլ պարզապես չէին ցանկանում: Մի խոսքով՝ այնպիսի անտանելի պայմաններ էին, որ գերադասեցինք դրսում մնալ: 1-2 օր այգիների նստարաններին ենք քնել, մինչեւ որ բողոքելուց հետո ինձ եւ երեխայիս տեղափոխեցին փոքր-ինչ հարմար պայմաններով սենյակ»,- «Առավոտ»-ի հետ զրույցում պատմում է Արմինեն: Լսել էր, որ երեխայով մեկնելը որոշ արտոնություններ է տալիս, սակայն այն պայմանները, որոնք ճամբարներն առաջարկում էին փոքրիկ Անահիտի համար, հաստատ Արմինեի երազածներից չէր: Սակայն եթե նրան երեխայի հետ գոնե այնպիսի սենյակում են տեղավորել, որտեղ եւս մեկ ընտանիք է եղել եւ քիչ թե շատ հարմար պայմաններ, ապա ամուսնուն` Կարենին, նախկին քնելու տեղն էլ բաժին չի հասել: Երբ հաշտվելով իրավիճակին՝ որոշել է ընդհանուր սենյակ վերադառնալ, նրան ասել են, որ տեղն ուրիշ փախստականի են տվել:

«Թե այդ մեկ տարում ինչեր քաշեցինք` տեղից տեղ գնալով, տեղավորվելով ու նորից դուրս գալով, նկարագրելու չէ: Գուցե կան մարդիկ, որ բախտները բերում է եւ հենց սկզբից էլ հաջող է ստացվում, բայց դա էլ բախտի բան է: Ամեն դեպքում, եթե պայմանները հարմարավետ էլ են լինում, ապա մի օր դրա վերջը գալիս է, եւ դու ստիպված ես լինում կրկին տեղից տեղ գնալ, դռնեդուռ ընկնել, որ գործդ վերանայեն, նոր տեղ տան մնալու, եթե գումարդ կտրել են` նոր կազմակերպությունների դիմել, որ գոնե սնունդ ստանաս»,- իր եւ ուրիշների փորձն աչքի առաջ ունենալով՝ պատմում է Արմինեն: Մասնագիտությամբ վարսահարդար է: Ֆրանսիայում գտնվելու 7-րդ ամսում Արմինեն սկսում է, այսպես ասած, «սեւով» աշխատել:

«Գործերս լավ էին, գումար էի աշխատում, կարողանում էի փաստաբանին վճարել, որ մեր գործերով զբաղվի: Բայց ամուսինս ոչ մի կերպ չէր հարմարվում: Մեկ անգամ մերժվելուց հետո բողոքարկել էինք, բայց այդպես էլ չսպասեցինք պատասխանին, տոմս գնեցինք ու եկանք: Ճիշտ է, փոշմանել եմ, որ եկել եմ, արդեն հունի մեջ էի ընկել, հաճախորդներ ունեի, բայց եթե չգայի, պիտի ընտանիքս քայքայվեր, բաժանվեինք, Կարենը մեկ օր ավել անգամ չէր ուզում մնալ այնտեղ»:

Արմինեի եւ Կարենի համար հայաստանյան իրականությունում գրեթե ոչինչ չէր փոխվել: 1 տարին այդքան երկար ժամանակ էլ չէր, որ ամուսիններն իրենց օտարացած զգային. սակայն հայրենիք վերադառնալով՝ ընտանիքի հոգսն ավելի էր ծանրացել. բացի օրվա ապրուստից՝ բնակարանի հարց էլ պետք է լուծեին, ինչի խնդիրն այդքան սուր դրված չէր մեկնելուց առաջ:

«Գիշեր-ցերեկ աշխատում ենք, որ վարձակալած բնակարանի համար վճարենք, կումունալները մուծենք, տակն էլ ինչ մնա` ապրենք: Լավ օրից չենք գնացել, եթե մեր քաղաքացիների համար կյանքը գոնե մի քիչ բարելավեն, մեր երկրից լավ տեղ չկա, որեւէ մեկը չի ուզենա ընտանիքը, փոքր երեխային վերցնի ու բռնի գաղթի ճամփան»:
Արմինեի ընտանիքը հայրենիքում վերաինտեգրվելու համար ոչ մի պետական աջակցություն չի ստացել: Ամուսինները չեն էլ փորձել դիմել որեւէ կառույցի:
«Ժամանակ չունեինք այս ու այն կողմ ընկնելու, պետք է տուն վարձեինք, աշխատանք գտնեինք, որ ամեն ինչ նորից սկսեինք: Գնալուց մեր ամբողջ գույքը վաճառել էինք»,- պատմում է Արմինեն:

Վերադարձած միգրանտների համար, որպես այդպիսին, մեր երկրում պետական ծրագրեր չեն էլ գործում: Բյուջեից այդ խնդիրների լուծման համար միջոցներ չեն հատկացվում: Պետբյուջեի միջոցներով միայն մեկ ծրագրում է վերադարձող միգրանտների համար աջակցություն նախատեսված: Այն իրականացնում է Զբաղվածության պետական գործակալությունը, որը գործազուրկների համար ծրագիր է իրականացնում եւ առաջնահերթությունների ցանկում ներառել է նաեւ վերադարձած միգրանտներին:

Այդուհանդերձ, ՀՀ տարածքային կառավարման եւ զարգացման նախարարության միգրացիոն պետական ծառայության արտաքին կապերի բաժնի պետ Հայկանուշ Չոբանյանը «Առավոտի» հետ զրույցում, ներկայացնելով այս ոլորտում պետական քաղաքականությունը, վստահեցրեց, որ անօրինական միգրացիայի դեմ պայքարը շատ կարեւոր խնդիր է ՀՀ-ի համար, եւ որ Հայաստանի միգրացիոն քաղաքականության ուղղություններից են ինչպես այդ, այնպես էլ Հայաստան վերադարձողների եւ նրանց վերաինտեգրման հիմնախնդիրները:

«Հայաստանից հիմնականում մեկնում են օրինական ճանապարհով, սակայն հետագայում արդեն արտերկրում հայտնվում են անկանոն կարգավիճակում` խախտելով ընդունող երկրում գտնվելու եւ աշխատելու պայմանները: Նպատակակետ երկրում իրենց կարգավիճակը ինչ-որ կերպ օրինականացնելու համար նրանք ապաստանի դիմում են ներկայացնում տվյալ երկրի իրավասու մարմիններին: Եվ մինչեւ հայցադիմումի քննարկման եւ վերջնական որոշման ընդունումը՝ նրանք հնարավորություն են ունենում գտնվելու ապաստան հայցողների համար նախատեսված ճամբարներում, որտեղ հաճախ, մեղմ ասած, այդքան էլ բարվոք պայմաններ չեն տիրում:

Ի սկզբանե շատերը մեկնում են իրենց հարազատների, ընկերների կողմից ներկայացված տեղեկություններով, այսինքն` ավելի հաճախ օգտագործում են իրենց սոցիալական ցանցերը, եւ նրանք երբեմն չեն ներկայացնում այն իրական պատկերը, պայմանները, որով իրենք ապրում են արտերկրում:

Մարդիկ գնում են բարեկեցիկ պայմանների հույսով, բայց շատերը չեն ցանկանա գնալ, եթե իմանան` այնտեղ ինչ փորձությունների միջով են անցնելու: Բոլորն էլ այդ որոշումն ընդունում են` ակնկալելով ավելի բարեկեցիկ ապրուստ, որ իրենց երեխաներն ավելի լավ կյանք պիտի ունենան: Եվ մտածում են` եթե իրենք այդ դժվարությունների միջով պետք է անցնեն, բայց գոնե իրենց երեխաները հնարավորություն կունենան ավելի բարեկեցիկ կյանքով ապրելու:

Եվ յուրաքանչյուրի իրավունքն է այդպես մտածելն եւ այդ որոշումն ընդունելը: Սակայն խնդիրն այն է, որ դա հաճախ ուղեկցվում է ոչ ճիշտ տեղեկություններով, ոչ ռեալ եւ հավաստի աղբյուրների վրա հիմնվելով: Եվ շատերն այդ որոշումն ընդունում են՝ դրա համար ցանկացած միջոց տրամադրելով, միայն թե իրականացնեն այդ նպատակները: Բնակարանն են վաճառում, վարկի տակ են ընկնում եւ այդ ձեւով գումար են հայթայթում` միայն թե կարողանան որեւէ եվրոպական կամ մեկ այլ երկիր մեկնել: Իսկ արդեն վերադարձից հետո մնում են ձեռնունայն»:

Ըստ Հ. Չոբանյանի, սակայն, կարեւոր է բնակչության իրազեկված տեղաշարժը, ինչն էլ միգրացիոն պետական ծառայությունը առաջնային խնդիրներից է համարում եւ այդ ուղղությամբ աշխատանքներ տանում. «Ծառայությունն իրազեկման համար ճանապարհ է ընտրել ինչպես հ/կ-ների միջոցով, այնպես էլ լրատվամիջոցներով: Լրագրողներն առաջին կապն են բնակչության հետ: Նաեւ բուհերում երիտասարդների շրջանում ենք աշխատանք տանում, որպեսզի մարդիկ այդ քայլն անելուց առաջ նախապես տեղեկացված լինեն: Օրինակ՝ եթե որեւէ մի երկրից ստանում են աշխատանքի հրավեր, հասկանան, թե այդ ամենը որքանով է իրականությանը մոտ, եւ այնպես չլինի, որ գնան ու թրաֆիքինգի զոհ դառնան, սեռական եւ աշխատանքային շահագործման ենթարկվեն»:
Հ. Չոբանյանի ներկայացմամբ՝ վերադարձի պատճառները տարբեր են, եւ մարդիկ վերադառնում են ինչպես կամավոր, այնպես էլ հարկադրաբար. «Որոշ միգրանտներ վերադառնում են, քանի որ համարում են, որ հասել են մինչեւ մեկնելն իրենց առջեւ դրված նպատակներին, մյուսները` ընդհակառակը, վերադառնում են նպատակների չիրականանալու պատճառով»: Վերադարձած միգրանտների շրջանում կատարված վերջին հետազոտության տվյալներով՝ նրանց 42,7%-ը նշել է, որ վերադարձի պատճառը իրենց նպատակի կատարումն է եղել: 23,4%-ը նշել է, որ ընտանեկան հանգամանքներն են եղել, իսկ մոտ 20%-ն էլ որպես պատճառ նշել է ընտանիքին, հարազատներին միանալը:

Ըստ մեր զրուցակցի՝ դեպի Եվրամիության երկրներ նաեւ վերջին շրջանում միգրացիոն մեծ հոսքերով պայմանավորված, միգրանտների ապաստան հայցելու դիմումներն այժմ շատ արագ են քննվում եւ որոշում կայացվում: Եվ քանի որ Հայաստանը օրինակ` Ֆրանսիայի կողմից դասվել է ապահով երկրների շարքին եւ չի համարվում պատերազմող երկիր, մարդու իրավունքների ոտնահարումը չի կրում զանգվածային բնույթ, ապա մեր երկրից գնացած միգրանտների մեծամասնության ապաստանի հայցի դիմումները մերժվում են: Ֆրանսիայի դեպքում հայցադիմումը քննարկվում է 15 օրվա ընթացքում, եւ բացասական պատասխանի դեպքում միգրանտները պարտավորվում են լքել երկիրը եւ վերադառնալ իրենց ծագման երկիր:

Վիճակագրությունը ցույց է տալիս, որ մեր երկրից տարեկան 4-6 հազար մարդ է ապաստան հայցում, որոնց թվում են նաեւ կրկնակի դիմումատուները, սակայն այդ դիմումների մեծ մասը չեն հաստատվում: Այսինքն` նրանց չի շնորհվում փախստականի կարգավիճակ, եւ նրանք պետք է վերադառնան: Տիկին Չոբանյանի խոսքով՝ եթե նախկինում միգրանտը եվրոպական մի երկրում մերժվելով՝ փորձ էր անում անցնել մեկ այլ երկիր եւ այնտեղ էլ ապաստան հայցելու դիմում ներկայացնել, ապա Դուբլինյան կոնվենցիայի համաձայն, որին մաս են կազմում շենգենյան երկրները, ապաստան հայցողն այլեւս որեւէ շանս չունի մեկ այլ երկրում ապաստան հայցելու: Միգրանտը, որը սահմանը հատելուց հետո առաջին երկրում դիմում է ներկայացրել, այդ երկրում մերժվելուց հետո այլ երկրում փորձ անելու դեպքում բացահայտվում է, եւ քանի որ ամբողջ համակարգն ավտոմատացված է, տվյալ երկրում տեսնում են, որ անձը մեկ այլ երկրում արդեն մերժվել է, ուստի վերադարձվում է առաջին ապաստանի հայցի երկիր, որն էլ նրան վերադարձնում է միգրանտի ծագման երկիր:

Մեր զրուցակցի խոսքերով՝ առավել խոցելի վիճակում են հայտնվում հարկադիր վերադարձողները՝ հատկապես նրանք, որոնք 10 եւ ավելի տարիներ ապրել են Եվրամիության որեւէ երկրում, արդեն ինտեգրվել այդ հասարակությանը, այնտեղ երեխաներ ունեցել. «Այդ մարդիկ գալով Հայաստան՝ իրենց օտարացած են զգում, օրենքները փոխված են տեսնում, հարազատներից հեռացած եւ մեծ սթրես են ապրում: Ուստի նրանց համար տարբեր կազմակերպությունների կողմից աջակցության ծրագրեր են մշակվել եւ իրականացվում»:

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագրի ղեկավար Տիգրանուհի Տարախչյանի համոզմամբ՝ ծագման երկրում բարեհաջող վերաինտեգրման համար շատ կարեւոր է զբաղվածության հիմնախնդրի լուծումը:

«Թիրախային նախաձեռնություն Հայաստանի համար» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության եւ Հայաստանի միջեւ շարժունակության շուրջ գործընկերության շրջանակներում, որի տեւողությունը 3 տարի է: Ըստ տիկին Տարախչյանի՝ Եվրամիության ֆինանսավորմամբ ծրագրի նպատակն է Հայաստանում միգրացիոն կարողությունների հզորացումը: Ծրագրում հիմնական շեշտը դրվում է վերադարձողների վերաինտեգրման վրա, չնայած այն բաղկացած է 4 բաղադրիչներից: Նպատակներից մեկը պետական կառույցների հետ աշխատելն է, դրանք հզորացնելը, որպեսզի նրանք ավելի լավ կարողանան կառավարել միգրացիան: Այս գործում ծրագրի հիմնական գործընկերը միգրացիոն պետական ծառայությունն է:

«Մեր պատկերացմամբ՝ միգրացիան վատ երեւույթ է, բայց կանոնավոր, կառավարվող միգրացիան երկրի համար տնտեսական զարգացում է ապահովում: Այսինքն` եթե դու օգտագործում ես դրսի ներուժը, սփյուռքի հնարավորությունները, այն բերում է քո երկրի տնտեսական, ինտելեկտուալ զարգացմանը»,- ասում է Տ. Տարախչյանը` նշելով, որ ծրագրի այս բաղադրիչն իրականացնում է «giz» կազմակերպությունը: Նա ծրագրի հաջողություններից է համարում նաեւ վերաինտեգրման ուղղորդման կենտրոնը` բացված «մեկ պատուհանի» սկզբունքով, որը գործում է միգրացիոն պետական ծառայությունում: Եթե նախկինում վերադարձածը գալիս էր եւ չգիտեր ում դիմել, որպեսզի իրականացվող տարբեր ծրագրերից աջակցություն ստանա, ապա 2014թ.-ից գործող կենտրոնը համապատասխան ուղղորդում է իրականացնում` կախված այդ մարդու կարիքներից:
Բնակչության համար հավաստի տեղեկատվության աղբյուր է հանդիսանում նաեւ ծրագրի միջոցներով ստեղծված «Տունդարձ» (tundarc.am) կայքէջը, որտեղից քաղաքացիները կարող են ստանալ միգրացիայի վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները: Ծրագրի նախաձեռնությամբ համակարգվել են բոլոր այն կազմակերպությունները, որոնք այս պահին նմանատիպ ծրագրեր են իրականացնում, որպեսզի շահառուները լիարժեք աջակցություն ստանան եւ նրանց տրամադրվող օգնությունը չկրկնվի:
Ըստ տիկին Տարախչյանի՝ ծրագրում կարեւոր բաղադրիչ է բիզնես սկսելու հնարավորությունը: Ծրագրի 1-ին փուլում ֆինանսավորվել է 40 բիզնես ծրագիր, ապա 15: Գյուղերից գնացած-վերադարձածների համար հիմնականում անասնապահական, գյուղատնտեսական ծրագրեր են իրականացվել:

Ընդգրկվել են նաեւ ՌԴ-ից վերադարձած միգրանտները, որոնց համար մասնագիտական որակավորման դասընթացներ են կազմակերպվել: ՌԴ-ից 8-9 վերադարձած նույնպես ընդգրկվել է բիզնես ծրագրերում:

Աջակցության փաթեթում վերադարձածներին նաեւ կեցության հնարավորություն է տրվել` 4-6 ամիս վճարելով նրանց բնակարանի վարձավճարները` մինչեւ որ շահառուն ոտքի կկանգնի:

 

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

«Առավոտ»

20.08.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031