Լրահոս
Տատիս բաժակը
Օրվա լրահոսը

«Այնպես չի լինելու, որ ընտրակեղծարարի տեղը 500 հազար վճարեն, հետո ինքը գնա էլի մանկապարտեզի դայակ աշխատի». Էդմոն Մարուքյան

Օգոստոս 29,2016 14:05

Աշնանը ՀՀ-ում անցկացվելիք տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում (ՏԻՄ) համայնքի ղեկավարի միակ կին թեկնածուն «Լուսավոր Հայաստանն» է առաջադրել` Սիսիանի քաղաքապետի թեկնածու Սրբուհի Գրիգորյանին:

«Մեդիա կենտրոնում» «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի քարտուղար Մանե Թանդիլյանը հայտնեց, որ կուսակցությունն ունի առաջադրումներ Սյունիքի, Տավուշի, Արմավիրի, Լոռու և Շիրակի մարզերում: Ունեն համայնքի ղեկավարի յոթ թեկնածու. «Ունենք ավագանիների լայն ցուցակ` 53 հոգուց բաղկացած, որոնց մեծ մասը Վանաձորի ցուցակով են և 18 այլ ավագանու անդամներ տարբեր այլ ընտրատեղամասերում: Սիսիանի քաղաքապետի մեր թեկնածուն`միակ կին թեկնածուն է, որ առաջադրվում է որպես համայնքի ղեկավարի թեկնածու` Սրբուհի Գրիգորյանը, որը նույնպես ունի անցած ճանապարհ: Նա ոչ միայն որպես միակ կին ավագանի է այդ համայնքում, որը կարողացել է կոտրել կարծրատիպերը, այլև ավագանի լինելու ժամանակ կարողացել է բավականին լուրջ հարցեր բարձրացնել իր համայնքի վերաբերյալ»:

ԳԱԼԱ կուսակցության շուրջ հնչող շահարկումները «Լուսավոր Հայաստան» կուսակցության Խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյանը համարեց հերյուրանք. «Դրանք լկտի սուտ են ուղղված ԳԱԼԱ-ին, որոնց նպատակն է թուլացնել կուսակցության դիրքերը: Գյումրեցին լավ գիտի` ովքեր են այդ կուսակցության ներկայացուցիչները և ինչով են նրանք զբաղվել երկար տարիներ»:

Հիշատակելով «ցեխ շպրտողն առաջինն ինքն է ցեխոտվում» ասացվածքը` պարոն Մարուքյանը հավաստիացրեց, որ իրենք չեն մտնում բանավեճերի մեջ և ցեխ չեն շպրտում իրենց ընդդիմադիր գործընկերների վրա. «Մեր թիրախը գործող իշխանությունն է` ՀՀԿ-ն իր ամբողջության մեջ, մենք ընդդիմադիր դաշտում թիրախ չունենք, որ մեր` ընդդիմադիր դաշտի գործընկերների վրա ցեխ շպրտենք»:

Էդմոն Մարուքյանը նաև հավաստիացրեց, թե ընդդիմադիր լինելու պայքար չեն ուզում մղել. «Երբ Նոյեմբերյանում ուզում են մեր գրասենյակը փակել, երբ Ֆեյսբուքում մեր նյութերը լայք անելու համար մարդ են ազատում աշխատանքից, պարզ է, որ երկու կարծիք լինել չի կարող: Ճնշումներ շատ կան, ճնշվող անձը խնդրել է չհրապարակել, քանի որ այդ դեպքում նա ավելի լուրջ խնդիրներ կարող է ունենալ: Ինչքան ընտրությունների քարոզարշավի գործընթացի մեջ մտնենք, այդ երևույթներն ավելի են խորանալու, և կտեսնեք, թե ինչ է նշանակում իրական ընդդիմություն»:

Ընդդիմադիր դաշտում միմյանց վրա ցեխ շպրտելու երևույթները, ըստ Մանե Թանդիլյանի, միայն իշխող կուսակցությանն է ձեռնտու. «Նման գզվռտոցները ձեռնտու են իշխանությանը, իսկ ընդդիմադիր լինելու տիտղոսն ընտրողներն են որոշում: Ինչքան ընդդիմադիրներն իրար վրա ցեխ շպրտեն, այնքան իշխող կուսակցությանն ուժեղացնում են»:

Էդմոն Մարուքյանն էլ զգուշացրեց, որ հետապնդելու են ընտրակեղծարարներին ու թող նրանք չմտածեն, թե դիլետանտների հետ գործ ունեն. «Անկախ հոկտեմբերի 2-ի ընտրությունների ելքից` դրանից հետո զբաղվելու ենք ընտրակեղծարարներին բանտ նստեցնելու գործով, այնպես չի լինելու, որ ընտրակեղծարարի տեղը 500 հազարը վճարեն, հետո ինքը գնա նորից իր մանկապարտեզում դայակ աշխատի, պետք է բանտ նստեն»:

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031