Լրահոս
Օրվա լրահոսը

«Բարև Երևանը» Վերնիսաժի շահառուներից ստացած առաջարկները ներկայացրեց քաղաքապետին

Օգոստոս 29,2016 15:45

29 օգոստոսի 2016, Երևան: Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցությունը մի շարք դիմում-բողոքներ է ստացել Վերնիսաժի շահառուներից: Խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը այսօր նամակով դիմել է քաղաքապետին՝ ներկայացնելով նրանց կողմից արված առաջարկները: Նամակի բովանդակությունը՝ ստորև.
«Օգոստոսի 27-ին անձամբ շրջել եմ Վերնիսաժում ու «Հրազդան» ստադիոնի տարածքում, հանդիպել այնտեղ ցուցահանդես-վաճառք իրականացնողների և առևտրականների հետ՝ հասկանալու համար, թե ինչ առաջարկներ ունեն իրենք:

«Հրազդան» ստադիոնի տարածքը դեռևս հեռու է բավարար լինելուց:
Մոտ 20 հոգի, ովքեր, իրենց ասելով, Եվրոպայից ստացած նոր հագուստներ էին վաճառում, դուրս են մղվել Վերնիսաժից ու բողոքում են այն բանի դեմ, թե ինչու անարգել կարող են վաճառվել զինվորական հագուստ, կոշիկ, Երևանի տարբեր շուկաներից գնված թուրքական սփռոցներ, ապակեղեն, բիժուտերիա և այլ իրեր, իսկ իրենց ապրանքները՝ ոչ: Գուցե շաբաթ-կիրակի նրանց տրվի՞ այդ հնարավորությունը, որովհետև, որքան ծանոթացա վաճառվող ապրանքների բազմազանությանը, եթե տնօրինությունը չունենա համապատասխան հաստիք, այնտեղ ավագանու ընդունվելիք որոշմանը համապատասխանող ապրանքները հստակ կանոնակարգել պարզապես հնարավոր չի լինելու: Այստեղ ակնհայտորեն որոշ մարդկանց շահեր կան, որոնք բախվում են անտեր մարդկանց շահերին: Ինչևէ, հաշվի առնելով հանրապետությունում գործազրկության շատ բարձր մակարդակը, պետք է շատ զգուշորեն վարվել այս մարդկանց հետ:
Ասեղնագործողների ու գորգերի վաճառականների բողոքը, իմ կարծիքով, շատ տեղին է, նրանք իրենց ապրանքները ցուցադրելու համար ավելի գծային տարածքի կարիք ունեն, յուրաքանչյուրին՝ 3 գծամետր, ստորև շարադրված է նաև այդ առաջարկը:

Ներկայացնում եմ այդ մարդկանց կողմից արված սույն առաջարկները.

-«Ցուցահանդես-վաճառք» անվանումը փոխել «Վերնիսաժ» անվանումով և տեքստում հանդիպող բոլոր «տարածք» բառերը փոխարինել «Վերնիսաժ»-ով:

-Տնօրինությանն առաջարկել ունենալ մի արվեստագետ-փորձագետի հաստիք, ում գրավոր եզրակացության հիման վրա կորոշվի, թե վաճառքի դրվող հատկապես ժողովրդական մշակույթը ներկայացնող ապրանքները հեղինակայի՞ն են, թե՞ ներկրված, ինչպես նաև՝ ավագանու որոշմամբ հաստատված ցուցակին համապատասխանո՞ւմ են, թե՞ ոչ:

-Գորգավաճառների ու ասեղնագործողների համար Վերնիսաժի՝ Բյուզանդին հարող ամբողջ եզրի երկարությամբ ստեղծել պայման՝ իրենց ապրանքները ցուցադրելու նպատակով, որին համաձայն են և՛ վաճառողները, և՛ Վերնիսաժի տնօրինությունը:

-Եթե զինվորի հագուստի վաճառքը թույլատրվել է (չնայած` ավագանու որոշման նախագծում թույլատրվող ապրանքների շարքում «հագուստ»-ը ընդհանրապես ներառված չէ), ապա տրամադրել նաև նոր հագուստեղենի վաճառքի թույլտվություն:

-Արգելել հողից պեղված իրերի վաճառքը, որոնք ներկայացնում են մեր հնամենի մշակույթը:

– Արգելել այլ շուկաներից վերավաճառքի նպատակով բերված սպասքեղենի, ալյումինե կաթսաների վաճառքը, որոնք ոչ մի կապ չունեն ժողովրդական արվեստի կամ հնաոճ ապրանքների հետ»:

 

Երևանի ավագանու «Բարև Երևան» խմբակցություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Օգոստոս 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուլ   Սեպ »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031