Լրահոս
Օրվա լրահոսը

«Մահաբեր ուժը, որը կիրառվել է Մարտի 1-ի 9 զոհերի նկատմամբ, եղել է բացարձակապես անհրաժեշտ». Դատախազություն (Տեսանյութ)

Սեպտեմբեր 14,2016 13:12

«Հագուստ արտադրվել է 5 մլրդ դրամի, արտահանվել է 7 մլրդ դրամի, սա աբսուրդ է, տակը հանցագործություն կա, գործ հարուցեք: Պատահական թվեր չեմ ասում: Ինձ մեղադրեք, հոդված դրեք ինձ վրա, բայց ես ասում եմ պաշտոնական թվերի վրա հիմնված փաստեր: Պետական կեղծիքն էլ ո՞նց է լինում»,- այսօր ԱԺ-ում գլխավոր դատախազի թեկնածու Արթուր Դավթյանի ծրագրի ներկայացման ժամանակ իր ելույթում ասաց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Նրա խոսքերով՝ «Ձեր ամենամեծ բռնածներից գործերի մեջ էծ ու ոչխար պահողներն են: Ասենք, Վազգեն Խաչիկյանին բռնեցիք, իր ամբողջ շահած գումարը էծ ու ոչխար էր պահում: Կարա՞ք էծ ու ոչխար պահողների պահողին բռնեք՝ չեք կարող: Ձուկ բռնողին բռնում եք, բայց ձուկ բռնողի բռնողին կարա՞ք բռնեք՝ չեք կարող: Սա համակարգ է»:

Արամ Մանուկյանը դժգոհեց, որ պաշտոնյաների ապօրինի եկամուտների մասին տեղեկանք են ուղարկել դատախազություն՝ որեւէ արդյունք չի եղել, ընթացք չեն տալիս. «Հայաստանում առկա տնտեսությունից դեպի ստվեր է գնում տարեկան 1.5-2 մլրդ դոլար: Սա բյուջեի չափ է, նյո՞ւ թ է, թե՞ չէ, ո՞վ է զբաղվում սրանով: ՀՀ-ից ապօրինի գումար է դուրս գալիս, սա մարտահրավեր չէ՞ մեզ համար: Անցյալ տարի լոլիկ արտահանվել է 43 անգամ շատ քանակի, հանցագործություն կա տակը: Պանիր 6.5 անգամ ավելի շատ է արտահանվել, քան անցյալ տարի: Արտադրվել է նույնը, արտահանվել՝ շատ»:

Aram_Manukyan_3

Մարտի 1-ի հետ կապված Արամ Մանուկյանն ասաց, որ հարյուրավոր ժամ տեսանկարահանված նյութեր կան, բայց դրանք չեն տրվում փաստաբաններին եւ զոհերի ծնողներին: Հետո Արամ Մանուկյանը հրապարակեց, թե կառավարությունը, նույն դատախազությունն ինչ են պատասխանել Մարդու իրավունքների եվրոպական դատարանի՝ Մարտի 1-ի գործով. «Բառացիորեն գրված է՝ մահաբեր ուժը, որը կիրառվել է Մարտի 1-ի 9 զոհերի նկատմամբ, եղել է բացարձակապես անհրաժեշտ: Ի՞նչ անհրաժեշտության մասին է խոսքը: Այս հարցին պետք է դատախազությունը պատասխանի: Եթե այդպես է, ապա ովքե՞ր են կրակողները, ի՞նչ մոտիվացիայով է կատարվել: Եթե հայտնի չի ովքեր են կազմակերպիչները, հրահանգողները, ինչպե՞ս եք այդպիսի բացատրություն ուղարկել եվրոդատարանին: Պետք է հիմնավորել մահվան ուժ կիրառելու բացարձակ անհրաժեշտությունը»:

Իր ելույթի վերջում Արամ Մանուկյանն ասաց, որ Արթուր Դավթյանին չեն հավատում, որովհետեւ նա մտնում է համակարգ, իր պատվեր տվողներն են ամեն ինչ որոշելու, ուստի որոշել են չմասնակցել քվեարկությանը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930