Չինաստանի Սինզյան-Ույգուրյան ինքնավար տարածաշրջանի կենտրոնում՝Ուրումչի քաղաքում ընթանում է Մետաքսի ճանապարհի երկրների կանանց առաջին համաժողովը, որը կազմակերպվել է Չինաստան-Եվրասիա էքսպո-ցուցահանդեսի շրջանակներում:
Ֆորումին հրավիրված են Ֆրանսիայի, Ռուսաստանի, Զիմբաբվեի, Բանգլադեշի, Իրանի, Թայլանդի, Աֆղանստանի, Բելառուսի եւ այլ 19 երկրների 100 ներկայացուցիչներ: Պատվիրակություն կա նաեւ Հայաստանից, ընդ որում՝ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը հատուկ հյուրի կարգավիճակում է:

«Մետաքսի ճանապարհին կից երկրները հսկայական ներուժ ունեն համատեղ աջակցելու կանանց համար աշխատեղերի ստեղծմանը»,- ասաց Սինցզյանի կանանց կազմակերպության փոխնախագահ Հոու Հանմինը՝ հույս հայտնելով, որ այս համաժողովը կդառնա համագործակցության երկարաժամկետ մի մեխանիզմ:
Կարդացեք նաև

Հերմինե Նաղդալյանն ընդգծեց, որ ակտիվ կանայք պարտավոր են անել ամեն ինչ, որ նպաստեն կանանց ներհոսքին եւ դիրքեր զբաղեցնելուն տնտեսության մեջ, եւ որ այս ամենը պայմանավորված չլինի այն սահմանափակումներով, որոնք փոխպայմանավորված են «հանրության մեջ առկա գենդերային նախապաշարումներով ու հնացած ավանդույթներով»:
Հայաստանի ԱԺ փոխնախագահը կարեւորեց, որ հավելյալ միջոցներ ձեռնարկվեն խտրական գործոնների վերացման համար, որ «կանայք գործնականում հավասար հնարավորություններ եւ իրավունքներ ունենան իրենց պետություններում, ինչպես քաղաքականության, այնպես էլ տնտեսության մեջ ունենան առանցքային դիրքերում կարիերային աճի հնարավորություն»:

Ըստ նրա՝ Հայաստանում համարում են, որ ժողովրդավարական բարեփոխումների հաջողությունը ոչ քիչ չափով պայմանավորված է նաեւ կանանց դիրքորոշմամբ, նրանց մասնակցությամբ քաղաքական ու տնտեսական կյանքում. «Այժմ Հայաստանում ավելանում է միտումը, երբ կանայք ձգտում են համատեղել մասնագիտական ու ընտանեկան պարտականությունները: Հայաստանում կանայք կազմում են աշխատունակ բնակչության գրեթե կեսը»:
ԱԺ փոխնախագահը ելույթն ամփոփեց հույս հայտնելով, որ նման համաժողովները կունենան շարունակություն ու առիթ կընձեռեն բացահայտել կին գործարարների հնարավորությունները՝ Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու շրջանակներում:


















































