Լրահոս
Օրվա լրահոսը

«Գալուստ Սահակյանը հենց այդպես էլ հայտարարում է՝ չեմ դնելու ու վերջ». Փոստանջյանի նախագիծը մերժել են

Սեպտեմբեր 28,2016 15:37

Հարկային նոր օրենսգրքի քննարկման ժամանակ Ժառանգության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հիշեցրեց վարչապետ Կարեն Կարապետյանի խոսքերը, որ կառավարությունում կան պրիմիտիվ գողեր: Նա ասաց, որ փաստացի նրանցով պետք է զբաղվեն իրավապահ մարմինները. «Կառավարությունը նաեւ ժառանգել է այս Հարկային օրենսգրքի նախագիծը: Դուք այնքան շատ եք ՀՀԿ-ականներդ, որ կարող եք կողմ քվեարկել եւ ընդունել, ստանալ օրենսգրքի հետեւանքով գումարներ, որոնց շուրջ պայմանավորվել եք: Ձեր ամբողջ նպատակը դա է, բայց այս օրենսգիրքը խնդիրներին լուծում չի տալու: Մենք չունենք մրցակցային միջավայր, ժողովրդավարական ինստիտուտներ: Անհնար է մի օրենսգրքով մրցունակությունն ապահովել»:

Նա ասաց, որ ժողովրդի ապստամբելու իրավունքի իրացման վերաբերյալ հայտարարություն է պատրաստել, բայց թույլ չեն տալիս այն շրջանառության մեջ դնել. «Սա իրավունք է, որն ունենք նաեւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների հռչակագրին միանալով: Գալուստ Սահակյանը որոշել է հայտարարության նախագիծը չդնել շրջանառության մեջ: Հենց այդպես էլ հայտարարում է՝ չեմ դնելու ու վերջ: Եթե մի անձը վարչարարություն պետք է իրականացնի, ասի՝ չեմ դնելու, մեկը որոշի, ասի՝ այստեղ ես պետք է մտնեմ եւ ստուգումներ իրականացնեմ, դատարաններն էլ չեն աշխատում, ինչ տիպի վճիռ ասես կարող է ընդունել, հետեւաբար այլ ելք չի մնում, քան ապստամբելու իրավունքից օգտվելը: Իմ իրավունքն է հայտարարության նախագիծը դնել շրջանառության մեջ, կարող է այն չընդունվի, բայց իմ՝ օրենսդիրի իրավունքն է այն շրջանառել»:

Նա դժգոհեց, որ տնտեսվարողները իրենց գումարները նախընտրում են հարեւան Վրաստանում ներդնել, ավելի արդյունավետ շահույթներ ստանալ, քան մնալ եւ իրենց հայրենիքում աշխատել: Այդպես են կարգավորել տնտեսական միջավայրը ՀՀ-ում: Այս միջավայրում ուզում եք վարչապետ նշանակել, ուզում եք ձեր թիմից նշանակել, ուզում եք՝ փողոցից բերեք, տեսնում ենք, որ փողոցից բերված նախարարներ են նշանակում եւ ասում են, որ մենեջերներ են, ասեմ ձեզ՝ կառավարության նշանակումը մենատիրություն չէ, քաղաքականություն է: Դուք այսպիսի քաղաքականություն եք վարում: Անցել է 25 տարի, մենք իրավունք չունենք եւս մեկ անգամ 25 տարի կորցնել, մենք կորցնում ենք մեր պետականությունը: Դու ոչ միայն 1.5 մլն մարդկանց ես հանում դուրս, դու հանում ես այդ մարդկանց կապիտալը նաեւ: Մարդիկ մեծ հաճույքով ներդրումներ կանեին, կարիք չկար այդ անունով նախարարություն ստեղծեիր: Պետք է արդարություն ստեղծեիր, որ նրանք գային եւ ներդրումներ անեին: Այս օրենսգիրքը արդար պայմաններ չի ստեղծում, խրախուսում է անհավասարությունը»:

Նա հայտարարեց, որ Հայաստանում արդարություն չկա. «Եթե չկա արդարություն, ե՛ւ գումարներն են գնալու, ե՛ւ մարդիկ: Կամ էլ լինելու է այսպես՝ տեսանյութ նայեցի, Վարդենիսի երեխաները բողոքի ակցիա էին իրականացնում ընդդեմ նրա, որ իրենց դպրոցը չեն ցանկանում վերանորոգել: Մնում է այդ տարբերակը՝ դասադուլներ, ընդվզում, գործադուլներ, համատարած հարկերը չվճարել եւ այս համակարգի տապալում, նոր ժողովրդավարական համակարգի ստեղծում»:

Նա ողջունեց Վարդենիսի երեխաների ընդվզումը եւ կոչ արեց այդպես ընդվզել բոլոր ոլորտներում:

ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովն էլ հեգնեց՝ կառավարման արդյունավետության հետ կապված ասեմ, որ այսօր ձեր կուսակցությունում ստեղծված իրավիճակը լավագույն օրինակն է նրա, թե ինչպես պետք չէ կառավարել:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Սեպտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Օգո   Հոկ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930