Այսօր ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովում Զարուհի Փսստանջյանի հեղինակած «Մահացած զինծառայողների գործերի քննության թափանցիկությունն ու արդյունավետությունը ապահովելու, դրանք բացահայտելու նպատակով ժամանակավոր հանձնաժողով ստեղծելու» նախագծի քննարկումն անցավ թեժ մթնոլորտում:
Նախագիծը մեկ տարի առաջ դրվել էր քննարկման եւ հետաձգվել: Այսօր Զարուհի Փոստանջյանն ասաց, որ գրավոր առաջարկություններ պատգամավորներից չի ստացել եւ հորդորեց, որ եթե գաղափարին կողմ են, բոլոր տեխնիկական թերությունները պատրաստ է շտկել:


Կարդացեք նաև
Տիկին Փոստանջյանն ասաց, որ իրավապահ մարմինները չեն կարողացել իրականացնել իրենց գործառույթը, դրա համար խնդրել են իրեն, որ սա նախաձեռնի:
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Լեւոն Մարտիրոսյանն էլ ասաց՝ եթե իրավապահ համակարգին չեն վստահում, եկեք բոլոր սպանություններն էլ ընդգրկենք, ի՞նչ տարբերություն, ինչո՞ւ միայն սպանված զինծառայողների:
Զարուհի Փոստանջյանը պատասխանեց, որ սա սպանված զինվորների ծնողների պահանջն է առաջին հերթին. «Կան բազմաթիվ սպանության գործեր, որոնք չեն բացահայտվել, բայց դա համակարգային խնդիր է: Իսկ սա ուղղակի սպանություն չէ, երբ մեր տղաներին ուղարկում ենք զինծառայության, պետության պաշտպանության ներքո ենք իրենց դնում, եւ նրանք ծառայության մեջ են լինում: Երբ տեսնում ենք, որ բանակում սպանության դեպքերի թիվը իրոք ահազանգող է, եթե իրավապահ մարմինները այս գործերով բացահայտում չեն անում, ապա ճիշտ կլինի, որ ՀՀ ԱԺ-ն անի»:
Լեւոն Մարտիրոսյանը նաեւ հարցրեց. «Անընդհատ նշում եք, որ էս գումարման ընթացքում եք ուզում հարցին լուծում տալ, ինչո՞ւ, տրամաբանությունը չեմ հասկանում: Նոր Սահմանադրությամբ քննիչ հանձնաժողովներ են ստեղծվելու ապագա գումարման ԱԺ-ում»:
Զարուհի Փոստանջյանը պատասխանեց. «Հիմա մեր գործառույթների մեջ է, իսկ մյուս գումարման ժամանակ հավանաբար դուք այստեղ չեք լինի, պարոն Վահրամ Մկրտչյանն այստեղ չի լինի»:
Սա ՀՀԿ պատգամավորներին դուր չեկավ, սկսեցին հակադարձել՝ թե՞ վախենում եք, որ դուք այստեղ չեք լինի: Զարուհի Փոստանջյանն էլ պատասխանեց. «Չէ, ես համոզված եմ, որ դուք այստեղ չեք լինելու, հիմա ուզում եմ, որ դուք ձեր պարտքը կատարեք: Ես որտեղ էլ լինեմ, պատշաճ իմ գործառույթները կատարում եմ: Միգուցե եւ ես էլ չեմ լինի, ես չեմ վիճում, բայց կարեւորն այն է, որ դուք հաստատ չեք լինի, պարոն Մկրտչյանը՝ հատկապես»:
Հանձնաժողովի ՀՀԿ-ական անդամները հորդորեցին Զարուհի Փոստանջյանին նախագիծը չդնել քվեարկության: Սակայն նա մնաց անդրդվելի: Միայն Տիգրան Ուրիխանյանն ու Զարուհի Փոստանջյանը կողմ եղան, մյուսները՝ ձեռնպահ, նախագիծը մերժվեց:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ


















































