Ֆրանսիայի Սենատի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը դիվանագետ Արա Պապյանը համարում է հաջողություն, բայց խորհուրդ չի տալիս այն շատ գերագնահատել:
Հիշեցնենք, որ Ֆրանսիայի Սենատն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծը:
«Որովհետեւ թուրքերը դեռեւս պահպանում են սա սահմանադրական խորհրդում վիճարկելու հնարավորությունը, մյուս կողմից ցեղասպանության ժխտումը Շվեյցարիայում էլ կա, բայց եթե հիշում եք՝ Փերինչեքն ընդդեմ Շվեյցարիայի դատական գործի մեջ ասվում էր՝ երբ սահմանափակում ես արտահայտվելու նույնիսկ ժխտելու իրավունքը, սահմանափակում ես խոսքի իրավունքը, այնպես որ չգիտենք այս ամենն ինչով կվերջանա: Բացի սա, ամենակարեւորը՝ կրկնելով, որ այս օրինագծի ընդունումը հաջողություն է՝ միաժամանակ ես կարծում եմ՝ իրական հաջողություններն այն ժամանակ կսկսվեն, երբ մենք սկսենք հատուցումներ ստանալ»,- նման կարծիքի է Արա Պապյանը:

Կարդացեք նաև
Պարոն Պապյանը օրինագծի ընդունումը չի համարում հայ դիվանագիտության աշխատանքի արդյունք. «Սա Ֆրանսիայի ներքին իրավիճակին վերաբերող հարց է, սա մեր դիվանագիտության շնորհքը չէ: Սա հայկական ծագումով Ֆրանսիայի քաղաքացիների դերակատարությունն է: Թուրքերն էլ առանձնապես մեծ լծակներ չունեին տապալելու օրինագիծը: Կարող ենք ասել, որ օրինագծի ընդունումն իրենց համար անհաջողություն է, բայց Ֆրանսիայում, այսպես թե այնպես, ճանաչումը կար, Ֆրանսիան այն երկրներից է, որ ավանդաբար արտահայտվել ու տարբեր դրսեւորումներով վերահաստատել է ցեղասպանության վերաբերյալ իր դիրքորոշումը, հիմա լրիվ այլ խնդիրներ պետք է դրվեն»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































