Լրահոս
Օրվա լրահոսը

«Հաճույք ստանալու համար խորհուրդ չէի տա վարկ վերցնել»

Նոյեմբեր 11,2016 14:30

ՀՀԿ-ական Հակոբ Հակոբյանը թոշակառուներին, անապահովներին
հորդորում է Նոր տարվա համար վարկ չվերցնել, ամաչելու ոչինչ չկա

2017-ի բյուջեով կենսաթոշակները, աշխատավարձերը, նպաստները չեն ավելանալու: «Առավոտը» ԱԺ սոցիալական հարցերի հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանին հարցրեց՝ ի՞նչ խորհուրդ կտաք այն թոշակառուներին, որոնց թոշակը 20-30 հազար դրամ է, բայց նվազագույն կենսապահովման զամբյուղն էլ կազմում է 100-120 հազար դրամ՝ հաշվի առնելով, որ մարդու նորմալ կենսագործունեության ապահովման համար անհրաժեշտ է 2100 կկալ էներգիա:

Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Ես նրանց խորհուրդ չեմ կարող տալ: Ես կարծում եմ՝ ԱԺ-ի իմ ելույթներում հստակ ասում եմ՝ ինչ պետք է արվի, որ չգնանք կենսաթոշակառուին խորհուրդ տանք, թե ինչպես պետք է ապրի»:

Նա ասաց, որ դրա համար կան տնտեսական գործիքներ, որոնք պետք է կիրառել, ոչ թե գնալ թոշակառուներին խորհուրդ տալ, թե ինչպես գոյատեւեն, ինչ խնայողություններ անեն:

Մեր դիտարկմանը՝ ունենք այն, ինչ ունենք, այսօր շատ թոշակառուներ կան, որոնք 20 հազար դրամ կենսաթոշակ են ստանում, որը նվազագույն կենսապահովման զամբյուղը չի ծածկում, հաշվի առնելով, որ առջեւում Նոր տարի է, հազարավոր ծախսեր՝ ինչպե՞ս անեն, Հակոբ Հակոբյանը պատասխանեց. «Անկախ Նոր տարուց՝ այսօր ունենք կենսաթոշակառուներ, որոնք իրոք սոցիալական ծանր վիճակում են: Բայց նրանց համար ունենք նախատեսված այլ ծրագրեր՝ ընտանիքների օգնության ծրագիրը, բաժանված մինչեւ 18 տարեկան երեխա ունեցող եւ 18 տարեկանից բարձր երեխա ունեցողների համար ծրագրեր: Այսինքն՝ մենք ունենք ծրագրեր, որ այն քաղաքացիները, որոնք սոցիալապես վատ վիճակում են այդ պահին գտնվում կամ անապահով վիճակում, նրանց օգնության հասնենք: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ունի նաեւ իրային օգնության ծրագրեր, մշտական օգնության ծրագրեր եւ ժամանակավոր օգնության ծրագրեր, որ ինչ-որ մի պահի դժվար իրավիճակում հայտնվելու դեպքում ընտանիքին համապատասխան օգնություն են ցույց տալիս»:

Մեր հարցին՝ երբ ալկոհոլային խմիչքի ակցիզային հարկը բարձրանում էր, Դուք ասացիք՝ թող քիչ խմեն, հարբեն, իսկ երբ խոսքը պարենային անհրաժեշտ ապրանքների մասին է, Դուք ունե՞ք խնայողություն անելու Ձեր մոտեցումը, մարդիկ ի՞նչ անեն: Հակոբ Հակոբյանը պատասխանեց, որ ամենամեծ խնայողությունը ցածր գնաճն է, իսկ 2017-ի բյուջեի մեջ դրա համար դրված է բավականին ցածր գնաճ. «Ունենալով աղքատության բարձր ցուցանիշ՝ պետական քաղաքականությունն ուղղորդված է հետեւյալում՝ առաջինը գնաճ չունենալ, որպեսզի աղքատներն էլ ավելի վատ վիճակի մեջ չընկնեն, երկրորդը՝ այն քաղաքացիները, որոնք վատ վիճակի մեջ են, նրանց կարողանալ ընտանեկան նպաստի ծրագրով, այլ ծրագրերով օգնել, որ դուրս գան այդ վիճակից, երրորդը՝ տնտեսությունը զարգացնել, որպեսզի աղքատությունը պակասեցնենք: Սա է մեր քաղաքականությունը, եւ դա մենք անում ենք»:

Հակոբ Հակոբյանը մարդկանց խորհուրդ տվեց Նոր տարի նշելու համար վարկ չվերցնել. «Ես չէի վերցնի»: Մենք ճշտեցինք՝ ժամանակը չէ՞ սեղանին բուդ դնելու սովորույթից հրաժարվել, ի՞նչ անել, որ մարդիկ չամաչեն, երբ իրենց տանը հյուր է գալիս, Հակոբ Հակոբյանն արձագանքեց. «Ամաչելու ոչինչ չկա: Կյանքին պետք է նայել իրատեսորեն՝ իրական աչքերով, այն, ինչ կա: Ինչ որ դու վաստակել ես, ինչ դու աշխատել ես, դու դրա տերն ես: Վարկը պարտք է, պարտքը եթե դու վերցնում ես հաճույք ստանալու համար, ես նման խորհուրդ ոչ մեկին չէի տա»:

Հակոբ Հակոբյանը հորդորեց վարկ վերցնել ձեռնարկատիրական գործունեություն սկսելու համար. «Հաճույք ստանալու համար խորհուրդ չէի տա վարկ վերցնել»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ»

10.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930