Այսօր Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում «Նոր Հայաստան» միավորման անդամ, քաղաքացիական ակտիվիստ Գեւորգ Սաֆարյանի գործով դատական նիստի ընթացքում հարցաքննվեց «Նոր Հայաստան» շարժման աջակից, գործով վկա Սեւակ Մանուկյանը:
Մինչ այդ, երբ Գեւորգ Սաֆարյանին կալանավայրից բերեցին դատարանի դահլիճ, ներկաները բուռն ծափողջույններով եւ «Գեւորգ, Գեւորգ» վանկարկումներով դիմավորեցին նրան:
Հարազատները Գեւորգի հետ կատակեցին, թե ինչու չես գալիս տուն գնանք, ինչ-որ շատ երկար չմնացի՞ր: Գեւորգ Սաֆարյանն էլ հուսադրեց, որ շուտով գալու է:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 31-ին շարժման անդամները տոնածառի հանդերձանքով փորձել էին մտնել Ազատության հրապարակ եւ միջադեպ էր եղել ոստիկանների ու քաղաքացիների միջեւ: Գեւորգ Սաֆարյանը կալանավորվել էր՝ ոստիկան Գեղամ Խաչատրյանին հարվածելու եւ վնասվածք պատճառելու մեղադրանքով:
Վկան դատարանում պատմեց մի դրվագ, որը իր նախաքննական ցուցմունքում չի ասել: Սա դատարանի զարմանքն առաջացրեց:
Սեւակ Մանուկյանը պատմեց, որ երբ իրեն հարվածել են, որի հետեւանքով ուշագնաց է եղել, ուշքի գալուց հետո հիվանդանոց է գնացել: Պարզվել է, որ հետազոտության համար 80 հազար դրամ են ուզել, ինքը չի կարողացել վճարել եւ մոտ 1 ժամ անց հիվանդանոցից դուրս է եկել: Վկայի խոսքերով՝ հիվանդանոցից դուրս գալիս հանդիպել է ոստիկան Գեղամ Խաչատրյանին եւ ասել՝ տեսա՞ր տղաներդ ինչ արեցին: Սեւակ Մանուկյանի խոսքերով՝ Գեղամ Խաչատրյանն իրեն պատասխանել է՝ «Լավ են արել, խփել են, քիչ ա»: Վկան այս խոսքերը մեջբերելուց հետո ասաց՝ իր դեմքին ես մարմնական վնասվածք չեմ տեսել:
Դատավորը հարցրեց՝ ինչո՞ւ ասացիք, որ Գեղամ Խաչատրյանի դեմքին վնասվածք չկար, ձեզ ոչ մեկը չհարցրեց՝ վնասվածք կար, թե չկար, նա գլխարկով էր, թե ինչ էր: Սեւակ Մանուկյանը պատասխանեց, որ գիտի, թե Գեւորգ Սաֆարյանն ինչի համար է կալանավորվել, դրա համար նախապես պատասխանեց:
Մեղադրող կողմը, ինչպես նաեւ դատավորը հայտարարեցին, որ վկայի նախաքննական ցուցմունքի հետ էական հակասություններ կան: Դեպքից հետո նախաքննական ցուցմունքում նա քննիչի հարցերին պատասխանելիս չի ասել, որ հանդիպել է Գեղամ Խաչատրյանին, իր դեմքին վնասվածք չի եղել: Վկան էլ պնդեց, թե ինքն ասել է, ուղղակի կարող է քննիչը չի արձանագրել, կամ էլ այդ նույն միջադեպի շրջանակներում ինքը տուժող է ճանաչվել, հնարավոր է այդ ժամանակ իր ցուցմունքում է ասել:
Դատավորի որոշմամբ՝ հրապարակվեց նաեւ վկայի նախաքննական ցուցմունքը, որտեղ նա պատմում է, թե ինչպես է ոստիկանության մայորն իր պարանոցից սեղմել եւ ասել. «Բոլորի վերջը վատ է լինելու»:
Ինչպես տեղեկացրել ենք, դատավորը թույլ չէր տվել որ Հովհաննես Ղազարյանն այս գործով դատարանում ցուցմունք տա, քանի որ նա «Սասնա ծռեր» խմբի կողմից ՊՊԾ գունդը գրավելու գործով կալանավորված է եւ նրա շփումը լրագրողների հետ արգելվում է:
Այսօր Գեւորգ Սաֆարյանի պաշտպանն ասաց, որ նա կարեւոր վկա է եւ գործի համար նրան հարցաքննելը շատ կարեւոր է: Նա անմիջապես ոստիկանների եւ Գեւորգ Սաֆարյանի մեջտեղում է եղել եւ նրա ցուցմունքը էական է:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ