2006 թ. դեկտեմբերի 10-ին Արցախի ողջ տարածքում կայացավ հանրաքվե, և ընդունվեց երկրի Մայր օրենքը՝ Սահմանադրությունը: Սակայն 25 տարի առաջ արցախցին արդեն արտահայտել էր իր կամքը և հանրաքվեի արդյունքում հռչակել իր անկախությունը:
Մինչ Սահմանադրության ընդունումը, իհարկե, երկրում գործում էին օրենքներ, որոնք կանոնակարգում էին հարաբերությունները հասարակական-քաղաքական կյանքում։ Բայց ժամանակի հետ հասունացավ անհրաժեշտություն՝ ունենալ Սահմանադրության, որի ընդունման 10 ամյակի առթիվ Քաշաթաղի շրջանի մի շարք դպրոցներում տեղի ունեցան բաց դասեր: Դրանք անցկացրեցին շրջվարչակազմի աշխատակիցներն ու պատմության ուսուցիչները:
Շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանի և աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի առաջատար մասնագետ Արմեն Պետրոսյանի հետ այցելեցի Բերձորի Վահան Զատիկյանի անվ. թիվ 2 միջն. դպրոց (տնօրեն՝ Հ. Արզանյան): Կրթօջախն այս տարի տոնեց հիմնադրման 20 ամյակը:

Կարդացեք նաև

Հատկապես անդրադարձավ երկրի կառավարման ձևին, որ այսուհետ Արցախում ընդլայնվում է Նախագահի լիազորությունը: Երկրի կառավարման ձևում փոփոխություն իրականացնելու անհրաժեշտությունը հասունացել է վաղուց, քանի որ մեր երկիրը գտնվում է պատերազմական դրության մեջ: Իսկ ապրիլյան պատերազմն առավել համոզեց, որ ուժեղ ու միասնական գործադիր իշխանությունն է ունակ արտակարգ իրավիճակներում գործել օպերատիվ:
Իհարկե, պետական կառավարման այս ձևը ոչ միանշանակ է ընդունվում շատերի կողմից՝ կապված իշխանության գերկենտրոնացման հնարավորության հետ։ Սակայն նոր Սահմանադրության նախագծում նշված է, որ գործելու է հակակշռման մեխանիզմ:

Նույն օրը Բերձորի Վ. Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցի 8-12-րդ դասարանցիների համար ԼՂՀ սահմանադրության օրվան նվիրված դաս էր նախաձեռնել շրջվարչակազմի աշխատակազմի կրթության և սպորտի բաժնի վարիչ նույն դպրոցի պատմության ուսուցչուհի Վարդուշ Մովսիսյանը: Ներկա էին դպրոցի տնօրեն Անահիտ Քոսակյանը, փոխտնօրենը, ուսուցիչներ: Աշակերտները մեծ ոգևորությամբ մասնակցում էին սահմանադրական քննարկումներին:
Նշվեց, որ դեկտեմբերի 10-ը Արցախում նշանավորվում է նրանով, որ հենց այդ օրը՝ 25 տարի առաջ, անցկացվեց Լեռնային Ղարաբաղի անկախության հռչակման հանրաքվեն, որի արդյունքում ընտրողների 99,8%-ը կողմ քվեարկեց Արցախի անկախությանը: Եվ 15 տարի անց հանրաքվեի արդյունքում 77 հազ. 279 քաղաքացի կողմ քվեարկեց ԼՂՀ Սահմանադրության ընդունմանը: Դեկտեմբերի 10-ը նաև Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրն է, այսինքն՝ եռատոն է:
Ընդունված Սահմանադրությամբ ամրագրվեց, որ պետական իշխանությունը Ղարաբաղում իրականացվում է այն տարածքում, որը փաստացի գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իրավասության տակ։
Դասին մասնակից եղան նաև աշակերտները՝ ներկայացնելով միջնադարում և հետագայում Հայոց կյանքում ստեղծված իրավական փաստաթղթերը, որոնք համազոր են եղել սահմանադրությանը:
Զոհրաբ ԸՌՔՈՅԱՆ


















































