Լրահոս
Օրվա լրահոսը

Ովքե՞ր են իսկական ընդդիմադիրները

Դեկտեմբեր 11,2016 12:00

Ինչքան ավելի են մոտենում Հայաստանի Ազգային ժողովի ընտրությունները, այնքան ավելի անորոշ են դառնում այդ ընտրությունների հետ կապված քաղաքական ուժերի հարաբերությունները: Ասածս հիմնականում վերաբերում է ընդդիմությանն ու ընդդիմադիր ուժերին, եթե, իհարկե, կարելի է մեր այսօրվա ընդդիմադիր միավորումներն ու միավորները «ուժեր» անվանել: Ինչպես էլ անվանենք, նրանք փաստացի գոյություն ունեն, եւ ինչպես էլ անվանենք, նրանցից որոշներն, ըստ ամենայնի, տեղ են ունենալու նաեւ մեր հաջորդ Ազգային ժողովում:

Դա է պահանջում ժողովրդավարությունը: Ինչքան էլ մեր իշխանությունները մեր ընդդիմադիրներին չսիրեն, միեւնույն է՝ մեր ընդդիմադիրները մեր խորհրդարանում վերստին որոշակի քանակությամբ տեղեր են զբաղեցնելու՝ անկախ նրանից, թե այս անգամ մեր ընդդիմադիրներն ինչպիսի նախընտրական դաշինքներ կկազմեն:
Մեր քաղաքագետներից ու քաղտեխնոլոգներից շատերը գտնում են, որ հիմա մեր ընդդիմությունն այնքան թույլ է, որ ի վիճակի չէ ընտրությունների տոկոսային շեմը հաղթահարել: Ընդդիմադիրներն, իհարկե, ինչպես միշտ, հակառակ կարծիքի են: Նրանք համոզված են, որ ազատ, արդար ու թափանցիկ ընտրությունների դեպքում իրենք կհաղթեն՝ մանավանդ ընդդիմադիր դաշինքով հանդես գալու պարագայում:
Չենք ուզում վիճարկել, թե այս կարծիքներից որն է իրականությանն ավելի մոտ, բայց որն էլ մոտ լինի՝ ակնհայտ է, որ ընդդիմությունն ինչքան էլ քիչ ձայն հավաքի, միեւնույն է՝ ապագա Ազգային ժողովում պարտադիր ու որոշակի տեղեր է ունենալու:

Որովհետեւ ժողովրդավարություն է, եւ եթե ընդդիմությունն Ազգային ժողովում ներկայացված չլինի, ոչ միայն մեր ընդդիմությունը, այլեւ ողջ աշխարհը կաղաղակի, որ Հայաստանում ժողովրդավարություն բացարձակապես գոյություն չունի: Ասածիցս կարելի է ենթադրել, որ եթե մեր ընդդիմադիրներն Ազգային ժողովի ընտրություններում ձայների պահանջված տոկոսը չապահովեն, մեր իշխանություններն իրենցից կախված ամեն ինչ կանեն, որպեսզի մեր ընդդիմադիր միավորներից մի քանիսն այդ պահանջված եւ պարտադիր ձայներն ստանան ու թափանցեն Ազգային ժողով: Աբսուրդ է, բայց՝ միանգամայն հնարավոր:

Ասածիցս, իհարկե, չի կարելի ենթադրել, որ եթե այս պահի դրությամբ Հայաստանում անցկացվեն ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ, ընդդիմությունը ձայն չի հավաքի: Կհավաքի, այն էլ՝ շատ, բայց հնարավոր է, որ այդ շատ ձայներով մեր ընդդիմադիրները չհաղթահարեն ձայների անցողիկ շեմը: Որովհետեւ մեր ընդդիմադիրները չափազանց շատ են, եւ հնարավոր է, որ եղած ու գոյություն ունեցող ձայները բոլորին չհերիքեն: Բայց ասացինք նաեւ, որ ընդդիմությունը պարտադիր պիտի ներկայացված լինի Ազգային ժողովում, որովհետեւ Հայաստանում ժողովրդավարություն է՝ համաձայն նաեւ նոր Սահմանադրության: Ասածս չի նշանակում, թե Հայաստանում տեղի կունենան ազատ, արդար ու թափանցիկ ընտրություններ: Եթե այդպիսիք տեղի ունենան, հնարավոր է, որ գալիք Ազգային ժողովում մեր այս՝ թեկուզեւ թույլ ընդդիմությունը մեծամասնություն ունենա: Որովհետեւ մեր ընտրողներից շատերը մեր թույլ ընդդիմադիրներին նախընտրում են մեր իշխանություններից:

Բայց, ըստ ամենայնի, այս ընտրությունների ընթացքում էլ է ղեկը լինելու իշխանությունների ու իշխանական կուսակցության ձեռքին: Եվ իշխանություններն ու իշխանական կուսակցությունը ոչ միայն Ազգային ժողովում իր տեղերի քանակն է որոշելու, այլեւ ընդդիմադիրներինը, եւ ինչքան էլ ընդդիմությանը չսիրի, նրանց որոշակի քանակությամբ տեղեր է հատկացնելու: Ինքը կորոշի՝ ում կհատկացնի: Ում որ ավելի քիչ չի սիրում, նրանց էլ կհատկացնի: Ում որ ավելի քիչ չի սիրում, նրանց կհավաքի իրար գլխի, դաշինք կազմել կտա եւ էդպես դաշինքով Ազգային ժողով կմտցնի: Եթե, իհարկե, արտակարգ ոչինչ չպատահի, եւ իրավիճակն, ինչպես միշտ, ինքը տնօրինի: Այդ դեպքում, ինչպես միշտ, մենք ականատեսը կլինենք ընդդիմադիր կուսակցությունների ու դաշինքների միջեւ անողոք նախընտրական պայքարի, որն, ինչպես միշտ, կուղեկցվի ամենաթունդ անվանարկումներով ու պախարակումներով, եւ, ինչպես միշտ, մեկը մյուսին կեղծ ընդդիմություն կհռչակի, իսկ ինքը իրեն՝ միակ ու անկեղծ ընդդիմություն: Իսկ թե նրանցից ում բաժին կհասնեն խորհրդարանական տեղերը՝ կիմանանք ընտրություններից հետո: Բայց որ ընդդիմադիրներն, ինչպես միշտ, Ազգային ժողովում որոշ տեղեր կունենան, դա հաստատ է: Հաստատ է նաեւ, որ խորհրդարանում հայտնված ընդդիմադիրները պարբերաբար համարձակ ու սուր ելույթներ կունենան գործող իշխանությունների դեմ, երբեմն՝ չափազանց համարձակ եւ չափազանց սուր: Եթե այդպես չլինի, շատ անհետաքրքիր կլինի: Նաեւ՝ իշխանությունների համար: Եվ եթե այդպես չլինի, Հայաստանում ժողովրդավարություն չի լինի: Եվ եթե այդպես չլինի, դժվար է ասել՝ ինչպես կլինի:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ

«Առավոտ»

10.12.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Դեկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Նոյ   Հուն »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031