Դերասան Հայկ Մարությանի ֆեյսբուքյան ասուլիսից հետո դերասան Մկրտիչ Արզումանյանի և Հայկ Մարությանի (Կարգին Մկո-Հայկո) տարաձայնությունների շուրջ հանրության շրջանում եղած հարցականներն ավելի շատացան: Պատճառն այն է, որ այդ ասուլիսից հետո ինստագրամում գրառմամբ հանդես եկավ Մկրտիչ Արզումանյանը ու ըստ էության անուղղակիորեն ստախոսության մեջ մեղադրեց Հայկ Մարությանին:
Հիշեցնենք, որ ֆեյսբուքյան ասուլիսի ընթացքում Հայկ Մարությանը հայտարարել էր, որ «շուրջ մեկուկես տարի առաջ մեկն ինձ հետ եկել էր հանդիպման, որ գովազդ էր առաջարկում՝ Կարգին Մկոյի և Հայկոյի մասնակցությամբ, ես իմ հավանությունը տվեցի, բայց գովազդն այդպես էլ չիրականացավ»:
Այս առիթով Մկրտիչ Արզումանյանն ինստագրամում գրել է. «Իսկ ո՞վ և ի՞նչ է առաջարկել, որ մերժել եմ: Նման առաջարկ չի եղել: Այդ ինֆորմացիան չի համապատասխանում իրականությանը: Շատ բաներ իրականության հետ կապ չունեն»:
Կարդացեք նաև
Առանձին հանդես գալու մասին` հետևորդների հարցին ի պատասխան Մկրտիչ Արզումանյանը գրել է. «Առանձին աշխատելու ժամանակը եկավ: Շատ անսպասելի էր, բայց եկավ: Այդպես ստացվեց: Կյանք է, ամեն ինչ լինում է Բայց նման առաջարկ իրոք չի եղել: Ես կհիշեի հաստատ…Եկամուտն ինձ համար կապ չունի: Մարդս մարդ լինի: Մնացածը երկրորդական է»:
Aravot.am-ը կապ հաստատեց Հայկ Մարությանի հետ: Մեր այն դիտարկմանը, թե փաստորեն Մկրտիչ Արզումանյանն ակամայից իրեն մեղադրել է ստախոսության մեջ, դերասանն այսպես արձագանքեց. «Չեմ կարծում, որ ինքն ուզել է ինձ ստախոսության մեջ մեղադրել: Ես բոլոր իմ խոսքերի համար հարյուր տոկոսանոց պատասխանատու եմ և ճշմարտություն եմ ասել ու կարող եմ ապացույցներ բերել: Ես ընդհանրապես այդպիսի սկզբունք ունեմ, եթե մի բան հայտարարում եմ, հարյուր տոկոսով հիմնվում եմ միայն փաստերի վրա: Երբ ունենում եմ ապացույցներ, այդ ժամանակ էլ հայտարարություն եմ անում»:
Հայկ Մարությանը պնդեց ու կրկին հաստատեց, որ ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ արված հայտարարությունը, թե իրեն ու Մկրտիչ Արզումանյանին գովազդ են առաջարկել, հարյուր տոկոսանոց ճշմարտություն է, այնուհետև մանրամասնեց. «Եթե ինչ-որ մարդիկ չեն հիշում դա կամ կան մարդիկ, որ մտածում են, որ նման բան չի եղել, կարող են անձամբ կապնվել ինձ հետ, իրենց մեծ հաճույքով կմանրամասնեմ թե որ ընկերությունն է առաջարկել գովազդը, ով է բանակցել և անգամ մեր ընդհանուր ընկերոջ անունը, ով տեղյակ է այդ բանակցություններից»: Հայկ Մարությանին խնդրեցինք անուններ հնչեցնել, նա ասաց, որ չի կարող ասել ընկերության անունը, քանի որ գովազդ կստացվի:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ





















































